Բամբիռ (նվագարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բամբիռ
Հնագույն բամբիռի ենթադրյալ տեսքը՝ պահպանված հայկական միջնադարյան ձեռագրում
Տեսակլարային-աղեղնավոր նվագարան
Որակավորումխորդոֆոն
փանդիռ, ջութ

Բամբիռ, հայկական ազգային լարային կսմիթավոր նվագարան, եղել է վիպասանների գործիքը։ Իր նախնական տեսքով չի պահպանվել, վերականգնված է միայն ըստ աղբյուրներում պահպանված նկարագրությունների ու տեղեկությունների, սակայն ներկայում բամբիռ կոչվող նվագարանները ոչ թե կսմիթային են, այլ աղեղնավոր։

Հնագույն հիշատակություններ բամբիռի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ միջնադարյան մանրանկարները մեզ պատկերացում են տալիս, թե ինչպիսի նվագարաններ են գործածվել Հայաստանում հնագույն ժամանակներից ի վեր։ Իսկ դրանք փաստում են, որ Հայաստանում գործածվել են բոլոր տեսակի նվագարանները. հարկանային կամ հարվածային, փողային, լարային, կսմիթային և աղեղնային՝ իրենց տարատեսակներով։ Բայց դրանցից ոչ մեկում՝ թե՛ գտածոների, թե՛ մանրանկարչության մեջ, պատմության խորքերից եկող բամբիռի ոչ մի պատկեր չի հանդիպում։ Նվագարանի մասին առաջին տեղեկություններն ի հայտ են գալիս միայն 9-րդ դարի աղբյուրներում։ Այս նվագարանի մասին փաստագրական տեղեկությունները շատ քիչ են։ Մինչև այժմ ստույգ կերպով բնութագրված չեն ավանդական բամբիռի արտաքին տեսքը և կիրառման եղանակը։ Հստակորեն հայտնի չէ լարերի քանակը, տեղեկություններ չունենք լարվածքի, հնչողության և ընդգրկած ձայնածավալի մասին։ Հնագույն այս նվագարանի մասին մոտավոր պատկերացումներ են տալիս հայ պատմիչների ու վիպասանների կցկտուր տեղեկությունները և վերջին ժամանակներում մասնագետների կատարած ուսումնասիրությունները։ Ըստ երաժշտագետ Նիկողոս Թահմիզեանի՝ այդ «լարավոր-կսմիթահար նվագարանը տարածված նվագարան է եղել հին և միջնադարյան Հայաստանում»։

Բամբիռի գործածությունը հին և վաղմիջնադարյան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Gousan, Kanayi harsaniq, Matenadaran, XVI dar.jpg
Ենթադրաբար այսպիսին է եղել հնագույն ձեռագրերում հիշատակվող բամբիռը (Գուսանը՝ Կանայի հարսանիքում. մանրանկար Մատենադարանում պահվող 16-րդ դարի ձեռագրից):

Վիպասաններն ու գուսանները հին Հայաստանում շրջել են գավառե գավառ և կատարել վիպական երաժշտական ստեղծագործություններ, և քանի որ նրանց արվեստում կարևոր դեր է ունեցել երգը և խոսքը, ուստի նրանց հարկավոր էին այնպիսի նվագարաններ, որոնցով միաժամանակ կկարողանային նվագակցել իրենց երգին ու արտասանությանը։ Պարզ է, որ փողային նվագարանները բացառվում էին, քանի որ դրանք թույլ չէին տալիս երգել և նվագել միաժամանակ։ Այս պատճառով նրանք նախընտրում են լարային աղեղնավոր ու կսմիթային նվագարանները։ Դրանցից մեկն էլ հենց բամբիռն էր։ Պատմահայր Մովսես Խորենացին իր Հայոց պատմության մեջ հաղորդում է, որ Վահագնի ծննդի, Արտաշեսի ու Սաթենիկի, Արտավազդի մասին երգերն ինքը լսել է Գողթան երգիչներից, որոնք իրենց երգին նվագակցում էին բամբիռներով։ Պատմական աղբյուրներում, թեկուզև կցկտուր, բայց բազմաթիվ հիշատակությունները բամբիռի և փանդիռի մասին վկայում են, որ միևնույն ընտանիքի այս նվագարանները լայնորեն տարածված են եղել Հայաստանում և կարևոր դեր են խաղացել երկրի մշակութային կյանքում։ Օրինակ Փավստոս Բուզանդը հաղորդում է, որ սգո արարողությունների ժամանակ հանգուցյալի հարազատները և ներկա ողբասացները ողբերգեր էին երգում, իսկ նրանց նվագակցում էին փողերով (փողային նվագարաններով), փանդիռներով և վիներով։ Իսկ Գրիգոր Մագիստրոսը գրում է, որ տոնակատարությունների ժամանակ մարզական խաղերի ընթացքում հայ երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի ուժը, մտքի ու հոգու կարողությունները, բանաստեղծները մրցում էին՝ արտասանելով իրենց հորինած ստեղծագործությունները, իսկ երաժիշտները բամբիռ էին նվագում։ 10-12-րդ դարերում բամբիռ տեսել և նրա նվագը լսել են Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը և Գրիգոր Մագիստրոսը։ Այս մասին տեղեկացնում է աշուղագետ Գարեգին Լևոնյանը՝ իր «Հայ աշուղներ» գրքում։ Ցավոք, գիտնականը չի նշում այն աղբյուրները, որոնցից նվագարանագիտական արժեքավոր նյութեր է քաղել։ Հովհաննես Դրասխանակերտցին նշում է, որ բամբիռը աղեբախ գործիք է։ Հետևաբար կարելի է կարծել, որ այն հավանաբար եղել է պարանոցից կախ գցելու պարզ նվագարան, որի լարերին հարել է գողթան երգիչը։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում է 14-րդ դարի մի ձեռագիր մատյան, որի էջերում կա այսպիսի նկարագիր. «Եթե փանդիռի լարերը ձգված չեն՝ ձայն չի հանի։ Իսկ եթե ձգում են և բախում, այն հնչում է»։ Ըստ այս նկարագրության՝ ակներև է, որ խոսքը լարային-կսմիթային նվագարանի մասին է։ «Բախել» բառը ենթադրել է տալիս, որ գուցե սանթուրի հետ է որոշ ընդհանրություններ ունեցել։

Բամբիռի կառուցվածքը և հնչողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ ազգագրագետների ու երաժշտագետների շրջանում տիրապետում էր այն կարծիքը, թե բամբիռը ծնծղա կամ ցնցղա է, այսինքն՝ միմյանց խփելու ափսեաձև գործիք։ Սակայն հայագետ Մկրտիչ Էմինն իր «Վէպք հնոյն Հայաստանի» գրքում պարզաբանում է, որ «թեև ճշգրիտ ցուցադրել այս նվագարանը դյուրին չէ, կարող ենք համարձակ միայն ասել, որ բամբիռը ծնծղա չէ, այլ աղելար նվագարան»։ Ծնծղայի և բամբիռի` տարբեր նվագարաններ լինելու օգտին է խոսում նաև Ղևոնդ Ալիշանի մոտ հանդիպող այն տողը, որտեղ այս երկուսը հիշատակվում են կողք-կողքի՝ որպես տարբեր նվագարաններ։ Անհիմն է նաև այն տեսակետը, թե բամբիռը ջութակների ընտանիքին պատկանող գործիք է, քանզի գիտականորեն ապացուցված է, որ այդ դասակարգի նվագարաններից ամենահինը 9-րդ դարի ծնունդ է։ Բամբիռի կառուցվածքի մասին պահպանվել են խիստ կցկտուր տեղեկություններ։ Հայտնի է, որ այն լարային նվագարան է, որի լարերը պատրաստվել են որևէ կենդանու աղիքից։ Այդ է փաստում միջնադարյան ձեռագրերում պահպանված այն տեղեկությունը, որ բամբիռը աղելարային նվագարան է։ Երաժիշտ-նվագարանագործ Մարտին Երիցյանի կարծիքով բամբիռը եղել է եվրոպական թավջութակի նախատիպը, քանի որ անունն էլ այդ տեսակետի օգտին է խոսում. այդ երկու նվագարաններն էլ ունեն թավ, բամբ հնչողություն։ Բայց, ի տարբերություն թավջութակի, բամբիռը նվագել են առանց աղեղի։

Բամբիռը՝ 20-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարպետների տարբեր սերունդներ փորձել են վերականգնել բամբիռ նվագարանը։ Արևելյան երաժշտության տեսաբան, երաժիշտ Վարդան Բունին նույնիսկ ստեղծել է ժամանակակից աղեղնավոր մի նվագարան, որը նույնությամբ չի պահպանվել մինչև մեր օրերը։ 1950-ական թվականների կեսերին նա առաջարկում է քամանչահար, մանկավարժ Մարտին Խաչատրյանին ստեղծել քառյակ՝ ազգային նվագարաններով, որոնց կազմում պետք է լինեին նաև իր պատրաստած նվագարանները։ Դրանք իրենց արտաքին տեսքով նման էին քամանչային, բայց ունեին ավելի թավ ձայնային տեմբր։ Այդ նվագարաններն իրենց հնչողությամբ բավարարում էին քառյակի համար անհրաժեշտ պահանջները։ Ստեղծվում է այդ քառյակը, որը, սակայն, գործում է միայն երկու-երեք տարի և տալիս մի քանի համերգներ։ Վարդան Բունիի ստեղծած նվագարանները դեռևս չէին կոչվում բամբիռ, և Խաչատուր Ավետիսյանի ցանկությամբ ու Մարտին Խաչատրյանի հավանությամբ, վերցնելով Խորենացու հիշատակած «բամբիռներ և փանդիռներ» անունները, ինչպես նաև հաշվի առնելով այս նվագարանների թավ հնչողությունը, դրանք անվանում են բամբիռ՝ իբրև նվագարանի ազգային անվանում։ «Բամբ» բառը հայերենում նշանակում է բաս, թավ հնչողություն։ Դրանից հետո շուտով նորօրյա բամբիռներն ընդգրկվեցին պետական նվագախմբերի կազմ և մինչև այսօր գործածվում են որպես նվագախմբային ու մենանվագային գործիք։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացի, Պատմութիւն Հայոց։
  • Փավստոս Բուզանդ, Պատմութիւն Հայոց։
  • Մկրտիչ Էմին, Վէպք հնոյն Հայաստանի։
  • Ղևոնդ Ալիշան, Նուագք, վենետիկ, 1857 թ։
  • Ռիտա Շառոյան, Հնագույն նվագարաններ. Բամբիռ (վավերագրական ֆիլմ), 2013 թ.: