Jump to content

Բարդ եռամաս ձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարդ եռամաս ձև, երաժշտական սիմետրիկ ձև, որը բաղկացած է 3 խոշոր մասերից, որոնք պարբերությունից մեծ կառուցվածքներ են. 3-րդը 1-ինի կամ նրա ձևափոխված կրկնությունն է (ռեպրիզ

Բարդ եռամաս ձևի մասերը նույնպես բաժանվում են հատվածների՝ պարզ երկմաս կամ պարզ եռամաս ձևերի, որն էլ կոչվում է կազմածո, իսկ եթե մասերը զուրկ են պարբերականությունից և չեն բաժանվում հատվածների՝ ոչ կազմածո։

Բարդ եռամաս ձևի սխեման է՝ , կամ a+b+a կամ c+d+c կամ a+b+a[1]:

Ֆրանսիական ժողովրդական երգի օրինակ A-B-A ձևով

Կիրառման մեջ յուրաքանչյուր խոշոր մասում հնարավոր են պարզ ձևերի տարբեր համակցություններ (օրինակ՝ երբ ծայրերի մասերն ունեն եռամաս, միջին մասը՝ երկմաս կառուցվածք)։ Մասնատվածությունից և տարատեսակությունից խուսափելու համար բաժինները հենվում են 1 թեմայի վրա, որի շնորհիվ նրանց ներսում հակադրությունը հասնում է նվազագույնի։ Այս առումով՝ հիմնական իրարամերժությունը, որպես կոնտրաստ-համադրում, առաջանում է միջին մասում և ծայրամասերի միջև, ավելի ստույգ՝ 1-ին մասից 2-րդին անցնելիս (առանց նախապատրաստման)՝ ցենզուրայից հետո։ Միջին մասն առհասարակ շարադրվում է կա՛մ համանուն, կա՛մ սուբդոմինանտի ուղղվածության տոնայնություններով։ Հակադրությունը միջին մասի և ծայրամասերի միջև դրսևորվում է տարբեր ձևերով, ավելի հաճախ՝ հակադիր նշանակության լեզվային տարրերի օգտագործմամբ, որի դեպքում հնարավոր է կոնտրաստ առաջանա շարժուն ծայրամասերի և հանգիստ, երգային բնույթի միջին մասի միջև։ Այն առավել արտահայտվում է, երբ մաժորը հակադրվում է մինորին, տուտտին՝ մենանվագին, վերևի ռեգիստրը՝ ներքևինին, ակորդի շարադրանքը[2]։

Հակադրություն ստեղծելու նպատակով օգտագործում են կոմպոզիցիոն տարբեր հնարքներ (այդ թվում՝ տեմպի փոփոխություններ)։ Բարդ եռամաս ձևի 1-ին բաժինը պարբերությունից մեծ միատար կառուցվածք է (ընդհանրապես 1 թեմայի վրա հիմնված պարզ երկմաս կամ եռամաս ձև)։ Գործնականում, բացի այս 2 ձևերից, հանդիպում են նաև այլ ձևեր։ Առաջին բաժինը հիմնականում գրվում է միջանցիկ, ազատ զարգացման սկզբունքով (նախատիպը՝ XVIII դ-ի հնագույն Da capo արիան)՝ վարիացիոն և սոնատային ձևերով։ Հաճախ հանդիպում է ձայնակարգահարմոնիկ բազմազանություն՝ մոտիվների ինտենսիվ զարգացումով (հանգեցնում է մասի բարձրակետին)։ Այս ամենի շնորհիվ ամրապնդվում են սկզբնական թեմատիկ նյութը և նրա տոնայնային հիմքերը։ Նույն նպատակն ունի նաև 1-ին մասի վերջում հանդիպող ռեպրիզը։ Բարդ եռամաս ձևի 2-րդ մասը հիմնականում պարզ երկմաս է կամ եռամաս, հազվադեպ՝ պարբերության ձևով, և կոչվում է տրիո (եզրույթը շրջանառվում է 18-րդ դարից, երբ 2-րդ մասը հարաբերականորեն ինքնուրույն ստեղծագործություն էր՝ 3 գործիքի համար)։

Որոշ դեպքերում «տրիո» բառի փոխարեն գրվում է maggiore (երբ ձևը շարադված է մինոր տոնայնությամբ) կամ minore (երբ երաժշտությունը գրված է մաժոր տոնայնությամբ)։ 2-րդ մասը, հակառակ 1-ինի, միատարր է, կառուցվածքով՝ հավասարակշիռ, հարմոնիկ առումով՝ փակ, որի պատճառով տրիոն և ռեպրիզը հաճախ կապվում են անցումով, որը մեղմացնում է նրանց միջև հակադրությունը։ Պարզ կառուցվածք չունեցող տրիոյի դեպքում առկա է ձայնակարգատոնայնություն (որոշ դեպքերում՝ նաև թեմատիկ անկայունություն) միջանցիկ ազատ զարգացումը՝ էպիզոդը։ Էպիզոդում դինամիկ զարգացումը և շաժման անընդհատությունը գերիշխում են կառուցվածքային, արխիիտեկտոնիկ հավասարակշռվածությանը։ Բարդ եռամաս ձևի 3-րդ մասը՝ ռեպրիզը, գրեթե միշտ լինում է ճշգրիտ և փոփոխված։ Երբ ռեպրիզում նույնությամբ կրկնվում է 1-ին մասը (կոչվում է ճշգրիտ), տրիոյի վերջում գրվում է Da capo, որը կոչվում է կրկնել սկզբից։ Այսպիսի ռեպրիզներն արտաքուստ հնարավոր են թվալ կայուն, սակայն իրականում կատարմամբ և ընկալմամբ պայմանավորված ընդհանուր համատեքստով՝ անխուսափելիորեն 1-ին մասից տարբերվում են և նրա հետ չեն նմանեցվում։

Փոփոխված ռեպրիզի ձևերը տարբեր են։ Որոշ դեպքերում հնարավոր է ռեպրիզի փոքր շարադանք, երբ կրկնվում է 1-ին մասի միայն մեկ մասը (հաճախ՝ առաջին պարբերությունը) ի տարբերություն ամբողջ ռեպրիզի՝ այն կոչում են թերի։ Փոփոխված ռեպրիզները հանդիպվում է 2 հիմնական ձևով։

Երբ ռեպրիզի փոփոխություններն 1-ին մասի համեմատությամբ չնչին են և նոր որակ չեն ստանում, ապա 3-րդ մասն անվանում են տարբերակային ռեպրիզ, որտեղ հաճախ հադնիպում են մեղեդու շրջազարդում օժանդակ հնչյուններով կամ ռիթմի ու հարմոնիայի աննշան ձևափոխություններ։ Ռեպրիզը կոչվում է դինամիկ, եթե թեմատիկ նյութի ձևափոխությունները, մետրառիթմային, ձայնակարգատոնային ոլորտները, ինտոնացիոն կազմը ենթարկվում են այնպիսի փոփոխությունների, որոնք ստեղծում են նոր որակ։ Համադրված է կոչվում տարբեր մասերի թեմատիկ նյութերի վրա կառուցված դինամիկ ռեպրիզը։ Բարդ եռամաս ձևն (հատկապես եթե ինքնուրույն աշխատություն է) ունի նախաբան, որն ինտոնացիոն թեմատիկ առումով պայմանավորված է հետագա շարադրանքով։ Սակայն հնարավոր են դեպքեր, երբ նախաբանը ստեղծված է ինքնուրույն երաժշտական նյութի հիման վրա։

Բարդ եռամաս ձևի ներքին հուզականությունը, մասշտաբայնությունը և մասերի հակադրությունները որոշ դեպքերում պայմանավորում են ձևի վերջում եզրափակիչ մասի կամ կոդայի երևան գալը։ Կոդան, ի տարբերություն վերջնամասի, ունի ընդհանրացնող բնույթ, քանի որ նրա մեջ շարունակվում և ավարտվում է ձևի ներքին դրամատուրգիան։ Թեմատիկ-ինտոնացիոն առումով՝ կոդան հաճախ կապված է նախորդ մասերի հետ, որոնցվ սկսվում է զարգացման նոր փուլ, թերևս առավել հաճախական և ընդհանրացնող, քան նախորդները։ Կոդայում հիմնական տոնայնությամբ տրիոյի հազվադեպ հանդիպող թեմատիկ նյութը եռամաս ձևին հաղորդում է սոնատային կառուցվածքին բնորոշ հատկանիշներ։

Բարդ եռամաս ձևերը ի հայտ են եկել 18-րդ դարի սկզբին՝ իտալական հնագույն Da capo արիայի, նաև հնագույն սյուիտում նույնատիպ պարերի համադրման հիման վրա (Da capo արիայում միջին մասից հետո կրկնվում էր 1-ինը, իսկ սյուիտում 1-ին և 2-րդ մենուետներից հետո՝ 1-ինը՝ որպես ռեպրիզ)։ Այս ձևի կազմավորմանը նպաստել է հնագույն կոնցերտը, որտեղ անընդմեջ միմյանց հաջորդել են մենանվագը և տուտտին։ Բարդ եռամաս ձևերում կոնտրաստ-համադրման բացարձակ դրսևորման հետևանքով ձևավորվել են տարբեր ժանրերի, ինչպես գործիքային, այնպես էլ վոկալ և բազմամաս ստեղծագործություններ (սոնատների, սիմֆոնիաների, սյուիտների դանդաղ մասեր)։

Բարդ եռամաս ձևերով են գրվում տարբեր ինքնուրույն ստեղծագործություններ՝ մենուետներ, սկերցոներ, վալսեր, նոկտյուրններ, քայլերգեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Mindmap Binary and Ternary form -www.bestmusicteacher.com». www.bestmusicteacher.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  2. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջեր 117–119. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դերոյան Ն., Երաժշտական ստեղծագործության վերլուծություն, [Դասագիրք], Ե., 1985: Способин И., Музыкальная форма, М., 1984.
  • Способин И. В. Музыкальная форма. — М. : Музыка, 1984.
  • Binary and ternary form" in the Harvard Dictionary of Music, 2nd ed. rev. and enlarged (1969). Willi Apel, ed. Cambridge, Massachusetts: The Belknap Press of Harvard University Press

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդ եռամաս ձև» հոդվածին։