Բույսերի թառամում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի թառամում, հիվանդություն, բնորոշվում է բույսերի տարբեր օրգանների թոշնումով, որը կապված է տուրգորի անկման հետ (հաճախ տերևների վրա գոյանում են բնորոշ բծեր)։ Նկատվում է բույսի կամ նրա առանձին մասերի մակաբույծ միկրոօրգանիզմներով ախտահարման, արմատների մեխանիկական վնասման, տերևներով ջրի արագ գոլորշացման, հողում ջրի անբավարարության (բույսերի թորշոմության) և որոշ այլ անբարենպաստ գործոնների ազդեցության դեպքերում։ Բակտերիաներով առաջացած բույսերի թառամում կոչվում է տրախեոբակտերոզ, ախտածին սնկերով հարուցվածը՝ տրախեոմիկոզ։ Բույսերի թառամման հարուցիչներն ապրում են հողում կամ բուսական մնացորդներում և արմատների միջոցով թափանցում են բույսի անոթային համակարգ։ Ջրային ռեժիմի խախտման հետևանքով (տերևներից ջրի տրանսպիրացումը գերազանցում է հյուսվածքներ մտնող ջրի քանակին) առաջացող բույսերի թառամումը կարող է լինել ժամանակավոր (կարճատև) ու տևական։

Ժամանակավոր բույսերի թառամում առաջանում է, երբ հողից բույսին անցնող ջուրը չի հասցնում հավասարակշռել բույսերի կողմից ջրի ծախսը, սակայն տերևային գոլորշացման (տրանսպիրացիա) թուլացման դեպքում ջրային հաշվեկշիռը և բույսի բնականոն վիճակը վերականգնվում են։ Տևական բույսերի թառամումն առաջանում է, երբ հողում բույսին մատչելի շատ քիչ ջուր մնում է (կամ ընդհանրապես չի մնում), և պակասորդը չի լրացվում նույնիսկ գիշերային ժամերին։

Բույսերի թառամման դեպքում աճը կանգ է առնում, խանգարվում են լուսասինթեզը, շնչառությունը և այլ կարևոր կենսընթացներ, բջիջները մահանում են, և (տևական բույսերի թառամման դեպքում) բույսը չորանում է։ Բույսերի թառամումը կանխում են ոռոգման միջոցով, բույսերի հանքերի սնուցման բարելավմամբ, սերմերի և սածիլների նախացանքերի կոփմամբ, երաշտադիմացկուն սորտերի օգտագործմամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայուն սորտերի մշակություն, ցանքաշրջանառություն, ագրոտեխնիկական գործադրաձևեր, սերմերի վարակազերծում, սնկասպանների կիրառում, բուսային մնացորդների (արմատներով հանդերձ) հավաքում և այրում, խոր աշնանավար, մոլախոտերի ոչնչացում, պարարտացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։