Բրոնխոլայնիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բրոնխոլայնիչը կամ բրոնխոլիտիկը նյութ է, որը լայնացնում է բրոնխները կամ բրոնխիոլները՝ նվազեցնելով օդի նկատմամբ շնչառական ուղիների դիմադրողականությունը և մեծացնելով նրա հոսքը դեպի թոքեր։ Բրոնխոլայնիչները առաջանում են օրգանիզմում, բայց կան նաև համանման ազդեցությամբ դեղամիջոցներ, որոնք օգտագործում են շնչառական դժվարությունների բուժման նպատակով և դրանք սովորաբար ընդունվում են ինհալացիոն ճանապարհով։ Դեղամիջոցները առավել օգտակար են թոքի օբստրուկտիվ հիվանդությունների դեպքում, որոնցից ամենատարածվածները ասթման և թոքի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություններն են։ Թեև սա որոշ չափով հակասական է, քանի որ նրանք կարող են օգտակար լինել բրոնխիոլիտի և բրոնխոէկտազի դեպքում։ Նրանք հաճախ նշանակվում են թոքի ռեստրիկտիվ հիվանդությունների դեպքում, բայց նրանց նշանակությունը ապացուցված չէ[1]։

Բրոնխոլայնիչները լինում են երկարատև և կարճատև ազդեցության։ Կարճատև ազդեցության բրոնխոլայնիչները ապահովում են արագ և «փրկարար» ազդեցություն սուր բրոնխոսպազմի դեպքում։ Երկարատև ազդեցության բրոնխոլայնիչները օգնում են վերահսկել և կանխել ախտանիշները։ Բրոնխոլայնիչների երեք խմբերն են՝ β2 ադրենընկալիչերի ագոնիստները (երկարատև և կարճատև ազդեցության), հակախոլիներգիկ (երկարատև և կարճատև ազդեցության) դեղերը և թեոֆիլինը (երկարատև ազդեցության)։

Կարճատև ազդեցության β2 ադրենընկալիչների ագոնիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք արագ հանգստացնող կամ «փրկող» դեղամիջոցներ են, որոնք արագ, բայց ժամանակավոր ազատում են ասթմայի ախտանիշներից կամ բռնկումներից։ Այս դեղամիջոցները սովորաբար սկսում են ազդել մոտ 20 րոպեի ընթացքում կամ ավելի քիչ, և ազդեցությունը տևում է մոտ 4-6 ժամ։ Այս ինհալացիոն դեղամիջոցները լավագույնն են ասթմայի հանկարծակի և ծանր ախտանիշները բուժելու համար։ Դեղամիջոցները ժամանակին ընդունելու դեպքում կարող են նաև կանխել ասթմայի ախտանիշները, որոնք առաջանում են վարժությունների կամ սառը օդի ազդեցության հետևանքով։ Որոշ կարճատև ազդեցության դեղամիջոցներ, որոնցից է սալբուտամոլը՝ β2 ադրենընկալիչների ագոնիստը, կարող են թեթևացնել բրոնխոսպազմը՝ առանց սրտի վրա անցանկալի կողմնակի ազդեցություններ թողնելու, որոնք հատուկ են ոչ սպեցիֆիկ β ադրենընկալիչների ագոնիստներին, որոնցից են՝ էֆեդրինը և էպինեֆրինը։ Այն հիվանդները, ովքեր պարբերաբար պետք է ընդունեն կարճատև ազդեցության β2 ադրենընկալիչների ագոնիստներ, պետք է խորհրդակցեն բուժող բժշկի հետ, քանի որ դեղի ոչ ճիշտ կիրառումը կարող է հանգեցնել անվերահսկելի ասթմայի, և կիրառվող դեղամիջոցները կարող են անօգտակար լինել։

Երկարատև ազդեցության β2 ադրենընկալիչների ագոնիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք երկարաժամկետ ազդեցության դեղամիջոցներ են, որոնք պարբերաբար ընդունվում են՝ բրոնխոսպազմը վերահսկելու և կանխելու համար։ Արագ ազդեցություն ստանալու համար նրանք չեն կիրառվում։ Այս դեղամիջոցների ազդեցության համար պահանջվում է ավելի երկար ժամանակ, բայց թեթևացնում են բրոնխոսպազմը մինչև 12 ժամ տևողությամբ։ Սովորաբար նրանք ընդունվում են հակաբորբոքային դեղամիջոցների հետ օրական 2 անգամ և ապահովում են շնչուղիների անցանելիությունը, կանխում են ասթմայի նոպաները, հատկապես գիշերը։

Սալմետերոլը և ֆորմոտերոլը դրանց օրինակներն են։

Հակախոլիներգիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակահոլիներգիկների որոշ օրինակներ են թիոտրոպիումը (Spiriva) և իպրատրոպիում բրոմիդը։

Թիոտրոպիումը (Spiriva) երկարատև՝ մոտ 24-ժամյա ազդեցության հակախոլիներգիկ բրոնխոլայնիչ միջոց է, որն օգտագործվում է թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) բուժման համար։

Միայն որպես ինհալացիոն դեղամիջոց հասանելի իպրատրոպիում բրոմիդը օգտագործում են ասթմայի և ԹՔՕՀ բուժման համար։ Որպես կարճատև ազդեցության հակախոլիներգիկ միջոց՝ այն բարելավում է թոքերի աշխատանքը և նվազեցնում սրացման վտանգը սիմպտոմատիկ ասթմա ունեցող մարդկանց մոտ[2]։ Այնուամենայնիվ, այն չի դադարեցնում ասթմայի նոպան, որն արդեն ընթացքի մեջ է։ Դեղամիջոցը չի ազդում ասթմայի ախտանիշների վրա միայնակ օգտագործման դեպքում և հաճախ զուգորդվում է կարճատև ազդեցության β2 ադրենընկալիչների ագոնիստներ հետ։ Թեև այն համարվում է հանգստացնող դեղամիջոց, սակայն ազդեցության մեկնարկի համար կարող է պահանջվել մոտ 1 ժամ։ Այդ իսկ պատճառով այն երկրորդային դեր է ունի ասթմայի բուժման մեջ։ Կոկորդի չորությունը հիմնական կողմնակի ազդեցությունն է։ Եթե դեղորայքը շփվում է աչքերի հետ, ապա այն կարող է կարճաժամկետ մշուշոտ տեսողության պատճառ դառնալ։

Ապացուցված է, որ հակախոլիներգիկ դեղամիջոցների օգտագործումը կարճատև ազդեցության β2-ադրենընկալիչների ագոնիստների հետ համատեղ նվազեցնում է ասթմայի սրացումներով երեխաների և մեծահասակների հոսպիտալացումները[3][4]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրալ և ներերակային ընդունման համար հասանելի թեոֆիլինը, երկարատև ազդեցության բրոնխոլայնիչ է, որը կանխարգելում է ասթմայի նոպաները։ Այն պատկանում է մեթիլքսանթինների քիմիական դասին (կոֆեինի հետ միասին)։ Այն նշանակում են ասթմայի ծանր կամ դժվար կառավարվող դեպքերում։ Դեղը պետք է ընդունել օրական 1-4 անգամ, և չափաբաժինները չի կարելի բաց թողնել։ Արյան թեստերը իրականացվում են բուժումը վերահսկելու և դեղաչափի փոփոխման անհրաժեշտությունը պարզելու համար։ Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ստամոքսի ցավ և գլխացավ, արագ և անկանոն սրտի կծկումներ, մկանային ջղաձգություն, նյարդային խանգարումներ և հիպերակտիվություն։ Այս ախտանիշները կարող են ազդարարել դեղորայքի ճշգրտման անհրաժեշտության մասին։ Այն կարող է նպաստել թթվային ռեֆլյուքսի, որը հայտնի է որպես գաստրոէզոֆագալ ռեֆլյուքս և առաջանում է կերակրափողային ստորին սֆինկտերի մկանների թուլացման պատճառով։ Որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են հակախոցային դեղամիջոցները և էրիթրոմիցին պարունակող հակաբիոտիկները, կարող են խանգարել թեոֆիլինի աշխատանքին։ Սուրճը, թեյը, կոլաները, ծխելը և վիրուսային հիվանդությունները կարող են ազդել թեոֆիլինի ազդեցության վրա և փոխել դրա արդյունավետությունը։ Բացի այդ, որոշ հոգեմետ դեղամիջոցներ, որոնք ունեն ամֆետամինի նման ազդեցության մեխանիզմ, ինչպիսիք են ամֆետամինը[5], մետամֆետամինը և կոկաինը[6], ունեն բրոնխոլայնիչ ազդեցություն և օգտագործում էին ասթմայի դեպքում՝ որպես բրոնխոլայնիչ, բայց այժմ հազվադեպ են կիրառում։

Ընդհանուր բրոնխոլայնիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնխոլայնիչները բաժանվում են կարճատև և երկարատև ազդեցության խմբերի։ Կարճատև ազդեցության բրոնխոլայնիչ միջոցները օգտագործում են բրոնխոսպազմը թեթևացնելու համար, մինչդեռ երկարատևազդեցության դեղերը՝ կանխարգելման համար։

Կարճատև ազդեցության բրոնխոլայնիչները ներառում են՝

Երկարատև ազդեցության բրոնխոլայնիչները ներառում են՝

Փորձարարական բրոնխոլայնիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

6000 միացություններից, որոնք թուլացնում են շնչուղիների հարթ մկանային բջիջները և բացում շնչուղիները ասթմատիկ թոքային հյուսվածքներում, հետազոտողները հայտնաբերել են TSG12 կոչվող դեղամիջոցը։ TSG12-ը հատուկ տրանսգելին-2 (TG2)-ագոնիստ է, որը հանգստացնում է շնչուղիների հարթ մկանային բջիջները և նվազեցնում ասթմատիկ թոքային հյուսվածքի դիմադրությունը օդի նկատմամբ։ Հեղինակները պնդում են, որ TSG12-ը և՛ ոչ թունավոր է, և՛ ավելի արդյունավետ թոքային դիմադրությունը նվազեցնելու համար, քան ներկայիս բրոնխոլայնիչները և կարող է խոստումնալից թերապևտիկ մոտեցում լինել ասթմայի բուժման համար[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pharmacologic Agents That Promote Airway Clearance in Hospitalized Subjects: A Systematic Review»։ Respiratory Care 60 (7): 1061–70։ July 2015։ PMID 25944943։ doi:10.4187/respcare.04086 
  2. «Is there a rationale and role for long-acting anticholinergic bronchodilators in asthma?»։ npj Primary Care Respiratory Medicine 24 (1): 14023։ July 2014։ PMC 4373380։ PMID 25030457։ doi:10.1038/npjpcrm.2014.23 
  3. «Anticholinergics in the treatment of children and adults with acute asthma: a systematic review with meta-analysis»։ Thorax 60 (9): 740–6։ September 2005։ PMC 1747524։ PMID 16055613։ doi:10.1136/thx.2005.040444 
  4. «Combined inhaled anticholinergics and short-acting beta2-agonists for initial treatment of acute asthma in children»։ Paediatric Respiratory Reviews 14 (4): 234–5։ December 2013։ PMID 24070913։ doi:10.1016/j.prrv.2013.08.002 
  5. Amphetamine is listed as having medical uses as bronchodilator. Medic8
  6. Streatfeild Dominic (17 June 2003)։ Cocaine: An Unauthorized Biography։ Macmillan։ էջ 110։ ISBN 978-0-312-42226-4։ Վերցված է 14 February 2011 
  7. New drug therapy could lead to more effective treatment for millions with asthma
  8. Yin Lei-Miao, Xu Yu-Dong, Peng Ling-Ling, Duan Ting-Ting, Liu Jia-Yuan, Xu Zhijian, Wang Wen-Qian, Guan Nan, Han Xiao-Jie, Li Hai-Yan, Pang Yu, Wang Yu, Chen Zhaoqiang, Zhu Weiliang, Deng Linhong, Wu Ying-Li, Ge Guang-Bo, Huang Shuang, Ulloa Luis, Yang Yong-Qing (2018)։ «Transgelin-2 as a therapeutic target for asthmatic pulmonary resistance»։ Science Translational Medicine 10 (427)։ PMC 6310021 ։ PMID 29437149։ doi:10.1126/scitranslmed.aam8604 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]