Արփեն Դավթյան
Արփեն Դավթյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1898 կամ նոյեմբերի 5, 1895 |
Ծննդավայր | Ազատաշեն կամ Շուշի, Ռուսական Կայսրություն |
Մահացել է | փետրվարի 21, 1944 |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Cimetière parisien d'Ivry |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Ֆրանսիական դիմադրության մարտիկ և հեղափոխական |
Կուսակցություն | Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն (մինչև 1927) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Left Opposition? և FTP-MOI de la région parisienne? |
Արփեն Աբրահամի Դավթյան (նաև Դավիթյան, 1895 – 1944), նաև հայտնի Արմենակ Մանուկյան, Տարով և Անդրե կեղծանուններով, հայ հեղափոխական, կուսակցական և ռազմական գործիչ, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆրանսիական պարտիզանական շարժման մասնակից, Միսաք Մանուշյանի ղեկավարած զինյալ խմբավորման անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփեն Դավթյանի ծննդյան վայրի ու տարեթվի մասին գոյություն ունի երկու վարկած. նրա փաստաթղթերը վկայում այն մասին, որ նա ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիում, իսկ նրա մարտական ընկեր և մտերիմ Տիրան Ոսկերիչյանի պնդմամբ՝ Դավթյանը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 5-ին Գորիսի շրջանի Ազատաշեն գյուղում։ Հայրը աղյուսագործ էր, իսկ ինքը՝ Դավթյանը տասնչորս տարեկանից աշխատել է Թիֆլիսում որպես մեխանիկ, ապա տպագրիչ։ Ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց[2]։
Միացել է Վրաստանի բոլշևիկյան կուսակցությանը 1917 թվականին, ապա հաջորդ տարին՝ Կարմիր բանակին։ Մասնակցել է մարտերին Բաքվի կոմունայի համար։ Օգոստոսին գերեվարվել է Բաքուն գրաված բրիտանական զորքերի կողմից, սակայն նրան հաջողվել է փախչել Թեհրան[2]։ Եղել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի Կոմունիստական կուսակցությունների կենտրոնական կոմիտեներում հրահանգիչ-կազմակերպիչ[2]։ 1923 թվականից սովորել է Թիֆլիսում՝ Անդրկովկասի կոմունիստական համալսարանում, որտեղից 1925 թվականին հեռացվել է տրոցկիզմի և ստալինյան վարչակարգը քննադատող «ձախ ընդդիմությանը» անդամակցելու համար։ Հետ է ուղարկվել Հայաստան, որտեղ զբաղեցրել է մի շարք պաշտոններ. ղեկավարել է ագիտպրոպը, եղել է շրջկոմի քարտուղար, Կենտկոմի մամուլի բաժնի քարտուղար, երկաթուղային շինարարության աշխատողների կոմիտեի նախագահ[2]։
1927 թվականի տրոցկիստական ընդդիմության դեմ ուղղված կադրային զտումների հետևանքով հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից։ 1928 թվականի սեպտեմբերի 24-ին ձերբակալվել է այլ հայ ընդդիմադիրների հետ միասին։ Նրան տեղափոխում են Թիֆլիս, ապա դեկտեմբերին աքսորում են Ակմոլինսկ (Ղազախստան)։ 1931 թվականի հունվարի 22-ին այլ տրոցկիստների հետ կրկին ձերբակալվել և բանտարկվել է Պետրոպավլովսկի բանտում, դատապարտվել է երեքուկես տարվա ազատազրկման։ Պատժի ժամկետի լրանալուց հետո, 1934 թվականի հունվարի 22-ին աքսորվել է Անդիջան (Ուզբեկստան)։ Նույն տարվա մարտին նա առաջարկել է ստալինյան իշխանություններին դուրս գալ ընդդիմադիր դաշտից և կրկին միանալ Կոմունիստական կուսակցությանը՝ ֆաշիզմի դեմ պայքարին միանալու նպատակով, սակայն այս առաջարկը մնացել է անպատասխան[2]։
1934 թվականի հունիսին Դավթյանը փախել է աքսորից։ Սկզբում մտածել է գնալ Մոսկվա՝ իշխանություններին իր առաջարկը կրկնելու համար, սակայն հրաժարվել է այդ մտքից և մեկնել է Պարսկաստան։ Պարսիկ սահմանապահները ձերբակալել են նրան և մինչև սեպտեմբեր պահել Թավրիզում[2]։ Թավրիզում գրել է իր հուշերը («Ռուսական թերմիդորի բանտերում» վերնագրով), որի ձեռագիրը հետագայում ոչնչացվել է[2]։
1935 թվականի ամռանը կապ է հաստատել Տրոցկու որդու՝ Լև Սեդովի հետ և վերջինիս ուղարկել «Կոչ համաշխարհային պրոլետարիատին» վերնագրով մի գրություն, որը նա ստորագրեց «Տարով» կեղծանվամբ[2]։ Այս գրությունում հեղինակն ահազանգում է ԽՍՀՄ-ում քաղբանտարկյալների ճակատագրի մասին։ Այն տարածվել է միջազգային տրոցկիստական մամուլում՝ ուղեկցված Տրոցկու մեկնաբանությամբ[2]։
Տրոցկու և Լև Սեդովի ջանքերով ստեղծվեց «Տարովի հիմնադրամը», որը միջազգային բաժանորդագրության միջոցով դրամ է հայթայթվել Դավթյանի Եվրոպա մեկնելու ծախսերը հոգալու համար[2]։ Երկու տարվա դրամահավաքից հետո, 1937 թվականի մայիսի 22-ին Դավթյանը ժամանել է Մարսել, իսկ 25-ին՝ Փարիզ։ Ընկերներից «Արմենակ Մանուկյան» անվամբ կեղծ փաստաթղթեր է ստացել և աշխատանք գտել որպես կողպեքագործ։ Նախ բնակվել է Փարիզի Մեզոն-Ալֆոր թաղամասում այլ տրոցկիստական ակտիվիստների մոտ։ Փարիզի մետրոպոլիտենի կայարաններից մեկում փրկվել առևանգման փորձից։ Այնուհետև անցկացրել է ամռան մի մասը ֆրանսիացի տրոցկիստ Ալֆրեդ Ռոսմերի մոտ՝ Պերինի համայնքում[2]։
1937 թվականի հունիսի 12-ին Դավթյանը վկայություն է ներկայացրել մոսկովյան դատավարությունները հետաքննող փարիզյան հանձնաժողովին[2]։ Լև Սեդովի առեղծվածային մահից հետո Դավթյանը հեռացել է տրոցկիստական շրջանակներից և թռուցիկ է հրապարակել, որի մեջ քննադատում է տրոցկիստական Չորրորդ ինտերնացիոնալի ծրագիրը։ 1937 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 1940 թվականի մարտի 30-ը աշխատել է կոոպերատիվ տնտեսությունում Փարիզի 13-րդ վարչական տարածքում[2]։
Պարտիզանական գործունեությւն[խմբագրել | խմբագրել կոդը]
1930-ականների վերջերին և 1940-ականների սկզբներին Դավթյանը մտերմացել է ֆրանսահայ գաղթական շրջանակների, մասնավորապես հայ կոմունիստների հետ[2]։ 1941 թվականի հունվարի 14-ից մինչև 1942 թվականի մարտի 26-ը ապրել է Գերմանիայում։ Գերմանիայից վերադառնալուն պես ծանոթացել է Միսաք Մանուշյանի հետ, ի հեճուկս դրան, որ վերջինս սովետամետ Ֆրանսիական կոմունիստական կուսակցության անդամ էր և գիտեր, որ Դավթյանը հակաստալինական է և փախել է ԽՍՀՄ-ից։ 1943 թվականի հուլիսին, Մանուշյանի միջնորդությամբ Դավթյանը միացել է «Ազատ հրաձիգներ և պարտիզաններ» (ֆր.՝ Francs-tireurs et partisans (FTP)) պարտիզանական կառույցի առաջին ջոկատին, որը հիմնականում կազմված էր ոչ ֆրանսիացի ներգաղթյալներից[2]։ Գործել է «Անդրե» կեղծանվան տակ։ Մասնակցել է գերմանացի զավթիչների և ֆրանսիացի կոլլաբորացիոնիստների դեմ ուղղված տարբեր դիմադրական գործողություններին[2]։
1943 թվականի հոկտեմբերի 5-ին յուրայինների կրակից վիրավորում է ստացել ֆրանսիացի կոլլաբորացիոնիստ Գաստոն Բրունետոնի դեմ իրականացված անհաջող սպանության փորձի ժամանակ։ Ապաստան է գտել և ապաքինվել է զինակից Տիրան Ոսկերիչյանի, Միսակ Մանուշյանի կնոջ՝ Մելինեի և վերջինիս քրոջ՝ Արմենուհի Ասատուրյանի օգնությամբ[2]։
Ձերբակալություն և սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1943 թվականի նոյեմբերի 19-ին Դավթյանը իր տանը ձերբակալվել է Վիշի վարչակարգի հետախուզության կողմից։ 1944 թվականի փետրվարի 21-ի առավոտյան 23 այլ ձերբակալված պարտիզանների հետ միասին դատապարտվել է մահապատժի։ Նրանցից քսաներկուսը, այդ թվում՝ Դավթյանն ու Միսաք Մանուշյանը, գնդակահարվել են նույն օրը Մոն-Վալերիենի բերդում[2]։
Թաղվել է Փարիզի Իվրիի գերեզմանատան մեջ «Մանուշյանի խմբի» այլ անդամների կողքը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mémoire des hommes (ֆր.) — 2003.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Prager Rodolphe (25-08-2009)։ MANOUKIAN Armenak [DAV’TIAN Arben, Abramovitch, dit TAVITIAN (Holban), dit DAVIDIAN (SGE), dit ANDRE]։ Dictionnaire biographique des fusillés et exécutés par condamnation et comme otages et guillotinés en France pendant l'Occupation (ֆրանսերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դավթյանի «Կոչ համաշխարհային պրոլետարիատին» գրության անգլերեն թարգմանությունը։ Տվյալ տարբերակը հրապարակվել է 1935 թ. հոկտեմբերի 19-ին ամերիկյան «New Militant» թերթում, «Ա. Տարով» կեղծանվան տակ։
- Դավթյանի «Փախուստս ստալինյան բանտից» գրության անգլերեն թարգմանությունը։ Տվյալ տարբերակը հրապարակվել է 1936 թ. նոյեմբերի 15-ին ամերիկյան «New Militant» թերթում, «Ա. Տարով» կեղծանվան տակ։