Բացարձակ ռենտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բացարձակ ռենտա, կապիտալիստական հողային ռենտայի ձև, գյուղատնտեսության վարձու բանվորների աշխատանքով ստեղծված հավելյալ արժեքի մաս, որը հողի մասնավոր սեփականության մենաշնորհի հիման վրա յուրացնում է հողատերը։ Հողի վարձակալը, յուրաքանչյուր, նույնիսկ ամենավատ հողամասից ապահովում է ոչ միայն միջին շահույթ, այլ նաև գերշահույթ, որը ռենտայի տեսքով փոխանցվում է հողատիրոջը։ Այդ պատճառով գյուղատնտեսության արդյունքների արժեքը բարձր է արտադրության հասարակական գնից, իսկ հավելյալ արժեքը՝ միջին շահույթից։ Գյուղատնտեսության մեջ կազմավորվող գերշահույթը չի մասնակցում շահույթների հավասարեցման ազատ պրոցեսին։ Դրան խանգարում է հողի մասնավոր սեփականությունը։ Գյուղատնտեսության մեջ ստեղծված հավելյալ արժեքի մի մասը միջին շահույթի ձևով յուրացնում է կապիտալիստ վարձակալը, իսկ միջին շահույթից ավելին՝ ռենտաի ձևով հողասեփականատերը։ Գյուղատնտեսությունը արդյունքների հասարակական արժեքի և արտադրության հասարակական գնի տարբերությունն է։ Կախված չէ առանձին հողամասերի պտղաբերությունից ու շուկայի մոտ տեղակայումից և նույն հողամասում լրացուցիչ կապիտալ ներդրումների արդյունավետությունից։ Գերշահույթի ստացումը գյուղատնտեսության մեջ հնարավոր է այն պատճառով, որ կապիտալի օրգանական կազմը ավելի ցածր է, քան արդյունաբերության մեջ։ ժամանակակից գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում զարգացած կապիտալիստական երկրներում տեղի է ունենում գյուղատնտեսության և արդյունաբերության կապիտալի օրգանական կազմերի մոտեցում և կապիտալի մեկ միավորի հաշվով ռենտաի փոխարկվող հավելյալ արժեքի հարաբերական նվազում, ճիշտ է, ռենտաի նորման իջնում է, բայց նրա զանգվածը մեծանում է, քանի որ աճում է գյուղատնտեսության մեջ ներդրված կապիտալի մեծությունը։ ռենտաի նվազման միտումին ակտիվորեն հակազդում է հողի մասնավոր սեփականության մենաշնորհը, ինչպես նաև կապիտալիստական պետության միջամտությունը, որն ուղղված է հողի մասնավոր սեփականության ամրապնդմանը։ Որպես տնտեսության կատեգորիա արտահայտում է կապիտալիստական հասարակարգի երեք հիմնական դասակարգերի՝ հողատերերի, գյուղատնտեսության մեջ կապիտալիստ–ձեռնարկատերերի և վարձու գյուղատնտության բանվորների արտադրական հարաբերությունները։ Քանի որ բացարձակ ռենտան գանձվում է յուրաքանչյուր, նույնիսկ հողի ամենավատ մասից, իսկ շուկայական գինը տարերայնորեն որոշվում է հողի վատագույն մասում ստեղծված արժեքից, ապա այն դառնում է ամբողջ հասարակության կողմից սպառվող գյուղատնտեսության արդյունքների գների բարձրացման պատճառ։ Այսպիսով, ռենտան ամբողջ հասարակության տուրքն է մասնավոր հողատերերին՝ պորտաբույծ դասակարգին։ Ռենտան նպաստելով գյուղատնտեսության արտադրանքի գների բարձրացմանը, որպես ծանր բեռ ընկնում է աշխատավորության ուսերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png