Բոսնիա և Հերցեգովինայի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուսլե

Բոսնիա և Հերցեգովինայի երաժշտությունը հիմնված է բոսնիացիների ավանդական բանավոր ստեղծագործության վրա[1]։ Այն ենթարկվել է նաև տարբեր օտարերկրյա ազդեցությունների։

Բոսնիայի գյուղերում մեծ ժողովրդականություն էին վայելում հերոսական (յունացական) երգերը, գոյություն են ունեցել գուսլեի նվագակացությամբ էպիկական երգերի մեներգիչներ վարպետներ։ Տարածված է եղել բազմաձայնությունը։ Բոսնիական գրեթե յուրաքանչյուր լեռնային գյուղ ունեցել է երգելու իր բնորոշ ոճը։ Լեռնային գյուղերի երաժշտության վրա ազդեցություն է թողել մուսուլմանական մշակույթը. երգել են միայն տանը, երգեցողությունը միաձայն է, օգտագործվել են լարային գործիքներ և այլն։ Բոսնիական ավանդական գործիքներին են պատկանում ֆլեյտան (այդ թվում՝ զույգ), փողը, լեզվակավորները (եղջյուր, եղջերափող, զուռնա), գուսլեն, մատնանվագը (տամբուրա, սազ, շարգիա), մեմբրանոֆոնները, իդիոֆոնները[2]։ Բոսնիացի մուսուլմանների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելել սևդալինկաները՝ քաղաքային սիրային երգերի ավանդական ֆոլկլորային ժանրը[1]։

Միջնադարում Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում երգում էին մենեստրելները։ Պալատական երաժիշտների մասին առաջին հիշատակությունը թվագրված է 1408 թվականով։ Ի սկզբանե սլավոնական հիմք ունեցող երաժշտական ավանդույթները թուրքական տիրապետության շրջանում ենթարկվել են արևելյան ազդեցության։ Եղել է նաև եկեղեցական երաժշտություն ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան ծիսակատարությունների։ Կաթոլիկ երաժիշտները վերապատրաստվել են հիմնականում Իտալիայում։ Այդ ժամանակների ամենահայտնի երաժիշտներից մեկը Ֆրանյո Բոսանացն էր (XVI դարի 1-ին կես)։

Ավստրո-հունգարական բռնազավթման ժամանակ Բոսնիայի և Հերցեգովինայի երաժշտությունը ենթարկվել է եվրոպական երաժշտական մշակույթի ազդեցությանը։ 1881 թվականին կայացել է առաջին համերգը Բանյա Լուկայում, իսկ ավելի ուշ՝ Սարաևոյում։ Հյուրախաղերով Բոսնիա և Հերցոգովինա են սկսել ժամանել արտասահմանցի երաժիշտներ։ 1886 թվականին Սարաևոյում ստեղծվել է Տղամարդկանց երգեցողության միություն, որը երկար ժամանակ ղեկավարել է Յոսիպ Վանցաշը։ Բոսնիայի և Հերցեգովինայի առաջին պրոֆեսիոնալ կոմպոզիտորն ու դիրիժորը եղել է Ֆ. Մաչեևսկին էր, որն ազգությամբ չեխ էր։ 20-րդ դարի սկզբին տեղի երաժիշտներն սկսել են միավորվել ազգային կամ կրոնական հիմքի վրա տարբեր միություններում[1]։

1918 թվականին Բոսնիա և Հերցեգովինան դարձել է Սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության մի մասը, ինչը նպաստել է երաժշտական մշակույթի զարգացմանը։ Սարաևոյի ազգային թատրոնում բեմադրվել են երաժշտությամբ պիեսներ, իսկ 1928/1929 համերգաշրջանում՝ նաև օպերաներ։ Կոմպոզիտորները հիմնականում զբաղվել են ազգային երաժշտության մշակմամբ և տեղական թեմաներով երաժշտական պիեսներւ գրությամբ։ Այդպիսի կոմպոզիտորներ էին Բ. Կաչերովսկին, Բ. Յունգիչը, Վ. Միլոշևիչը, Յ. Պլեցիտին, Ց. Ռիխտմանը, Ա. Պորդեսը[1]։

1946 թվականին Սարաևոյում բացվել է Օպերային թատրոնը։ 1948 թվականին ստեղծվել է Բոսնիա և Հերցեգովինայի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ 1962 թվականին՝ ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը։ 1955 թվականին իր դռներն է բացել Երաժշտական ակադեմիան։ Այդ ժամանակ Բոսնիայի և Հերցեգովինայի երաժշտության մեջ նախկինի պես գերակշռել է բանահյուսությունը, սակայն մեծ էր նաև եվրոպական նեոդասականության (Դ. Շկերլ) և ավանգարդիզմի (Վ. Կոմադինա) ազդեցությունը[1]։

21-րդ դարի սկզբին դասական և ժամանակակից օպերաները բեմադրվել են Սարաևոյի օպերայի և Սարաևոյի ազգային թատրոնի բեմում։ Աշխատել են սիմֆոնիկ նվագախմբեր։ Բարձրագույն երաժշտական կրթություն տրամադրել են Երաժշտական ակադեմիան և Կատարողական արվեստի ակադեմիան (Սարաևոյի համալսարանի ֆակուլտետ)։ Անցկացվել են ամենամյա միջազգային միջոցառումներ՝ «Սարաևոյի ձմեռ» արվեստների փառատոնը, «Բաշչարշյան գիշերներ» երաժշտական և թատերական փառատոնը, ինչպես նաև ջազային փառատոն։ Շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել սևդալինկաները, որոնք կատարում են ինչպես ժողովրդական համույթները, այնպես էլ փոփ խմբերը։ Սևդալինկա կատարող ժամանակակից հայտնի կատարողների թվում են երգչուհի Փալդումը, Խանկան (ծնված 1956 թվականին) և Լեպա Բրենան (ծնված 1960 թվականին)։ Մեծ ժողովրդականություն է վայելում երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը (ծնված 1950 թվականին)։ Բոսնիայի և Հերցեգովինայի երաժշտական կոլեկտիվների թվում են «Bijelo Dugme», «Divlje Jagode» ռոք խմբերը, «Zabranjeno Pušenje» փանկ ռոք խումբը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Босния и Герцеговина // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. Бошняки / М. Ю. Мартынова // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 109-110. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bosansko-Hercegovačka muzika // Muzička enciklopedija. Zagreb, 1971. Kn. 1.