Բարդի բրգաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդի բրգաձև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիների
Ցեղ Բարդի
Տեսակ Բարդի բրգաձև
Լատիներեն անվանում
Populus pyramidalis Rozier


Բարդի բրգաձև (լատին․՝ Populus pyramidalis Rozier), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ, հզոր, տերևաթափ ծառ է՝ 25-30 մ բարձրությամբ և 1-1,5 մ բնի տրամագծով։ Սաղարթը նեղ բրգաձև է կամ բրգաձև, դեպի վեր ուղղված ճյուղերով։ Ծեր ծառերի կեղևը մուգ գորշամոխրագույն է, խոր ճաքճքված, երիտասարդ ճյուղերի վրա դեղնավուն է։ Միամյա շիվերը և նոր բացված տերևները ծածկված են թեթևակի աղվամազով։ Տերևները շեղանկյունաձև են կամ լայն-եռանկյունաձև, մինչև 7,5 սմ երկարությամբ և նույնքան էլ լայնությամբ, լայն-սեպաձև, կամ լայն, թեթևակի սրտաձև հիմքով, սրածայր գագաթով, սղոցաեզր։ Մնացած բոլոր հատկանիշներով նման է սև բարդուն։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են մայիսին։ Բրգաձև բարդու հայրենիքը անհայտ է. ենթադրում են, որ ծագում է Աֆղանստանից։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն է տարածվել Միջերկրական ծովի ափերին, Իրանում, Կովկասում, Միջին Ասիայում և այլուր, որտեղ հիմնականում աճում է հովտային անտառներում, գետափերին, ջրանցքների ափերին։ Անհիշելի ժամանակներից մշակվում է նաև Հայաստանում, ընդ որում որոշ վայրերում (Արարատյան դաշտ, Նախալեռնային, լեռնատափաստանային գոտիներ) դարձել է լանդշաֆտի բնորոշ տարր։ Հատկապես շատ է տարածված Արարատյան դաշտում։ Սակայն վերջին տարիներին կանաչապատման տեսակաշարից հանվել է, քանի որ խիստ վարակվում է բարդու ոսկեբզեզով (Melano-phila decastigma F.) և արագորեն շարքից դուրս է գալիս։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատային համակարգը խիստ ճյուղավորված է, սակայն հիմնականում մակերեսային է։ Չնայած դրան, բրգաձև բարդին հողմադիմացկուն է։ Բավականին արագ է աճում և արդեն 25 տարեկանում հասնում է վերջնական բարձրության։ Բազմանում է կտրոններով։ Սերմերի միջոցով բազմացումը պրակտիկայում չի կիրառվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։