Տրանսպիրացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրանսպիրացում (տրանս նախածանց և լատ․՝ spirare — շնչել, արտաշնչել), ջրի գոլորշիացումը բույսերի մակերևույթից։ Տրանսպիրացման հիմնական օրգանը տերևն է, որի մեզոֆիլի բջիջները անընդհատ միջբջջային տարածություններ են արտամղում ջրային գոլորշիներ, որոնք մթնոլորտ անցնում են հերձանցքների (հերձանցքային տրանսպիրացում) կամ կուտիկուլայի (կուտիկուլային տրանսպիրացում) միջոցով։ Տրանսպիրացումն ապահովում է բույսերում ջրի և հանքային աղերի մշտական հոսքը, կանխում տերևների գերտաքացումը, բջիջներում ստեղծում ծծող ուժի որոշակի մակարդակ և նպաստում տերևների գազափոխանակությանը։ Տրանսպիրացումը բնորոշում են․

  • 1․ Տրանսպիրացման ինտենսիվությունը՝ միավոր ժամանակում տերևի միավոր մակերեսից գոլորշիացած ջրի քանակը,
  • 2․ հարաբերական տրանսպիրացում՝ տրանսպիրացման ինտենսիվության և ազատ մակերեսից ջրի գոլորշիացման ինտենսիվության հարաբերությունը,
  • 3․ Տրանսպիրացման գործակիցը՝ 1 գ չոր նյութի կուտակման համար անհրաժեշտ գոլորշիացած ջրի քանակը,
  • 4․ Տրանսպիրացման արդյունավետությունը՝ գոլորշիացած ջրի միավոր քանակին համապատասխան կուտակված չոր նյութի քանակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։