Բայանուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բայանուն, այն անունը (գոյական, ածական), որ սերում է բայական հիմքերից (արմատներից)` հատուկ ածանցումով, իսկ երբեմն էլ առանց դրա։ Երբ բայանունը գոյական է, կոչվում է նաև բայական կամ բայակազմ գոյական, բայածանց գոյական, իսկ երբ այն ածական է, կոչվում է բայածական։

Մ. Աբեղյանը բայանուն է համարում նաև անորոշ դերբայը, որ պատմականորեն սերում է դիմավոր ձևերի հիմքերից` ածանցումով և ունի նաև գոյականական, անվանողական գործառույթներ[1]։

Բայի գոյականացումը հայերենում տարածված երևույթ է։ Սա բառակազմական կենսունակ միջոց է, բառապաշարի (այդ թվում տերմինաբանության) հարստացման միջոց։ Ժամանակակից հայերենում շատ գործուն են -ություն, -ում վերջածանցները, որոնց միջոցով վերացական գոյականներ են ստեղծվում, օրինակ՝ հաղթ- + -ություն - հաղթություն, շարժ- + -ում - շարժում և այլն։ Հայերենում -ոց, -յուն ածանցներով ստեղծվել են բազմաթիվ բնաձայնական բայանուններ, օրինակ՝ խշշ- + -ոց - խշշոց, մռնչ- + -յուն - մռնչյուն և այլն։ Ժամանակակից հայերենում նման գործածություն ունեն նաև -անք, -մունք, -վածք, -ույթ, -ք և այլ ածանցներ (օրինակ՝ դավանանք, համոզմունք, կեցվածք, սովորույթ, խոսք և այլն)։

Բայածականը կոչվում է նաև բայական կամ բայակազմ, բայածանց ածական։ Այս դեպքում (բայակազմ գոյական-բայակազմ ածական) հակադրվում են նաև բայական՝ դերբայական ձևից կազմվածները, ինչպես՝ խոսող+ություն > խոսողություն (գոյական), խոսող+ական > խոսողական (ածական)։ Մ. Աբեղյանը «բայածական» է կոչում նաև ածականական գործածություն ունեցող դերբայները[2] (հարակատար դերբայ, ենթակայական դերբայ

Բայածականներ կազմվում են, օրինակ, ան-, տ-, չ-, -իչ ածանցներով (օրինակ՝ անխոս, տգետ, չտես, հաշվիչ և այլն), բազմաթիվ ածականներ կազմվել են հին հայերենի՝ -իչ մասնիկով կազմվող ենթակայական դերբայի փոխանցումով։ Ժամանակակից հայերենում բայածականներ են կազմվում նաև -ական, -արար, -ուն, -կոտ, -ու ածանցներով (օրինակ՝ մխիթարական, կործանարար, մնայուն, ամաչկոտ, ազդու և այլն)։

Բայածականը կարող է կազմված լինել նաև միայն բայարմատից, օրինակ՝ զուրկ, կախ և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
  2. Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965, էջ 365։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]