Բուժական սնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հազարը, կանաչ սոխը, խաչածաղկավորները և այլ բանջարեղեններ բուժական սննդի կարևոր բաղկացուցիչներ են

Բուժական սնունդ, բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով հատուկ կազմված սննդի օրաբաժինների և սնվելու ռեժիմի կիրառումը։ Բուժական սնունդը, որպես կանոն, չի համարվում բուժման ինքնուրույն մեթոդ, այն կիրառվում է դեղանյութերի և այլ բուժական ազդակների համալիրում։ Որոշ՝ ստամոքսաբորբի, հաստ աղիքի բորբոքման, խոցային, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ բուժական սնունդը կարող է լինել բուժման հիմնական միջոց։ Բուժական սննդի գիտական սկզբունքները մշակվել են ռուս ֆիզիոլոգներ Իվան Պավլովի և Իվան Սեչենովի ձևակերպած դրույթներով։

Բուժական սննդի հիմնական սկզբունքներն են սննդի օրաբաժնի, սնվելու ռեժիմի և սննդի խոհարարական մշակման եղանակի նկատմամբ անհատական մոտեցումը, սննդի քանակական և որակական համապատասխանությունը հիվանդության բնույթին, հիվանդի վիճակին և նրա օրգանիզմի առանձնահատկություններին, հաշվեկշռված (սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, հանքային նյութերի և վիտամինների առավել բարենպաստ հարաբերակցություն) և ֆիզիոլոգիական առումով լիարժեք օրաբաժնի կազմումը, երբ հիվանդի վիճակը պահանջում է որևէ սննդամթերքի բացառում կամ սահմանափակում։ Բուժական սնունդը կարող է նշանակել և հսկել միայն բժիշկը։ Բուժական սննդում շատ են կիրառվում սննդային օրաբաժնի քանակական փոփոխություններ (ավելացում կամ սահմանափակում, այսպես կոչված, բեռնաթափման օրեր), որակական սահմանափակումներ (նշանակվում են մասնավորապես հեշտ յուրացվող մթերքներ), սնվելու ռեժիմի փոփոխում, խոհարարական մշակման հատուկ մեթոդներ։

Բուժական սննդի օրաբաժիններով բուժումը պետք է լինի արդյունավետ և միաժամանակ լիարժեք, ամբողջությամբ բավարարի օրգանիզմի պահանջը սննդանյութերի և կենսաբանորեն ակտիվ նյութերի նկատմամբ։ Հիվանդությունների դեմ պայքարելու լավագույն միջոցը լիարժեք սնունդն է, որը նպաստում է ախտահարված համակարգերի աշխատունակության արագ վերականգնմանը, նյութափոխանակության և ընդհանուր վիճակի բնականոնացմանը։ Բուժական սնունդը կիրառում են հիվանդանոցում, առողջարանաառողջավայրային և ամբուլատոր բուժման ժամանակ։

Բեռնաթափման օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական սննդում լայնորեն կիրառվում են, այսպես կոչված, բեռնաթափման օրեր և օրվա ընթացքում սննդի այլ քանակական սահմանափակումներ։ Բեռնաթափման համար նշանակվում է որոշակի քանակությամբ 1 տեսակի մթերք (օրինակ՝ խնձոր, կաթնաշոռ, կաթ)։ Բեռնաթափման օրեր կարելի է անցկացնել միայն բժշկի նշանակմամբ։ Նա պետք է որոշի սննդի բնույթը և սնման հաճախությունը։ Սննդի քանակ սահմանափակումը ջրի և կերակրի աղի քիչ օգտագործումով կիրառվում է ճարպակալման, գիրության, աթերոսկլերոզի, սիրտանոթային, հիպերտոնիկ հիվանդությունների և այլ դեպքերում։ Սննդի քանակը կտրուկ կարելի է պակասեցնել միայն հիվանդանոցում, երբեմն նաև որոշ բուժհիմնարկներում՝ բժիշկ-մասնագետի հսկողությամբ։ Խորհուրդ չի տրվում այն լայնորեն կիրառել բուժման, առավել ևս ինքնաբուժման նպատակով։ Լրիվ քաղցած մնալը, հատկապես՝ բազմօրյա, խիստ վտանգավոր է։ Այդ մեթոդը կիրառող մարդկանց մահվան դեպքեր են արձանագրվել։ Մահվան պատճառ են եղել գաղտնի ընթացող շաքարախտը, սրտի հանկարծակի կանգը, քաղցից հետո սնունդը յուրացնելու օրգանիզմի անկարողությունը։

Խնայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխանիկական խնայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխանիկական խնայման ժամանակ սննդի օրաբաժնից հանվում են կոշտ, դժվարամարս, վատ յուրացվող մթերքները և դրանց մասնիկները։ Դրանցից են կոշտ թաղանթանյութով հարուստ բուսական մթերքը, ինչպես նաև մսի պինդ մասերը։ Մեխանիկական խնայման ժամանակ բացառվում են կոշտ հացը, բողկը, շաղգամը, կաղամբը, վարունգը, ընդավորները, քաշովիները (սևաձավարի, գարեձավարի, կորեկաձավարի) և այլն։ Մեխանիկական խնայումն իրականացվում ի նաև հատուկ խոհարարական մշակմամբ, միսն օգտագործում են աղացած (կոտլետ, կոլոլակ), բանջարեղենը՝ խյուսի, ձավարապուրները (գարեձավարով, վարսակաձավարով, բրնձով և այլն)՝ տրորած վիճակում։

Քիմիական խնայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական խնայումը բացառում է մարսողական գեղձերի, ստամոքսի և աղիքների շարժողական ֆունկցիան խթանող որևէ սնունդ։ Դրանցից են խիտ արգանակները (մսի, ձկան, բանջարեղենի), տապակած կերակուրները (կոտլետներ, բիֆշտեքսներ, տապակած կարտոֆիլ), ռոմշտեքսը, ծեծած խոզի միսը, ճարպոտ սուր կերակուրներն ու սոուսները, համեմունքները, թթու վարունգը, թարմ փափուկ հացը և նրբաբլիթները։

Քիմիական խնայման համար կիրառում են ջերմային մշակում, խաշում են, որի դեպքում մզվածքանյութերն անցնում են արգանակ, և շոգեեփման մեթոդներ՝ 2-րդ կերակրատեսակներ պատրաստելիս, երբ մզվածքանյութերը մասնակի են հեռացվում, և տապակելիս կեղև չի առաջանում, որը պարունակում է մարսողական գեղձերը գրգռող շատ համային նյութեր։ Քիմիական խնայման ժամանակ օգտագործում են խաշած մսով և ձկով կերակուրներ, ինչպես նաև մսի և ձկան խճողակով շոգեխաշած կերակրատեսակներ։ Բուժական սննդում շատ կարևոր է սնման ռեժիմը։ Այն որոշվում է՝ ելնելով հիվանդի վիճակից, նրա շարժողական բեռնվածությունից և հիվանդության բնույթից։

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական սննդի դեպքում նշանակում են հիվանդության բնույթին համապատասխան հատուկ սննդակարգեր։ Սննդակարգերը լինում են խիստ (առանց կերակրատեսակների ընտրության) և ազատ (կերակրատեսակների ընտրությամբ)։ Շատ են օգտագործում նաև թարմ բուսական սննդի ներառումով՝ թարմ բանջարեղենից, մրգերից, ձմերուկից, սեխից աղցաններ և այլ սննդակարգեր։ Նման դեպքում ապահովվում է վիտամինների, ֆիտոնցիդների, միկրոտարրերի, օրգանական թթուների, առավել օգտակար շաքարների (ֆրուկտոզ) առավելագույն մուտքն օրգանիզմ։ Թարմ բանջարեղենում պարունակվում է տարտրոնաթթու, որը կասեցնում է ածխաջրերի փոխարկումը ճարպերի։ Թարմ բանջարեղենով և մրգերով հարուստ սննդակարգն ունի հիմնային ազդեցություն և կանխում է աթերոսկլերոզի առաջացմանը նպաստող թթվայնության բարձրացումը։ Բանջարեղենում և մրգերում պարունակվող, այսպես կոչված, բուսական թելերը նպաստում են աղիքների գործունեությանը, բնականոնացնում խոլեստերինի փոխանակությունը, կանխում աղիքներից մի շարք թունավոր նյութերի ներծծումը։ Ուժեղ նյարդահուզական և թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության, առողջության համար այլ անբարենպաստ գործոնների ազդեցության ժամանակ թարմ բանջարեղենի և մրգերի դերը շատ կարևոր է նաև առողջ մարդկանց սննդում։

Թարմ կենդանական սնունդը, որպես բուժականի միջոց, նշանակվում է ժամանակավոր՝ միայն տվյալ հիվանդության բուժման ընթացքում։ Շատ սննդամթերքներ պարունակում են առողջացմանը նպաստող ակտիվ կենսաբանական նյութեր։ Դրանք հատկապես շատ են կաթնամթերքում (կաթ, կաթնաթթվային ըմպելիքներ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ), մսամթերքում (հավի, ճագարի, տավարի անյուդ միս, լյարդ)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png