Բույսերի ջրային ռեժիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի ջրային ռեժիմ, բույսերի ջրափոխանակությունը․ ապահովում է ֆիզիոլոգիական կարևորագույն պրոցեսները՝ նյութափոխանակությունը, աճումը, զարգացումը։ Բաղկացած է փոխադարձորեն կապված 3 հաջորդական պրոցեսներից, արմատներով ջրի կլանում շուրջարմատյա միջավայրից, նրա տեղաշարժ և բաշխում տերևների ու աճող հյուսվածքների միջև, ավելորդ ջրի գոլորշիացումը տերևներով։ Վեգետացիայի ընթացքում բույսերի ծախսած ջրի քանակը չափազանց մեծ է։ Օրինակ, եգիպտացորենի կամ արևածաղկի 1 բույսը ծախսում է 100 լ, ցորենի 1 հա ցանքը՝ 2-4 հզ․ մ3 ջուր։ 1 կգ չոր նյութի ստեղծման համար բույսերը ծախսում են 250-300 կգ, իսկ չոր պայմաններում՝ 500-600 կգ ջուր։ Ջուրը կլանվում է բույսերի արմատամազիկներով, որոնք ունակ են վերցնելու միայն մատչելի ջուրը (հողի մասնիկներում կոլոիդային և այլ տիպի կապված ջուրն անմատչելի է բույսերին)։ Արմատամազիկների կլանած ջուրն անցնում է արմատի պարենքիմիային, կենդանի բջիջներ, ապա քսիլեմայի մեռած անոթներ։ Ներկայիս պատկերացմամբ կենդանի բջիջներում ջրի միակողմանի հոսքն ապահովվում է ոչ միայն բջիջների տարբեր մասերում պրոտոպլազմայի թափանցելիության տարբերությամբ, այլև նյութափոխանակության արագությամբ և տուրգորոզեն նյութերի կուտակմամբ։ Արմատներով և ցողունով ջրի մղումը դեպի վեր իրականանում է արմատային ճնշման միջոցով, որը սովորաբար կազմում է 2-3 մթն․ և ավելի։ Ջրի ծախսը կախված է բույսի տեսակից, աճման փուլից, սննդառությունից, հողակլիմայական պայմաններից և այլն։ Այն հիմնականում կատարվում է արանացիրացման միջոցով և կարգավորվում տերևների ֆիզիոլոգիական մի շարք առանձնահատկությունների շնորհիվ։ Տրանսպիրացումն իջեցնում է բջիջների ջրահագեցվածության աստիճանը և նպաստում նրանց ծծող ուժի մեծացմանը։ Ջրի տեղաշարժն ապահովվում է ստորին (արմատային ճնշում) և վերին (տրանսպիրացում) ծայրային շարժիչների միջոցով։ Ջրի ծախսման մյուս ուղին գուտացիան է (ջրի կաթիլների արտազատումը տերևներից)։ Շոգ ժամանակ ցամաքային բույսերի տրանսպիրացումը գերակշռում է ջրի մուտքը, առաջանում է ջրային անբավարարություն, որը վերանում է գիշերը, երբ ջրի կլանումը գերակշռում է ծախսը։ Փոխադրող անոթներում ջուրը մոլեկուլների հարակցական ուժերի շնորհիվ գտնվում է անընդհատ սյան ձևով։ Ստորին ու վերին շարժիչների աշխատանքի և ջրի սյան անընդհատության շնորհիվ այն բարձրանում է նույնիսկ մի քանի տասնյակ մետր։ Բույսերը տարբեր չափով են հարմարված հողի ջրապահովվածությանը (տես Հիդրոֆիտներ, Հիգրոֆիաներ, Մեզոֆիտներ և Քսերոֆիտներ)։ Գյուղատնտեսական կուլտուրաների բարձր և որակով բերք ստանալու համար անհրաժեշտ է բարձր ագրոտեխնիկական ֆոնը զուգակցել ջրակուտակման, արհեստական ոռոգման և բույսերի ջրային ռեժիմը կարգավորող այլ միջոցառումների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 535