Բաղդասարի խրախճանքը (Ռեմբրանդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաղդասարի խրախճանքը
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն[1]
տարի1636[2]
բարձրություն167,6 սանտիմետր
լայնություն209,2 սանտիմետր
ուղղությունբարոկկո և հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[2]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ[1]
https://www.wga.hu/html/r/rembran/painting/biblic3/belshazz.html կայք
Ծանոթագրություններ
 Feast of Belshazzar (Rembrandt) Վիքիպահեստում

«Բաղդասարի խրախճանքը» (հոլ.՝ Het feestmaal van Belsazar), հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյնի նկարը՝ ստեղծված 1635 թվականին։ Որպես հիմք ծառայել է աստվածաշնչյան սյուժեն Հին Կտակարանից՝ Դանիել մարգարեի Գրքից (V, 1—30): Նկարը գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում (Մեծ Բրիտանիա)։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն իտալացի, ֆլանդրիացի և իսպանացի նկարիչների, որոնք առավելապես պատկերել են կրոնական սյուժեն, հոլանդացի գեղանկարիչները ստեղծել են նկարներ աշխարհիկ թեմատիկայով։ Ընդ որում, եթե նրանք սկսում էին պատկերել կրոնական թեմա կամ գործչի, ապա աշխատանքը կատարում էին «բողոքական ոճով», որում ընդունված էր միստիկականը պատկերել առօրեական պատկերացմամբ։ XVII դարում բարոկկոն դադարեց գոյատևել սոսկ կաթոլիկ եկեղեցու շրջանակներում, և Եվրոպայի հյուսիսային բողոքական շրջանի նկարիչները սկսեցին կիրառել այս ոճը իրենց աշխատանքներում։ Շուտով հայտնվեցին բազմաթիվ այլևայլ ժանրեր, որոնք բավարարում էին պատվիրատուների զանազան ճաշակները, սակայն միաժամանակ պահպանում էին բարոկկոյին հատուկ սկզբունքները։ Այդ ոճի համախոհը և հետևորդն էր Ռեմբրանդ վան Ռեյնը[3]։ Ավարտելով աշխատանքները լեյդենյան արվեստանոցում՝ նա 1631 թվականին տեղափոխվում է Ամստերդամ, որտեղ նրա նկարներ ստեղծելու յուրաձևությունը մեծ պահանջարկ էր վայելում։ «Բաղդասարի խրախճանքը» նկարը ստեղծվել է այն ժամանակ, երբ Ռեմբրանդը նոր էր սկսել հայտնի նկարչի համբավ վայելել։ «Վաալամովի իշամայրը», «Խաչվերացը», «Բժիշկ Տյուլպի անատոմիայի դասը» աշխատանքները ուղենշեցին ՌԵմբրանդի մասնագիտական հետագա զարգացումը։

1634 թվականին Սասկիա վան Էյլենբուրխի հետ ամուսնությունից հետո նկարիչը հայտնվեց նյութապես ապահովված քաղքենիների շրջապատում, որոնց թվին էր պատկանում նաև իր աները՝ Լեուվարդեն քաղաքի քաղաքագլուխը, և նկարների վաճառքի համար նոր հնարավորություններ ստեղծվեցին[4]։ Այս շրջանում պատվերները հաջորդում էին մեկը մյուսին։ Ենթադրվում է, որ «Բաղդասարի խրախճանքը» ևս նկարչի արվեստի երկրպագուներից մեկի պատվերն է եղել։ Նկարիչն այս ստեղծագործության վրա աշխատել է երկու տարի (1634-1636թթ.) և այդ ընթացքում խորհրդակցել է Ամստերդամի հրեական համայնքի ռաբբիների հետ[5]։

Նկարի սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեն՝ միստիկական ձեռքի անմիջական ներկայությամբ, Ռեմբրանդը վերցրել է Հին կտակարանի Դանիելի գրքից (Դանիել 5:25-28)[6][7]: Նաբոնիդ արքայի մահից հետո իշխանությունը Բաբելոնում անցել է նրա որդուն՝ Բաղդասարին։ Այս առիթով ճոխ խրախճանք է կազմակերպվել, որը շարունակվել է մի քանի օր։ Այդ ժամանակ մեդացիները և պարսիկները մոտեցել են Բաբելոնի պարիսպներին և սկսել են պաշարել քաղաքը։ Երբ սպասքը չի բավականացնում հարճերի, մեծատոհմիկների և հյուրերի բազմությանը, արքան հրամայում է դեռևս Նաբուգոդոնոսոր արքայի կողմից կողոպտված Երուսաղեմի տաճարից բերել ծիսական ոսկյա սպասքը։ Նման սրբապղծությունից հետո պատին հայտնվում է մարդկային ձեռք, որն սկսում է գրառումներ անել։ Սարսափից ուշքի գալով՝ Բաղդասարը հրավիրեց գուշակներին, իմաստուններին ու գրբացներին և հրամայեց վերծանել ուղերձը։ Սակայն նրանցից ոչ մեկը գլուխ չհանեց այդ խնդրից։ Արքայի մայրը խորհուրդ տվեց դիմել Դանիել անունով մարդուն։ Մարգարեն վերծանեց խորհրդավոր պատվիրանը. «Մենե, մենե, տեկել, ուպարսին»։ Դանիելը տեղեկացնում է, որ Աստծո նկատմամբ անհաճո արարքների և սրբերին անարգելու համար Բաղդասարին սպառնում է կործանում, իսկ նրա թագավորությունը բաժանվելու է մեդացիների և պարսիկների միջև[8]։ Հենց այդ գիշեր գրոհով վերցնում են քաղաքը, իսկ քաղդեացիների արքային գտնում են մահացած[9]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը նկարվել է նկարչի արվեստին հոգեհարազատ դեղին, շագանակագունյ, ոսկեգույն երանգներով։ Խրախճանքի մասնակիցներին Ռեմբրանդը հատուկ առանձնացրել է նրանց վրա ընկնող լույսի միջոցով, որը կլանում է խորհրդավոր գրությունից տարածվող խավարը։ «Բաղդասարի խրախճանքը» նկարում Ռեմբրանդը նրբորեն արտահայտել է բոլոր կերպարներին պարուրած զգացողությունները։ Բավական ռեալիստորեն են պատկերվել շփոթությունը և վախը, դինամիկ ֆոնի վրա՝ դեմքերի ընդգծված արտահայտությունը։ Ռեմբրանդը պատկերել է սրբազան անոթներից թափվող գինին՝ այսպիսով խորհրդավորություն հաղորդելով իր աշխատանքին։ Իրեն հատուկ դասական ոճով նկարիչը ստեղծել է կոմպոզիցիա, որի կենտրոնում Բաղդասարն է, իսկ նրա կողքին կինը, հարճերը, ծառաները, քուրմերը և պահակները։ Առեղծվածային ձեռքի հայտնությունը բոլոր ներկաների դեմքին առաջացնում է անկեղծ սարսափի արտահայտություն, իսկ արքան կարծես թե ձեռքով պաշտպանվում է վտանգից[10]։ Այն ժամանակվա նորաձևությանը հետևելով՝ Ռեմբրանդն այս կտավում պատկերել է նաև իր կնոջը, որտեղ նրան հատկացվել էր Բաղդասարի կնոջ դերը (գանգուր մազերով, ականջօղերով և մարգարտե վզնոցով)[11]։ Պատին հայտնված հանրահայտ հրեղեն արձանագրության տառերի առանձնահատուկ դասավորությունը պատահական չէ։ Այդ ժամանակ Ռեմբրանդի ընկերն էր հրեա Մանասսե բեն Իսրայելը, որին նկարիչը հաճախ պատկերել է իր էտյուդներում։ Հենց նա էր հուշել նկարչին, թե ինչպես է պետք կտավում տեղադրել արձանագրության տեքստը[11][12]։ Եբրայերեն խորհրդավոր արձանագրությունը նկարիչը չի պատկերել հորիզոնական աջընթաց տողերով (ինչպես դա պահանջում էր եբրայերեն գրագրությունը), այլ հինգ սյունակներով, որտեղ վերջին բառի համար պահանջվել է երկու սյունակ։ Եթեբառերը գրվեին սովորական եղանակով, ապա դրանք կարդալը բաբելոնյան վերծանողների համար դժվար չէր լինի։ Սակայն, Աստվածաշնչում հիշատակվում է, որ արձանագրությունը վերծանվել է, իսկ վերծանման գաղտնիքը Աստված բացահայտել է նիայն Դանիել մարգարեի համար[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/images/48717
  2. 2,0 2,1 http://www.nationalgallery.org.uk/paintings/rembrandt-belshazzars-feast
  3. Ходж, Сюзи Искусство. 50 идей, о которых нужно знать / Пер. с англ. М. Александровой. — М.: Фантом Пресс, 2014. — С. 41. — 208 с. — ISBN 978-5-86471-679-3
  4. «Успех в Амстердаме». Культура. mybiblioteka.ru. 2015 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին.
  5. Аграновская М. Библейские пророки (Часть 2) // Партнер. — Дормунд, 2006. — № 100 (Հունվար).
  6. Иванова Е. В. Великие мастера европейской живописи. — М. : ОЛМА Медиа Групп, 2006. — С. 250. — 728 с. — ISBN 9785373005517.
  7. Книга пророка Даниила // Толковая Библия, или Комментарии на все книги Св. Писания Ветхого и Нового Завета : в 7 т. / под ред. А. П. Лопухина. — 4-е изд. — М. : ДАРЪ, 2009. — Т. V: Пророческие книги. — 992 с. — ISBN 9785040372454.
  8. Немировский А. Мифы и легенды Древнего Востока. — Мифы. Легенды. Эпос, Детская образовательная литература. — М.: Просвещение, 1994. — 567 с. — ISBN 5-09-004296-9
  9. Немировский А. Мифы и легенды Древнего Востока. — Мифы. Легенды. Эпос, Детская образовательная литература. — М.: Просвещение, 1994. — 567 с. — ISBN 5-09-004296-9
  10. Рембрандт // Шедевры Северной Европы. — М. : Русское энциклопедическое общество, 2001. — 32 с. : ил. — (Детский музей. Живопись Северной Европы). — ISBN 9785901227053.
  11. 11,0 11,1 Hagen, Rose-Marie and Hagen, Rainer. What Great Paintings Say : [անգլ.]. — Taschen, 2003. — Vol. 1. — 514 с. — ISBN 9783822821008.
  12. Харменс Ван Рейн Рембрандт. — Серия: Великие художники мира. — Рипол Классик, 2014. — С. 21. — 40 с. — ISBN 978-5-386-07844-7
  13. Аграновская М. Библейские пророки Часть 2 // Партнер. — 2006. — № 1 (100).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]