Բրիստոլ (հյուրանոց, Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիստոլ
Տեսակհյուրանոց
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնադրված է1863
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

«Բրիստոլ» հյուրանոց (ռուս.՝ Отель «Бристоль»), հյուրանոց Յալթայում, Ղրիմում հայտնված առաջին հյուրանոցներից մեկը։ Կառուցվել է 1863 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի առաջին կեսին Մ. Ա. Ռիբիցկայան պայծառափայլ իշխանուհի Մ. Վ. Վորոնցովայից ձեռք է բերում Բուլվարնայա, 12 հասցեի հողակտորը, որտեղ ճարտարապետ Կ. Ի. Էշլիմանը կառուցում է փոքրիկ երկհարկանի տուն։ Շինարարության ավարտից հետո Մ. Ա. Ռիբիցկայան նոր շենքում բացում է քաղաքի առաջին հյուրանոցներից մեկը։ Առաջին հարկում տեղակայված էին պանդոկն ու խանութները, իսկ երկրորդ հարկում` հյուրանոցային համարները[2]։ Հյուրանոցի պատմության հետ կապված են մշակույթի և արվեստի այնպիսի գործիչների անուններ, ինչպիսիք են Ն. Պ. Վագները[2], Միխայիլ Շչեպկինը, Մաքսիմ Գորկին, Մ. Վ. Նեստերովը, Ի. Գասպինսկին, Վ. Ա. Լուգովսկոյը։

19-րդ դարի 60-ական թվականների վերջին շենքը և բակը (տնտեսական շինություններով այգին) գնել է Կալվածքների գլխավոր վարչությունը, որի ենթակայության տակ էր կայսերական ընտանիքի սեփականությունը։ Այժմ այստեղ բնակվում էին միայն կայսերական ընտանիքի հյուրերը[2]։

1874 թվականին Յալթայի արական գիմնազիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռ. Ֆ. Շուլբախի միջնորդությամբ շենքը հանձնվել է գիմնազիային։ 1887 թվականի մարտին Ալեքսանդր II-ի գահակալության 20-ամյակի պատվին այն ստացել է «Ալեքսանդրովսկայա» անվանումը[2]։

1905 թվականին հյուրանոցի շենքն անցնում է նոր սեփականատեր Դ. Ա. Յուզեֆովիչին, որը շենքի վերակառուցումից հետո վերաբացում է հյուրանոցը և այն կոչում «Բրիստոլ»։ Շենքի տեսքն ամբողջովին փոխվել էր. հին շենքը քանդվել էր, տեղում կառուցվել էր 40 համար ունեցող 4-հարկանի քարե շենք։ Ճակատային մասին կցակառուցվել էին պատշգամբներ, որոնք զարդարված էին քանդակներով։ Հյուրանոցային համարների պատուհաններն ու պատշգամբները հիմնականում դուրս էին գալիս դեպի քաղաքի արևմտյան մաս` քաղաքի, նավահանգստի և առափնյա բուլվարի տեսարաններով[2]։

1917 թվականից հետո շենքը դարձավ քաղաքային սեփականություն։ Շինարարության որակի և հուսալիության մասին վկայում է այն փաստը, որ 1927 թվականի 8-բալանոց երկրաշարժի ժամանակ շենքը գրեթե չի վնասվել։ Նախա- և հետպատերազմյան բոլոր տարիներին շենքն օգտագործվել է որպես հյուրանոց։ 1978 թվականին «Բրիստոլ» և նախկին «Կենտրոնական» հյուրանոցների շենքերը միացվում են անցումով, որի արդյունքում հյուրանոցի համարների քանակը կրկնապատկվում է։ Այսպիսով հայտնվում է «Հարավային» հյուրանոցը[2]։

Պատմական անունը հյուրանոցին վերադարձվում է 2002 թվականին, և «Հարավայինը» կրկին դառնում է «Բրիստոլ»։ Նախկին անվան վերածնումը տրամաբանական էր, քանի որ այս իրադարձությանը նախորդում էր Բուլվարնայա փողոցի անվանափոխությունը Ռուզվելտի անունով։ Դա տեղի է ունեցել 1960 թվականի ապրիլին Ուկրաինական ԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ, ի նշանավորումն ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի 1945 թվականին Յալթայում գտնվելու և հաշվի առնելով Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև բարեկամական հարաբերությանների զարգացման գործում նրա ունեցած դերը։ «Բրիստոլ» հյուրանոցում գործում է հայտնի քաղաքական գործչի կյանքին և գործունեությանը նվիրված փոքր թանգարան։ Ցուցանմուշների մեջ ներկայացված էր նաև Ռուզվելտի կիսանդրին, որի հեղինակը սևաստոպոլցի քանդակագործ Կոնստանտին Կոշկինն է։ 2017 թվականի ապրիլի 22-ին այդ կիսանդրին տեղադրվել է փողոցում[3]։

Ներկայում «Բրիստոլը» 3-աստղանի հյուրանոց է և Յալթա քաղաքի ամենահին շենքերից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Отель «Бристоль»». Վերցված է 2019 Փետրվար 20-ին.
  3. «Памятник 32-му президенту США Франклину Рузвельту откроют в Ялте 22 апреля».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Официальный сайт отеля: http://bristol-yalta.ru/(չաշխատող հղում)