Բարձրավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Բարձրավանք», միամսյա գրական-գեղարվեստական հանդես։ Լույս է տեսել 1922 թվականին, Կ․ Պոլսում։ Հրատարակիչներ՝ Գ․ Գավաֆյան, Կոստան Զարյան, Վահան Թեքեյան, Շ․ Պերպերյան (պատասխանատու տնօրեն), Հակոբ Օշական։ Հանդեսի շուրջը համախմբվել էին եղեռնից ազատված մտավորականները՝ արևմտահայ հոգևոր կյանքը վերակերտելու ձգտումով։ Ամսագրում ուշագրավ են Հակոբ Օշականի «Հայ գրականություն» հոդվածաշարից Դանիել Վարուժանին, Ա․ Շիրվանզադեին, Ավետիք Իսահակյանին, Զապել Եսայանին, Կ․ Սիտալին, Արսեն Երկաթին նվիրված գրաքննադատական հոդվածները, Գ․ Ֆեներճյանի «Շրջան մը՝ 1900—1908» գրականագիտական վերլուծությունը։ «Բարձրավանքը» լայն տեղ է հատկացրել արվեստի նորագույն ուղղություններին, հայ արվեստի հարցերին՝ տպագրելով Շ․ Պերպերյանի «Արդի երաժշտության ձգտումները և հայ երգը», «Արվեստի ուղղությունները» ուսումնասիրությունները, գեղարվեստի տարբեր բնագավառներին նվիրված Կոստան Զարյանի և Վահան Թեքեյանի հոդվածները, ինչպես և Փանոս Թերլեմեզյանի հուշագրական էջերը։ Անդրադարձել է անգլիագիր հայ գրողներ Ս․ Ալեքսանդերի (Ա․ Շաքլյան), Մ․ Ա- րապյանի (Շ․ Շավարշ), Մ․ Առլենի (Տ․ Գույումճյան) ստեղծագործություններին։ Տպագրել է Վահան Թեքեյանի «Մայրերը» դրաման, Հակոբ Օշականի «Նոր պսակը» պիեսից մի հատված։ Վերահրատարակել է Մ․ Մեծարենցի, աշուղ Սեյադի ստեղծագործությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png