Բույսերի արագաճեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի արագաճեցում, բանջարեղենի, հատապտուղների, ծաղիկների ստացումը նրանց աճման համար ոչ սեզոնային ժամանակ (օրինակ՝ ձմռանը)։

Աճեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարվում է ջերմոցներում, ջերմատներում, նկուղներում և այլ շինություններում։ Երբեմն (գարնանն ու աշնանը) օգտագործում են բաց գրունտը՝ թաղանթածածկերի տակ։ Արագաճեցնում են այն բույսերը, որոնց կոճղարմատներում, արմատապտուղներում, սոխուկներում և այլն առկա են սննդանյութերի բավարար պաշարներ։ Բանջարեղենային մշակաբույսերից արագաճեցվող կանաչեղեն ստանում են՝ գլուխ սոխից, սեզա տերևից, պրասասոխից, բատուն սոխից, ճակնդեղից, նեխուրից, մաղադանոսից, աղցան. ճարճատուկից, թրթնջուկից, խավրծիլից, ծնեբեկից։ Դրանց աճեցման համար պիտանի է բավարար փխրունության ցանկացած սննդարար հողախառնուրդը, ինչպես նաև տորֆը, կերամզիտը, ավազը, սնուցող տարրերի ջրային լուծույթները։ Հողախառնուրդի շերտը պետք է լրիվ ծածկի արմատապտուղները, կոճղարմատներն ու սոխուկները։ Արագաճեցման համար բավարար է չափավոր լուսավորությունը, սակայն օրական 1000 լք-ից ոչ պակաս՝ 5–6 ժամվա ընթացքում։ Ծնեբեկի և աղցանի ճարճատուկի արագաճեցումը կատարում են լրիվ մթության մեջ (լույսից բույսերը դառնանում են, ընձյուղներն ու տերևները՝ կոշտանում)։ Տնկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում շինության ներսում օդի ջերմաստիճանը պետք է լինի 10–14 °C, այնուհետև ցերեկը՝ 20–25 °C, գիշերը՝ 15–18 °C (աղցանի ճարճատուկի համար՝ 12–15 °C, ծնեբեկի համար՝ 20 °C ողջ օրը)։

Տնկանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնկանյութը վերցնում են բաց գրունտից և պահում 1 ամսից ոչ պակաս, որպեսզի այն հասցնի անցնել հանգստի շրջան։ Թարմ կանաչեղենը ստացվում է 20–45 օր հետո։ Բերքատվությունը (կգ/մ2) գլուխ սոխի 12–16 է, թրթնջուկինը՝ 3–5, խավրծիլինը՝ 4–6։ Գեղազարդիչ բույսերից արագաճեցվում են թփերից՝ եղրևանին, վարդենին, նշենին և այլն, բազմամյա խոտաբույսերից՝ վարդկակաչը, հակինթը, շուշանը, թրաշուշանը, հովտաշուշանը և այլն։ Առավել պիտանի են լավ զարգացած արմատների համակարգով և ճիշտ ձևավորված վերգետնյա մասով առողջ նմուշահատերը։ Եղրևանու և նշենու ծաղկումն արագացնելու համար արդյունավետ են տաք ջրային վաննաները, որոնց մեջ ընկղմում են բույսի վերգետնյա մասը։ Ջրի ջերմաստիճանն ու մշակման տևողությունը կախված են բույսի տեսակից։ Սովորաբար բավարար է 12–16 ժամjա մշակումը 30–35 °C ջերմաստիճանի ջրով։ Նմանօրինակ ազդեցություն ունեն նաև տաք ջրագոլորշին, ինչպես նաև եթերի, ացետիլենի, լուսագազի, ծխախոտի ծխի և այլնի վաննաները։ Վարդկակաչը, հակինթը, հովտաշուշանը նպատակահարմար է նախօրոք պահել ցածր ջերմաստիճանում։ Գեղազարդիչ բույսերը կրկնակի արագաճեցման համար հիմնականում պիտանի չեն, այդ պատճառով դրանք 1–2 տարով տեղափոխում են լավ պարարտացված պահեստների հողամասեր։ Հատապտղային մշակաբույսերից արագաճեցման համար ավելի հաճախ օգտագործում են խաղողի վազը և մորին։ Մորու բերքատվությունը 3–5 կգ/մ2 է հորիզոնական, և մինչև 10–12 կգ/մ2՝ ուղղաձիգ մշակման դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։