Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի շենքը
Տեսակթատրոն և թատերախումբ
ՏնօրենԿամո Նաղդալյան
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԱրտաշատ, ՀՀ
Կայքartashattatron.am

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն, Արտաշատի պետական թատրոն, Ամո Խարազյանի անվան միջշրջանային թատրոն, վերակազմվել է 1956 թվականի հունվարին, Ղամարլուում 1934-1956 թթ. գործող պետական շրջանային թատրոնի հիման վրա (1921 թվականից եղել է սիրողական թատերախումբ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշատի Ամո Խարազյանի անվան միջշրջանային պետական թատրոնն ուներ իր շենքը, կայուն թատերախումբը՝ ռեժիսորներով, նկարիչներով և այլն։ Խմբի դերասաններն էին՝ Լյուսի Թառայանը, Ասյա Աքուլյանը, Շուշիկ Դանիելյանը, Կատյա Ղարիբյանը, Սիրուշ Քյուրքչյանը, Թագուհի Դանիելյանը, Դավիթ Քիշմիրյանը, Ցոլակ Սողոմոնյանը, Դանիել Միլիտոնյանը, Հրանտ Մանվելյանը, Քաջիկ Գյուրջյանը և ուրիշներ։ Միջշրջանայինի վերակազմվելիս խումբը համալրվեց նոր ուժերով՝ ժողովրդական արտիստներ Սեթ Հովհաննիսյան, Վրույր Փանոյան, վաստակավոր արտիստներ Գուրգեն Ջանոյան, Զարիկ Տերյան, Մարգո Կարապետյան և Երևանի թատերական ինստիտուտն ավարտած երիտասարդներով։ Իր հիսնամյա պատմության ընթացքում թատրոնը տվել է շուրջ երեք հարյուր բեմադրություն, այդ թվում՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը» և «Ամպրոպ», Ֆրանկոյի «Գողացված երջանկություն», Բալզակի «Խորթ մայրը», Շոուի «Սատանայի աշակերտը»։ Թատրոնի խաղացանկում մեծ տեղ է տրվել խորհրդային դրամատուրգիային, պատմահեղափոխական պիեսներին։ Տարբեր ժամանակներում թատրոնի ռեժիսորներն են եղել Ռ․ Արմենյանը, Հ․ Մանվելյանը, Ռ․ Մինասյանը, Ռ․ Թառյանը և ուրիշներ։ Թատրոնի ներկայացումներում հանդես են եկել հայ բեմի ականավոր վարպետները։

Թատրոնի հիմնադրման օրվանից մինչև 1977 թվականը թատրոնում է աշխատել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վրույր Փանոյանը։ 1934-1990 թթ. Արտաշատի թատրոնի դերասանական շատ հաջողություններ կապված են ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սեթ Հովսեփյանի անվան հետ, ով 1951-1995 թթ. բեմադրություններով և դերակատարումներով այստեղ հանդես էր եկել, իսկ 1963-1967 թթ. թատրոնի գլխավոր բեմադրիչն է եղել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հրանտ Մանվելյանը։ Տարբեր տարիների Արտաշատի թատրոնում աշխատել են ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Խաչիկ Նազարեթյանը, վաստակավոր արտիստներ Մ. Կարապետյանը, Զ. Տերյանը, Լ. Սարգսյանը, Գ. Ջանոյանը, Ժ. Գևորգյանը, Ք. Բարսեղյանը, Ք. և Մ. Գյուրջյանները, Ա. Էհրամջյանը, Կ. Ավետիսյան-Մանվելյանը, Շ. Դանիելյանը, Մ. Վարդանյանը և ուրիշներ։ Թատրոնը ղեկավարել և բեմադրություններով հանդես են եկել Ռ. Մինասյանը, Ռ. Սարգսյանը, Հ. Հովհաննիսյանը, Ռ. Ջրբաշյանը, ուրիշներ։ 1956-1957 թթ. բեմադրված Լ. Աբրահամյանի «Սոս և Վարդիթեր», Ի. Ֆրանկոյի «Գողացված երջանկություն» և այլ բեմադրություններ թատրոնի վերաշինության, ստեղծագործական ուժերի համախմբման հիմքերը դրեցին[1]։

Թատրոնի ստեղծագործական վերելքը պայմանավորվեց ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մայիս Ռաֆայելյանի մուտքով. 1972 թվականից ստանձնելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, նա ստեղծեց մի շարք բեմադրություններ, որոնք դարձան թատրոնի ստեղծագործական ձեռքբերումները։ Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Նար-Դոսի «Մեր թաղը», Եղիշե Չարենցի «Ազգային երազ», Օտչենաշեկի «Ռոմեոն, Ջուլիետը և խավարը», Էթիլ Լիլիան Վոյնիչի «Բոռ» երկերի բեմականացումները, Շիլլերի «Սեր և խարդավանք», Ժիրայր Անանյանի, Գ. Չալիկյանի, Ն. Մեսրոպյանի, Ա. Բանայանի և այլ հեղինակների պիեսների բեմադրությունները ճանաչում բերեցին թատրոնին, բացահայտեցին դերասանախմբի հնարավորությունները։

Թատրոնը ղեկավարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանը։ Թատերախմբում են եղել ՀՀ վաստակավոր արտիստներ Գրետա Գալստյանը, Գագիկ Սարգսյանը, Վ. Հովհաննիսյանը, Բ․ Գևորգյանը դերասաններ Ս. Ղազարյանը, Գ. Թովմասյանը, Ս․ Ռուշանյանը, Հ․Ղարիբյանը և ուրիշներ։ Ձգտելով ստեղծել ժամանակակից խաղացանկ, ուշադրություն սևեռել ազգային թատերգությանն ու գրականությանը, թատրոնն անդրադարձել է Լ. Ներսիսյանի «Տիգրան Մեծ», Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև», Նար-Դոսի «Սպանված աղավնի», Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» և այլ երկերի։

1950-1990-ական թվականներին թատրոնը մշտապես հյուրախաղերով հանդես է եկել Սևծովյան հայաշատ բնակավայրերում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, 1989 թվականին բարեգործական հիմունքներով թատրոնը ներկայացումներ է ցուցադրել Ադլեր, Սոչի, Տուապսե, Խոստա, Մացեստա բնակավայրերում։ 1986 թվականին ԽՍՀՄ մշակույթի նախարարության հրավերով թատրոնը «Սեր և խարդավանք»բեմադրությունը ներկայացրել է Մոսկվայում։ 2009 թվականին Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» ներկայացումն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Տարվա հայտնություն» մրցանակին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 138