Բրեգենցի փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեգենցի փառատոնի բեմը թռչնի թռիչքի բարձրությունից

Բրեգենցի փառատոն (գերմ.՝ Bregenzer Festspiele), արվեստների փառատոն, որ ամեն տարի անցկացվում է Ավստրիայի Բրեգենց քաղաքում։ Փառատոնի առանձնահատկությունը լողացող բեմն է Բոդենի լճում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոդենի լճի ափին բաց երկնքի տակ թատերական ներկայացումներ են սկսել կազմակերպել դեռևս 1911 թվականին[1]։ Բրեգենցում առաջին փառատոնային շաբաթի բացումը պաշտոնապես եղել է 1946 թվականին՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտից մեկ տարի անց։ Լճի վրա լաստերից ստեղծվել է երկու բեմ, որոնցից մեկի վրա ելույթ է ունեցել Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ մյուսում տեղադրվել են թատերական դեկորացիաներ։ Առաջին մշտական բեմը լճի վրա ի հայտ է եկել 1950 թվականին, իսկ 1955 թվականին բացվել է թատրոնի առաջին շենքը[2]։

Միայն մեկ անգամ` 1972 թվականին, լճի վրա բեմադրվել են երաժշտական երկու ներկայացումներ երկու բեմերում։ Մնացած բոլոր տարիներին առանցքային է եղել միշտ մեկ ներկայացում։ 1979 թվականին լճի վրա կառուցվել է նոր բեմ։ 1985 թվականից փառատոնի գլխավոր ներկայացումը կրկնվել է երկու տարի անընդհատ[2]։

Ի հակակշիռ փառատոնի գլխավոր ներկայացման` 1988 թվականից փառատոնի թատերաբեմում ներկայացվում են հանիրավի մոռացության տրված օպերաներ, որոնց մասնակցելու համար հրավիրվում են լավագույն կատարողներ։ Այդպիսի մոտեցումը ընտրվել է նման ստեղծագործությունները հանրաճանաչ դարձնելու նպատակով, որպեսզի հետագայում դրանց բեմականացմամբ հետաքրքրվեն աշխարհի առաջատար թատրոնները[2]։

«Նաբուկկո» օպերան, որ ցուցադրվել է 1993 և 1994 թվականներին, հավաքել է ռեկորդային թվով հանդիսատես. մոտ 300.000 մարդ դիտել են հիմնական և լրացուցիչ ներկայացումները[2]։ 1997 թվականին փառատոնը բացել է նոր ուղղություններ` բեմադրություններ մանուկների համար և կրոս-մշակութային ներկայացումներ։ Վերջինիս համար այն 1998 թվականին արժանացել է Ավստրալիայի պետական մրցանակին միջազգային կապերը զարգացնելու համար[2]։

2008 թվականին փառատոնի բեմահարթակները դարձել են Ջեյմս Բոնդի մասին սերիալի «Գթասրտության քվանտ» ֆիլմի նկարահանման վայր։ Նկարահանումներն ընթացել են մայիսին` «Տոսկա» օպերայի փորձերի ժամանակ[2]։

2015 թվականին փառատոնի հանդիսատեսների ընդհանուր թիվը կազմել է 228.000 մարդ, որոնցից հիմնական ներկայացումը` «Տուրանդոտը» դիտել են 171.000-ը, իսկ օպերայի հեռուստատեսային ուղիղ եթերը` ավելի քան 1 միլիոն մարդ[2]։

2003 թվականի դեկտեմբերից փառատոնի գեղարվեստական գեղակավարը Դևիդ Պաունտնին է (անգլ.՝ David Pountney), ով այդ պաշտոնում փոխարինել է Ալֆրեդ Վոպմանին (գերմ.՝ Alfred Wopmann)[2][3]:

Փառատոնի հարթակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնի շրջանակներում իրենց աշխատանքներն են ներկայացնում տարբեր բեմահարթակներում հանդես եկող երաժշտական ու թատերական բազմաթիվ խմբեր։

  • Լողացող բեմ (գերմ.՝ Seebühne) - բացօթյա հարթակ Բոդենի լճում, որի ամֆիթատրոնը` 7.000 տեղով, ձևավորված է ափին։ Այս հարթակում կազմակերպվում են երաժշտական մասշտաբային ներկայացումներ, այդ թվում` օպերա, բալետ։
  • Փառատոնային թատրոն (գերմ.՝ Festspielhaus) - հարթակ, որն օգտագործվում է օպերային դասական ներկայացումների ու համերգների համար։
  • Վարպետաների (գերմ.՝ Werkstattbühne) - թատերական ու օպերային ժամանակակից ներկայացումների հարթակ։
  • Թատրոն հացահատիկի շուկայում (գերմ.՝ Theater am Kornmarkt) - օպերետների և դրամատիկական ներկայացումների հարթակ։
  • shed8/թատրոն «Կոսմոս» (գերմ.՝ shed8/Theater Kosmos) - դրամատիկական ներկայացումների ու կրոս-մշակութային ներկայացումների հարթակ։

Առաջին իսկ տարուց փառատոնը միջազգային կարգավիճակ է ձեռք բերել, քանի որ փառատոնին մասնակցություն են ունեցել Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչներ։

Փառատոնի մշտական և գլխավոր մասնակիցներից մեկը Վիեննայի սիմֆոնիկ թատրոնն է։ Այն հանդես է գալիս իր սեփական հարթակում, ինչպես նաև աջակցում է այլ ներկայացումների։ Ամեն ստեղծագործության ժամանակ նվագախումբը հանդես է գալիս տարբեր դիրիժորների գլխավորությամբ, քանի որ ներկայացումները նաև դիրիժորության մրցույթ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музыкальный фестиваль в австрийском городе Брегенц» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «History of the Bregenz Festival | Bregenz Festival» (անգլերեն). bregenzerfestspiele.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  3. «Bregenz Festival: the world's splashiest opera?». telegraph.co.uk. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]