Ֆուզարիոզ
Ֆուզարիոզներ, բազմաթիվ մշակովի և վայրի աճող բույսերի հիվանդություններ, որոնք հարուցվում են Fusarium ցեղի անկատար սնկերով։ Տարածված են կլիմայական բոլոր գոտիներում։ Վնասվում են բույսի անոթային համակարգը և հյուսվածքները։ Հարուցիչները թափանցում են բույսերի մեջ արմատային համակարգով և ցողունի ստորին մասով։ Վարակի աղբյուր են նաև վարակված սերմերն ու սածիլները։
Ֆուզարիոզային թառամման դեպքում սնկամարմինը խցանում է անոթները և արտադրում թունավոր նյութեր, որի հետևանքով խիստ խանգարվում են բույսերի կենսական ֆունկցիաները, բույսը մահանում է։ Ֆուզարիոզային արմատային փտախտները վնասում են բույսերին զարգացման բոլոր փուլերում։ Հացազգիների հասկի և հասկիկի ֆուզարիոզներն առաջացնում է հասկիկների սպիտակավուն-վարդագույն փտախտ, ապա՝ գորշացում և դրանց մեջ ոչ կենսունակ հատիկների գոյացում։ Եգիպտացորենի կողրերի ֆուզարիոզը, բնութագրվում է դրանց վրա (լրիվ հասունացման փուլի սկզբում) վարդագույն կամ սպիտակ փառով պատված բծերի առաջացմամբ։ Բծերի կենտրոնում հատիկները գորշ են, հեշտությամբ փշրվում են։ Զյունաբորբոսը (ֆուզարիոզի տեսակներից) վտանգավոր է աշնանացան ցորենի, տարեկանի ու բազմամյա հացազգի խոտաբույսերի համար։ Հիվանդ բույսերը հաճախ մահանում են։
Պայքարի միջոցները - ցանքաշրջանառությունների կիրառում, հիվանդությունների նկատմամբ դիմացկուն սորտերի ստեղծում, բույսերի մնացորդների հեռացում և այրում, սերմերի ախտահանում, ցանքերի մշակում սնկասպաններով, առողջ սերմերի և սածիլների օգտագործում, սնուցումներ ֆոսֆոր-կալիումական պարարտանյութերով, հողերի կրացում և չորացում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fusarium and Verticillium Wilts of Tomato, Potato, Pepper, and Eggplant;
- Fusarium oxysporum
- Fusarium Wilt
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |