Բույսերի խայտաբղետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի խայտաբղետություն, մոզաիկա, վիրուսային հիվանդությունների խումբ, որոնց բնորոշ է բույսերի ախտահարված օրգանների (գլխավորապես՝ տերևների և պտուղների) խայտաբղետությունը՝ տարբեր մեծությունների և ձևերի բծերի (արտահայտված կանաչ գունավորմամբ) հերթափոխությամբ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթիթեղի ձևը փոխվում է, բույսի աճը՝ դանդաղում։ Հիվանդությունը փոխանցվում է հիվանդ բույսի սերմերի, հյութի միջոցով, սածիլման, ընձյուղատման ժամանակ, առողջ ու հիվանդ բույսերը միմյանց հետ շփվելիս ու փոխադարձ վնասվելիս (օրինակ ՝ քամու ժամանակ)։ Վիրուսի մեխ. փոխանցողներն են լվիճները, մլուկները, տզերը, հողային կլոր որդերը։ Վիրուսները բույս են թափանցում միջատների սնման ժամանակ, վնասված հյուսվածքներով. պահպանվում են հողի միկրոօրգանիզմներում, մոլախոտերի և մշակաբույսերի սերմերում։ Առավել վտանգավոր են ծխախոտի և լոլիկի, վարունգի, կարտոֆիլի սովորական և կնճռոտ, ճակնդեղի, կաղամբի, սոյայի, ոլոռի, լոբու խայտաբղետությունները, պտղատու, թփային և գեղազարդիչ բույսերի խայտաբղետային հիվանդությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։