Առաջին ստեղծագործությունները լույս են տեսել «Երախայրիք Ներսիսյան դպրոցի» (1828) ժողովածուում։ «Իմ նշանածն Արագն ա» և «Ազգային հարսանիք» (երկուսն էլ՝ «Կռունկ Հայոց աշխարհի», 1861) չափածո պիեսներում արտացոլված են հասարակական կյանքի բացասական գծերը, ազգային-կենցաղային սովորույթներն ու ծեսերը։ «Ասրի բեկ և Դիքի» («Կռունկ Հայոց աշխարհի», 1862, № 1, 1863) պիեսում շոշափել է բռնակալության դեմ պայքարի գաղափարը։ Շերմազանյանի դրամատուրգիայում հատկապես ուշագրավ է «Նկարագրությունք ինչ-ինչ գործոց Կարապետի եպիսկոպոսի վիճակավոր առաջնորդի Հայոց գաղթելոց ի Տայս» (1841) սատիրան, որն օժտված է ռեալիզմի որոշակի միտումներով (ձեռագիրը գտնվում է ԵրևանիՄեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Պիեսում յուրաքանչյուր գործող անձ խոսում է իր բարբառով։ Շերմազանյանը համարձակորեն քննադատել է Թիֆլիսի թեմի առաջնորդ Կարապետ եպիսկոպոսի, նրա համախոհ բազմաթիվ գործիչների և ցարական պաշտոնյաների զեղծարարությունն ու կաշառակերությունը, որի պատճառով արգելվել է պիեսի հրատարակումը։ Շերմազանյանը հավաքել է մեծ թվով ձեռագրեր, աշուղական երգեր, ազգագրական բնույթի նյութեր, որոնց մեծ մասը հրատարակել է զանազան պարբերականներում։ 1878 թվականին, Թիֆլիսում լույս է տեսել նրա կազմած «Անեկդոտներ, զվարճալի զրույցներ, համառոտ դեպքեր առակներ մեծ մասամբ ազգային կյանքից առած» ժողովածուն։ Շերմազանյանը զբաղվել է նաև պատմության հարցերով․ Թավրիզում (1832), Թեհրանում (1852), Սպահանում (1853) նյութեր է հավաքել պարսկահայ 40 գործչի մասին՝ օգտվելով ժամանակակիցների, ականատեսների վկայություններից, Միրզա Թաղիի «Կաջարների պատմությունից» (Թեհրան), տվել 1779-1850 թվականների պատմությունը, այդ թվում պարսկահայերին Արևելյան Հայաստան փոխադրելու Գրիբոյեդովի եռանդուն աշխատանքի նկարագրությունը։ Այդ ամենն ամփոփվել է «Նյիւթեր ազգային պատմութեան համար։ Երեւելի Հայկազունք ի Պարսկաստան» (1890, Դոնի Ռոստով) գրքում[2][3][4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 487)։