Բագրատ Վարդազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագրատ Վարդազարյան
Ծնվել է1869
ԾննդավայրՎլադիկավկազ, Ռուսական կայսրություն
Մահացել է1938
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունքահանա և արքեպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան (1869, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն - 1938), հայ հոգևորական գործիչ, Պարսկա-Հնդկաստանի թեմի առաջնորդ (1909-1910), Գևորգյան ճեմարանի տեսուչ (1909-1914), Շամախու թեմի առաջնորդ (1916-1921), Հոգևոր Սինոդի նախագահ (1924-1928)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատ Վարդազարյանը ծնվել է 1869 թվականին Վլադիկավկազում։ 1892 թվականին ավարտել է Գևորգյան ճեմարանը։ Մեկ տարի անց ձեռնադրվել է սարկավագ և որպես ուսուցիչ աշխատել Վլադիկավկազի եկեղեցական-ծխական դպրոցում։ 1893 թվականին ընտրվել է Մայր Աթոռի միաբան, կարգվել Կենտրոնական ուսումնարանական հանձնաժողովի քարտուղար և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1895 թվականը։

1896 թվականին Բագրատ արքեպիսկոպոսը ձեռնադրվել է աբեղա և 1897 թվականին ծառայության կանչվել Աստրախանի թեմում, որտեղ դասավանդել է ծխական դպրոցում, այնուհետև նշանակվել է Հյուսիսային Կովկասում Հայոց եկեղեցու գործակալությունների վերատեսուչ, միևնույն ժամանակ՝ քարոզիչ։ Նույն թվականին մեկնել է Մոսկվա և մինչև 1900 թվականը եղել Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ազատ ունկնդիր։

1899 թվականին ընտրվել է նույն համալսարանին կից հիմնված Բնագիտական, մարդաբանական և ազգագրական Կայսերական ընկերության աշխատակից անդամ և ստացել վարդապետական կոչում։ 1901 թվականին հայոց Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկ կարգադրությամբ Բագրատ Վարդազարյանը վարդապետական կոչումով Մոսկվայից մեկնել է Նոր Ջուղա՝ Գևորգ-Քանանյան դպրոցը հիմնելու համար և միաժամանակ նշանակվել Իրանա-Հնդկաստանի թեմի ընդհանուր փոխանորդ, իսկ 1902 թվականին թեմի դպրոցների թեմական տեսուչ[2][3][4]։

Իրանա-Հնդկաստանի թեմում Բագրատ վրդ. Վարդազարյանի գործունեությունը եղել է ծավալուն․ նա հանդես է եկել հոգևոր-մշակութային և կրթական ամենատարբեր ձեռնարկումներով, զարգացրել թեմական կյանքը։ 1904-1905 թվականներին նրա ջանքերով հիմնվել դպրոցներ Չհարմահալ գավառի 4 հայկական գյուղերում, որոնց համար նա ուսուցիչներ է հրավիրել Համադանից։ Բագրատ վրդ. Վարդազարյանի կատարած կարևոր գործերից է 1904-1908 թվականներին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տպարանում «Նոր Ջուղայի լրաբեր» պարբերականի խմբագրումը և հրատարակությունը, որի համար նրան համարել են Նոր Ջուղայի երկրորդ Խաչատուր վրդ. Կեսարացի։ Պարբերականը ընդհանուր թվով հրատարակել է 45 համար։ 1907 թվականին Բագրատ վրդ. նախաձեռնությամբ Ս. Կատարինյան մենաստանում կառուցվել է երկհարկանի շենք՝ որպես որբանոց-արհեստանոց, ինչպես նաև կառուցվել են մի քանի սենյակներ, որոնք օգտագործել են որպես գորգագործարան։ Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը 1910 թվականին Բագրատ վարդապետին ծառայության է կանչել Էջմիածին։ Հետագայում Կաթողիկոսական կոնդակով Բագրատ վրդ. նշանակվել է Մայր Աթոռի դիվանապետ (Գևորգ Եի կոնդակով՝ 1912 թ.):

Բագրատ վրդ.Վարդազարյանը կաթողիկոսի մեկ այլ կոնդակով նշանակվել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի ժամանակավոր տեսուչ։ Նրան անմիջապես հանձնարարվել է «...Էջմիածին հրաւիրել Ճեմարանի ուսուցիչներին՝ օգոստոսի 25-ին նորեկ աշակերտացուների և վերաքննութիւն ունեցող սաների հարցաքննութիւնն եւ ապա դասաւանդութիւնը սկսելու համար. խիստ հսկողութիւն ունենալ Ճեմարանի սաների կարգապահութեան, ուսումնական եւ տնտեսական խնդիրների վրայ»[5]։

Բագրատ վրդ. Վարդազարյանը միաժամանակ համատեղել է տեսչի և դիվանապետի պաշտոնները, մասնակցել է ներեկեղեցական և համազգային կյանքին, զբաղվել ճեմարանին վերաբերող գործերով, կրթական համակարգի բարեփոխմամբ և զարգացմամբ, կազմակերպել է Ճեմարանի Մանկավարժական թանգարանի կառուցումը, Մոսկվայում կատարել է հանգանակություն Ճեմարանին կից բնական գիտությունների բաժանմունք կառուցելու համար։

1913 թվականի օգոստոսի 25-ին Բագրատ Վարդազարյանը ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1913 թվականին Մայր Աթոռում Հայ գրերի գյուտի և տպագրության տոնակատարության ժամանակ ծավալուն ելույթ է ունեցել[6][7][8]։

1913 թվականին Բագրատ վրդ. Վարդազարյանը Գևորգյան ճեմարանի իր տեսչական պաշտոնին հրաժարական է տալիս, ակայն կաթողիկոսի անմիջական միջամտությամբ և Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի ջանքերով Բագրատ եպս. մնում իր պաշտոնին[7]։

1914 թվականին «Դաշնակցություն» կուսակցության գործով կալանավորվածների ազատման հարցով հանդիպել է Կովկասի փոխարքա Իլլարիոն Վորոնցով-Դաշկովին[9]։

1914 թվականի դեկտեմբերի 28-ին ստեղծվել է «Եղբայրական օգնության Ս. Էջմիածնի գլխավոր կարգադիր հանձնաժողովը», որի նախագահող է նշանակվել Բագրատ եպիսկոպոսը։ Հանձնաժողովը նյութական միջոցներ և բժշկական օգնություն է ցուցաբերել գաղթականներին և եղեռնից տուժածներին[10]։

1914 թվականին Բագրատ եպսկոպոսը այլ հոգևորականների հետ ակտիվ մասնակցել է Մայր Աթոռի թանկարժեք իրերի Մոսկվա տեղափոխման գործընթացին, եղել է այդ գործի կազմակերպիչներից մեկը[11]։ Նույն ընթացքում Բագրատ եպիսկոպոսը մասնակցել է հայ կամավորական ջոկատների կազմմանը, ֆինանսավորմանը և ռազմական ու տնտեսական գույքի ապահովմանը[12]։

1915 թվականի սեպտեմբերի 17-ին իր գրավոր դիմումի համաձայն Բագրատ եպս. հրաժարվում է Եղբայրական օգնության կարգադիր հանձնաժողովի նախագահի պաշտոնից և անդամակցությունից[13]։ Նույն թվականի հոկտեմբերին 19-ին Բագրատ եպսկոպոսն ազատվել է նաև դիվանապետի պաշտոնից, իսկ մեկ տարի անց՝ 1916 թվականին իր դիմումի համաձայն ազատվել է Գևորգյան ճեմարանի տեսուչի պաշտոնից։ Միևնույն կոնդակով Բագրատ եպսկոպոսին հանձնարարվել է հսկողության տակ վերցնել և ավարտել մանկավարժական թանգարանի և բնական գիտությունների շենքի շինարարությունը։

1916 թվականին Բագրատ եպսկոպոսը Գարեգին ծ. վրդ. Հովսեփյանի հետ նշանակվել է հայ հոգևորականության ներկայացուցիչ՝ Կովկասում «Զեմստվո» մտցնելու խորհրդակցություններին մասնակցելու համար[13][14]։ Նույն թվականի մարտին նշանակվել է Շամախուի թեմի առաջնորդ[15] և Կաթողիկոսական կոնդակով ստանձնել Զանգու առվի շինարարության հանձնաժողովի ղեկավարությունը՝

«Կոնդակ Շամախու Հայոց թեմի Առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոսի և պ. պ. Աստուածատուր Վաչեանի, Արշակ Պարոնեանի, Ստեփան Թազիանոսեանի, Միքայէլ Բաղդատեանի, Բագրատ Շխեանի և Ստեփան Այվազեանի անունով, որոնք կարգուեցան Զանգուի առուի շինութեան Յանձնաժողովի անդամութեան պաշտօնում՝ Տ. Բագրատ եպիսկոպոսի նախագահութեամբ։ 10 մարտի, թ. 391»

։

Այդ աշխատանքներին զուգահեռ 1917 թվականի մարտին Վարդազարյանը մասնակցել է Փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսական եկեղեցուց անջատված Վրաց ուղղափառ եկեղեցու նորընտիր կաթողիկոս-պատրիարք Կյուրիոնի օծմանը[17], որից հետո Վրաստանի Կոնդակի առաջնորդ Տ. Մխիթար եպիսկոպոսի և Էջմիածինի Սինոդի անդամ Տ. Գևորգ վարդապետի հետ մեկնել է Թիֆլիս՝ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության կողմից Կովկաս ուղարկած ներկայացուցիչներին շնորհավորելու[18]։ Նույն թվականի սեպտեմբերի 29-ին, որպես Հայոց եկեղեցու ներկայացուցիչ մասնակցել է Թիֆլիսում բացված Հայկական ազգային համախորհրդակցությանը[19]։

1918 թվականի դեկտեմբերի 14-ին իր նամակներից մեկում Վարդազարյանն անդրադարձել է Բաքվի, Շամախիի, Գանձակի և հարակից բնակավայրերի հայ բնակչության կոտործի մասին՝ «Ինչպէս Կովկասի միւս մասերում, այնպէս և այս շրջանում չափազանց եռանդուն գործում էին տաճկական զինուորականները (մեծ մասամբ գերությունից փախած) և էմիսարները, որոնք կազմակերպում էին տեղական թուրքական ոյժերը, զինում, վարժեցնում, զինապահեստների վրայ յարձակւում, ռուս և հայ զիուորներին զինաթափ անում, կողոպտում, ճանապարհները կապում և այլն»[20]։ Բագրատ եպսկոպոսը կազմակերպել է թեմի կենտրոնը Շամախիից Բաքու տեղափոխման գործընթացը, որտեղ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դարձրել է առաջնորդանիստ։ Բաքվի անգլիական հրամանատարության կարգադրությամբ կազմել է թուրքերի կողմից թալանած եկեղեցական իրերի, առարկաների, սպասքի և հարստությունների մանրամասն ցուցակ։

1920 թվականի փետրվարի 14-ին Բագրատ եպսկոպոսը նշանակվել է Սինոդի անդամ։ 1921 թվականին ազատվել է Բաքվի թեմի առաջնորդի պաշտոնից, տեղափոխվել Էջմիածին և նշանակվել Սինոդի նախագահ[21]։

Էջմիածնի տպարանը փակելու կապակցությամբ 1922 թվականի հունիսի 7-ին Բագրատ արքեպիսկոպոսը գրությամբ իր վրդոհմունքն է հայտնել Խորհրդային Հայաստանի կառավարության և լուսժողոկոմ Պ. Մակինցյանի բռնի արարքների դեմ։ Պ. Մակինցյանի գործունեությունը նա բնութագրել է «...գռեհիկ դիրք» ու Էջմիածնի դեմ ծայրահեղորեն թշնամի, ավելացրել, որ «Բռնապետությունը աջից լինի թե ձախից, ատելի է Էջմիածնի համար»[22]։

1923 թվականին Մայր Աթոռում բարձրանում է դժգոհության մեծ ալիք՝ ընդդեմ Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի գործունեության, ինչի արդյունքում Բագրատ արքեպիսկոպոս հրաժարական է տալիս վանական կառավարության նախագահի պաշտոնիցԽորեն[23]։

1924-1928 թվականներին Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը եղել է Սինոդի լուծարման արդյունքում ստեղծված Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, տարատեսակ հարցերի վերաբերյալ Խորհրդային իշխանությունների հետ բանակցություններում ունեցել է ակտիվ դերակատարություն, Մայր Աթոռը ներկայացրել է ամենատարբեր ատյաններում։

Իբրև հակախորհրդային քարոզչություն իրականացնող խորհրդային գաղտնի գործակալների կողմից նրա անունը դասվում է հայտնի հոգևորականներ Ներսես Մելիք-Թանգյանի, Գարեգին եպսկոպոս Հովսեփյանի, Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի ցանկում[24]։

1925 թվականին Մոսկվայում կառավարության անդամների հետ բանակցություններ է վարել Հայոց եկեղեցու կարգավիճակի, հետագայի, իրավունքների և այլնի վերաբերյալ։ Այդ նթացքում հանդիպում է ԱՍԴՀ ներկայացուցիչ Սահակ Տեր-Գաբրիելյանի, Անդրգործկոմի տնտեսական-իրավական մասի վարիչ Ա. Սաբանինի և ուրիշների հետ[25]։։

1925-1926 թվականներին մասնակցել է տոմարական փոփոխությունների վերաբերյալ խորհրդակցություններին, զբաղվելտոմարական խնդիրներով, եղել է Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Արմավիրում, Թիֆլիսում[26]։

1927 թվականին Բարգրատ արքեպիսկոպոսը նշանակվել է Վրաստանի թեմում կաթողիկոսի ներկայացուցիչ, Վրաստանի թեմական խորհրդի նախագահ և թեմակալ առաջնորդ՝ մինչև նոր թեմակալ առաջնորդի ընտրության կազմակերպումը։ Իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով Անդրկովկասյան պետական քաղաքական վարչությունը Թիֆլիսում մնալու դեմ արգելք է դրել և թույլ չի տվել նրան այլևս վերադառնա Վրաստան[27]։

1928-1932 թվականներին Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը եղել է Հյուսիսային Կովկասի և Աստրախանի թեմի առաջնորդ։

Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը ծանր հիվանդանում է, ինչի պատճառով հրաժարվում է թեմի առաջնորդական պաշտոնից։ Գերագույն հոգևոր խորհորդը ընդունել է նրա հրաժարականը, սակայն իշխանությունները թույլ չեն տվել նա վերադառնա Էջմիածին։ Միայն Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ Խորեն Ա Մուրադբեկյանի խնդրագրերից հետո է հնարավոր եղել նրա վերադարձը Հայաստան[28]։

1932 թվականից եղել է Էջմիածնի միաբանների շարքում, մասնակցել է Ամենայն Հայոց Կաթղիկոսի ընտրություններին, նախնական շրջանում եղել է թեկնածուների ցուցակում, սակայն հետագայում հրաժարական է տվել[29]։ Խորեն Ա Մուրադբեկյանի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվելուց հետո հրաժարվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից։

Ձերբակալում, գնդակահարում, արդարացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի փետրվարին Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը ձերբակալվել է և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ՆԳԺԿ հատուկ եռյակը 1938 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ գնդակահարվել։

1958 թվականին Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը արդարացվել է։ Ըստ մեղադրանքի Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը «... լինելով հ/ս տրամադրված տարր, պտտվում էր Էջմիածնի վանքի հոգևորականների շրջանակներում, պարբերաբար վարում էր հ/խ ագիտացիա և ուներ հ/հ արտահայտություններ հասցեագրված կուսակցությանը և կառավարությանը»[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արժեքավոր վավերագիր Մայր Աթոռի 1920-ական թվականների կացության վերաբերյալ (Մեսրոպ Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի նորահայտ նամակը պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցին)».
  2. Տե՛ս Արարատ, օգոստոս-սեպտեմբեր, 1913 թ., էջ 854
  3. Հմմտ.՝ Արմենակ Մանուկյան, Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, «Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները», 1930-1938 թթ., Երևան, 1997 թ., էջ 50-51
  4. Ստեփան Կերտող, Գիրք տառապելոց, 1920-1950-ական թվականների բռնությունների զոհ հայ հոգևորականներ, Երևան, 2002, էջ 282-283
  5. Արարատ, սեպտեմբեր, 1912, էջ 793
  6. Արարատ, հոկտեմբեր, 1913, Հավելված, էջ 15[]
  7. 7,0 7,1 Խորեն Ա Մուրադբեկյան, Կաթողիկոս Ամենայն Հայոց (Հոգևոր գործունեությունը 1901-1938 թթ.) / Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք Բ, կազմող՝ Ս. Ա. Բեհբության, Երևան, 1996, էջ 291-292
  8. Ստեփան Կերտող, Հայ Առաքելական Եկեղեցին Առաջին աշխարհամարտի տարիներին, Էջմիածին, 2003, էջ 72
  9. Ստեփան Կերտող, Հայ Առաքելական Եկեղեցին Առաջին աշխարհամարտի տարիներին, Էջմիածին, 2003, էջ 72։
  10. Արարատ, հունվար, 1915 թ. էջ 4-5, 17
  11. Ստեփան Կերտող, Հայ Առաքելական Եկեղեցին Առաջին աշխարհամարտի տարիներին, էջ 95-97, 99
  12. Ստեփան Կերտող, Հայ Առաքելական Եկեղեցին Առաջին աշխարհամարտի տարիներին, էջ 186-187
  13. 13,0 13,1 Արարատ, սեպտեմբեր-հոկտեմբեր, 1915, էջ 709
  14. 3 Արարատ, մայիս-հունիս, 1916 թ. էջ 222, 337
  15. Արարատ, մայիս-հունիս, 1916 թ. էջ 334
  16. Արարատ, ապրիլ-մայիս, 1917 թ, էջ 279։
  17. Ստեփան Կերտող, Հայ Առաքելական Եկեղեցին Առաջին աշխարհամարտի տարիներին, էջ 83
  18. Արարատ, ապրիլ-մայիս, 1917 թ, էջ 281http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Ararat%20Ej/1917/1917(4-5).pdf(չաշխատող հղում)
  19. Ստեփան Կերտող, Հայ Առաքելական Եկեղեցին Առաջին աշխարհամարտի տարիներին, էջ 237-238
  20. Մայր Աթոռ ս. Էջմիածինը առաջին հանրապետության տարիներին (1918-1920 թթ), էջ 8
  21. Մայր Աթոռ ս. Էջմիածինը առաջին հանրապետության տարիներին (1918-1920 թթ), էջ 289
  22. Արտակ եպիսկոպոս Սմբատեանց / Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան, 1997, էջ 150-151
  23. Ա․ Մուրադբեկյան, Կաթողիկոս Ամենայն Հայոց (Հոգևոր գործունեությունը 1901-1938 թթ.), էջ 292
  24. Արտակ եպիսկոպոս Սմբատեանց / Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան, 1997, էջ 201-204
  25. Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, ( 1921-1938 թթ.), էջ 75-77
  26. Ա․ Մուրադբեկյան, Կաթողիկոս Ամենայն Հայոց (Հոգևոր գործունեությունը 1901-1938 թթ.), էջ 192
  27. Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, ( 1921-1938 թթ.), էջ 105-107, էջ 136-137
  28. Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, ( 1921-1938 թթ.), էջ 185-186, 339-340
  29. Խորեն Ա Մուրադբեկյան, Կաթողիկոս Ամենայն Հայոց (Հոգևոր գործունեությունը 1901-1938 թթ.), էջ 335
  30. Արմենակ Մանուկյան, Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, «Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները», 1930-1938 թթ., էջ 58

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]