Գավաթ (մ․թ․ա․ 22-21-րդ դարեր, Քարաշամբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավաթ (այլ կիրառումներ)
Գավաթ
'
նյութարծաթ
բարձրություն13.2
լայնություն10.6
խորություն5.5
ստեղծվել էմ. թ. ա. 22-21-րդ դար

Գավաթ (անգլ.՝ Goblet), մ. թ. ա. 22-21-րդ դարերում Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում հայտնաբերված հնագիտական գտածո, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2867-1 համարի ներքո։

Գավաթը 1987 թվականին հայտաբերել է Վահան Հովհաննիսյանը[1] Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրի միջին բրոնզեդարյան իշխանական մի դամբարանից կատարած հերթական պեղումների ժամանակ[2][3]։ Արծաթե դրվագազարդ գավաթը հայտնաբերվել է «արքայական» դամբարանում թաղման հարուստ գույքի հետ միասին։ Այն հինարևելյան պատկերագրության անկրկնելի նմուշ է և բացառիկ նշանակություն ունի միջին բրոնզեդարյան Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին պատկերացում կազմելու հարցում։ Այն վկայում է տեղաբնիկների մետաղի մշակման և կիրառական արվեստում ունեցած բացառիկ առաջընթացի մասին։ Գավաթի առկայությունն ապացուցում է, որ տարածաշրջանը լուրջ արտադրական և մշակութային կենտրոն է եղել և սերտ կապեր է ունեցել խեթական աշխարհի և Միջագետքի կենտրոնների հետ[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավաթն ունի վեց հորիզոնական դրվագազարդ գոտիներ, որոնց վրա ներկայացված է հնագույն հնդեվրոպական առասպելական սյուժե։ Գավաթի իրանը գլանաձև է` պատրաստված արծաթյա թիթեղից դրվագման եղանակով։ Այն հարդարված է բազմաֆիգուր, սյուժետային ամբողջություն կազմող քանդակազարդ վեց ֆրիզներով[5]։

Առաջին ֆրիզի գլխավոր տեսարանը վարազի որսն է, որի ուսին խրված է որսորդի արձակած նետը։ Աջ ոտքին ծնկած որսորդը լարել է աղեղը կրկին նետահարելու համար։ Վիրավոր վարազի առջևից առյուծն է, ետևից` ընձառյուծը։ Նրանց հետևում են մեկընդմեջ շարք կազմած առյուծները և ընձառյուծները։ Որսորդի ետևում կանգնած է շունը` վզին թոկ կապած[5]։

Երկրորդ ֆրիզի վրա ներկայացված են սյուժետային երեք տեսարան` ծիսական արարողություն, զինված ընդհարում և պարտված հակառակորդի գերեվարություն։ Առաջին տեսարանի գլխավոր գործող անձը գահին բազմած թագավորն է (աստված)։ Նրա դիմաց զոհասեղաններ են` վրան ծիսական անոթներ և արարողությանը սպասավորող քրմեր։ Քրմերը դեպի զոհասեղանն են բերում արու եղջերուին, որի փորի տակ պատկերված կիսալուսինը ընդգծում է նրան, որպես զոհաբերվողի։ Ծիսական այս արարողությունը լրացնում են «թագավորի» թիկունքին հովհարներ պահած երկու ծառա և քնարահար նվագածուն։ Արարողության նպատակն էր հաղթանակ հայցել հակառակորդի դեմ ուղղված կռվում, որը ներկայացված է նիզակակիրների և սուսերակիրների մարտի պատկերներում[5]։

Երրորդ սյուժեն նիզակակիրների հաղթական երթի տեսարանն է։ Նրանց առջևից քայլում է զինաթափած գերին։ Երրորդ ֆրիզի կենտրոնական անձը նույնպես թագավորն է` բազմած գահին, ձեռքին սակր, գլխավերևում` արև խորհրդանշող սկավառակ, որը ընդգծում է նրա աստվածային ծագումը։ Նրա առջևում ռազմավարի և թշնամու գլխատած գլուխների պատկերն է։ Ձախից` պարտված «թագավորի» զինաթափման, աջից` նրան ուղղված հարվածի տեսարանն է։ Պատկերված է նաև հանդերձյալ աշխարհ ուղևորվող գլխատված թշնամիների շարքը։ Անդրշիրիմյան աշխարհը սահմանազատված է առասպելական Անզուդի ալլեգորիկ պատկերով։ Ֆանտաստիկ այս էակը հին շումերա-աքադական առասպելաբանության մեջ առնչվում էր պատերազմի և անդրշիրիմյան աշխարհի հետ։ Ալլեգորիկ երկրորդ պատկերը ներկայացնում է այծին հոշոտող առյուծին` իբրև հաղթանակի և հզորության խորհրդանիշ[5]։

վրա հակառակորդի զինաթափման և գլխատման, գրաված ավարի տեսարաններն են։ Պատկերված է առասպելական Անզուդի ալլեգորիկ պատկերը։ Ֆանտաստիկ այս էակը հին շումերա-աքադական առասպելաբանության մեջ առնչվում էր պատերազմի և անդրշիրիմյան աշխարհի հետ։ Ալլեգորիկ երկրորդ պատկերը ներկայացնում է քարայծին հոշոտող առյուծին՝ խորհրդանշելով հաղթողի հզորությունը։

Չորրորդ ֆրիզին պատկերված են իրար ետևից դեպի ձախ ընթացող առյուծների և ընձառյուծների շարք[5]։

Հինգերորդ ֆրիզը սրածայր ծաղկաթերթերից կազմված վարդյակ է՝ բաղկացած 38 թերթիկներից[5]։

Գավաթի ոտքը բոլորող վեցերորդ ֆրիզի վրա պատկերված է միայնակ առյուծ և նրա ետևում առյուծների և ընձառյուծների 4 զույգ[5]։

Գավաթի զարդահարդարման մեջ առկա առյուծների և ընձառյուծների հաճախակի կրկնվող պատկերները կապված են հնդեվրոպական առասպելաբանության հնագույն սիմվոլիկայի հետ, ըստ որի առյուծը և ընձառյուծը հանդես էին գալիս իբրև թագավորի կրկնապատկեր խորհրդանիշեր։

Գավաթի մակերեսին պատկերված են 25 մարդկային, 36 կենդանու ֆիգուրներ և 60-ից ավելի զանազան առարկաներ։ Վերջիններից ամենամեծի չափը չի գերազանցում 30 մմ։ Քանդակագործին հաջողվել է հստակորեն պատկերել այնպիսի մանրամասներ, ինչպես առյուծների բաշը, մարդկանց ձեռքի մատները, աչքերի խնձորակները, հագուստի ծոպերը, կոշիկների ներբանները, զենքերի տեսակները, անոթների զարդահարդարումը և այլն։

Գավաթը կարևոր տեղեկատվություն է պարունակում ժամանակաշրջանի հասարակության սոցիալական հիերարխիայի, նյութական և հոգևոր մշակույթի մասին[5][6]։

Այլ ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարաշամբի գավաթը ցուցադրվել է աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Մոսկվայի Ռուսաստանի պատմության, Ֆրանսիայի Նանտի, Առլիի, Հունգարիայի պատմության, Իրանի ազգային թանգարաններում և այլուր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավետիսյան Պ., Փիլիպոսյան Ա., Ոսկին հայ միջնադարյան աշխարհընկալման համակարգում, Հին Հայաստանի ոսկին, Երևան, «Գիտություն», 2007, էջ 59-69։ Gold in the System of Medieval Armenian World Perception (in Armenian):
  • Оганесян В., Серебряный кубок из Карашамба, 1988.
  • Куфтин Б. А., Археологические раскопки в Триалети, Тбилиси, 1941.
  • Армения легенда бытия, Москва, 2016.(каталог)
  • Armenian master silversmiths, Osep Tokat, Los Angeles, 2005.(catalog)
  • Armenia and Iran. Memory of the Land, History museum of Armenia, National museum of Iran, Research Institute for Cultural Heritage and Tourizm, 2017. (catalog)
  • Beyond Babylon: Art, Trade and Diplomacy in the second millenium BC, The Metropolitan museum of art, New York, 2008. (catalog)
  • Au Pied du Mont Ararat. Splendeurs de l'Arme°nie Antique: Muse°e de l'Arles et de la Provence Antiques, Arles, 2007. (catalog)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մի ցուցանմուշի պատմություն. Քարաշամբի գավաթը՝ հին արևելյան կիրառական արվեստի գլուխգործոցը - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  2. «Քարաշամբ՝ բրոնզե դարի եզակի հուշարձան. երբ մեռյալները խոսում են (ֆոտոռեպորտաժ)». news.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  3. «Ռուսաստանի պատմության պետական թանգարանում բացվել է Հայաստանին նվիրված ցուցահանդես». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  4. «Պատմության խոսուն վկաները. Քարաշամբի քառասունդարյա գավաթը – ՀՊԹ». historymuseum.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  6. «Քարաշամբի գավաթը». armarchaeology.blogspot.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկին հայ միջնադարյան աշխարհընկալման համակարգում, Հին Հայաստանի ոսկին, Երևան, «Գիտություն», 2007, էջ 59-69։ Gold in the System of Medieval Armenian World Perception (in Armenian).
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM