Արտագերսի ինքնապաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտագերսի ինքնապաշտպանություն
Հայ-պարսկական պատերազմներ
Last Battle of Queen Pharandzem.jpg
Փառանձեմ թագուհին Արտագերսի պաշտպանության ժամանակ
Թվական 368 թվական
Վայր Արտագերս (բերդ)
Արդյունք Սասանյան Պարսկաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Արշակունիների թագավորություն Արշակունիների թագավորություն Senmurv.svg Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Արշակունիների թագավորություն Փառանձեմ Senmurv.svg Շապուհ II
Կողմերի ուժեր
Անհայտ 50 հազար
Կորուստներ
Անհայտ Անհայտ

Արտագերսի ինքնապաշտպանություն, Արտագերսի բերդապահ զորքի և բնակչության 14-ամսյա ռազմական գործողություններն՝ ընդդեմ Սասանյանների։ Հայոց Արշակ Բ թագավորի բանտարկությունից հետո պարսից Շապուհ 2֊րդ արքայի 50-հազարանոց զորաբանակը 368 թվականի աշնանը ներխուժել է Հայաստան։ Հայոց թագուհի Փառանձեմը, վերցնելով պետական գանձերը, արքունի պահակազորի (11 հազար զինվոր) հետ ամրացել է Արտագերս բերդաքաղաքում։ Թագուհու նպատակն էր դիմադրել թշնամուն մինչև օգնության կհասնեին Արևելյան Հռոմեական կայսրություն քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, և Հռոմեական կայսրության խոստացած զորքը։ Ըստ Ամիանոս Մարկելինոսի՝ պաշարվածները ոչ միայն լուրջ դիմադրություն են կազմակերպել, այլև գիշերային հակահարձակումով պարսկական զորքերին զգալի կորուստներ պատճառել և կասեցրել բերդի պաշարումը։ 369 թվականի գարնանը պարսկական բանակը, Շապուհ Երկրորդի առաջնորդությամբ, մտել է Հայաստան և կրկին շրջապատել Արտագերսը։ Պաշտպանության 14-րդ ամսին բերդում համաճարակ էր սկսվել, որից մահացել էր բերդապահների մեծ մասը։ Զրկվելով դիմադրության միջոցներից՝ Փառանձեմ թագուհին բերդը հանձնել է թշնամուն։ Պարսկական զորքը կողոպտել է արքունի գանձերը, գերի վերցրել հազարավոր մարդկանց և թագուհուն[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

360-ական թվականների երկրորդ կեսը Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջան էր: Հայերը շարունակում էին պայքարել Սասանյան Պարսկաստանի դեմ, որում երկու կողմերն էլ ծանր իրադրությունում էին հայտնվել: Պատերազմն ընթանում էր հիմնականում Մեծ Հայքի տարածքում:

368 թվականին Շապուհ Բ-ն, նորանոր պարտություններ կրելուց հետո, հաշտություն կնքելու պատրվակով իր մոտ է հրավիրում հայոց թագավոր Արշակ Բ-ին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին ու ձերբակալում:

Aquote1.png Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մաիկոնյանին, Մեծ Հայքի զորավարսպարապետին: Որովհետև Վասակը փոքր էր մարմնով` պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին. հիմա ի՞նչպես պետք է իմ ձեռքից ազատվես. ես քեզ աղվեսի մահով պիտի սատկեցնեմ»: Վասակ սպարապետը պատասխան տալով ասաց. «Այժմ ինձ տեսնում ես փոքր մարմնով և սուրս էլ վրաս չէ` իմ մեծության չափը չիմացար, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվես դարձա: Բայց երբ ես դեռ Վասակ էի` ես հսկա էի, մի ոտս մի լեռան վրա էր, մյուսը մյուս լեռան վրա, երբ աջ ոտքիս վրա էի հենվում` աջ կողմի լեռը գետինն էի կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում` ձախ կողմի լեռն էի գետին կոխում»: Շապուհ թագավորը հարցրեց ասաց. «Չի՞ լինի ասես, այդ ի՞նչ լեռներ են, որ դու տափն էիր կոխում»: Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը Հունաց թագավորը. քանի որ Աստված հաճ էր մեզ հետ` քեզ էլ էի գետին կոխում, Հունաց թագավորին էլ... Հիմա ինչ ուզում ես արա»:
- Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Դ, գլ. ԾԴ
Aquote2.png


Ինքնապաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապուհը, հայոց թագավոր Արշակին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին գցելով «թակարդի» մեջ, աշնանը Հայաստան նոր զորք է ուղարկում: Պարսից արքան շտապում էր օգտվել հարմար հնարավորությունից, քանի դեռ Հայաստանում թագավոր չկար: Այդ զորքի հրամատարներն էին Հայաստանից փախած և Պարսկաստանում ապաստանած հայր մարդպետ Գլակն ու զորավար Արտավանը:

Aquote1.png Պարսից Շապուհ թագավորը այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո, ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործ դնել ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը` Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը, բանակի հրամանատար: Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր գտնվում նաև Արշակի կինը` տղայի հետ միասին:
- Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 5
Aquote2.png


Այդ ընթացքում երկրի կառավարումը հանձնվել էր Փառանձեմ թագուհուն, որը թագաժառանգ Պապի և 11-հազարնոց զորքի հետ ամրացել էր Արշարունիք գավառի Արտագերս բերդում։

Հայոց արքայի գանձերին տիրանալու, ինչպես նաև թագուհուն և թագաժառանգ Պապին գերի վերցնելու նպատակով Շապուհը իր զորքով գնում է գրավելու Արտագերս բերդը։ Պարսկական բանակը, կենտրոնանալով Արտագերս բերդի մոտ, 368 թվականին պաշարում է այն: Ամրոցում պաշարվածները դրսից օգնություն չէին կարող ստանալ, սակայն վատ էր նաև Արտագերսը պաշարած պարսկական զորամասերի վիճակը: Նրանք որոշել էին ամրոցը չգրավել ձմռանը: Գլակը և Արտավանը որոշում են բանակցել Փառանձեմ թագուհու հետ ու նրան հորդորում են դադարեցնել դիմադրությունը: Բանակցությունների ժամանակ Փառանձեմը հայտարարում է, որ «ամրոցի անկման դեպքում առաջին հերթին որդու ճակատագիրն է մտահոգում իրեն», և որ հակառակորդի հավաստիացումներին հավատալ չի կարող: Բանակցությունների ընթացքում հայոց թագուհին նաև հայտարարում է, որ դիմադրությունը չի դադարելու: Թագուհին արքայազնին փրկելու համար Գլակինն և Արտավանին վարձատրություն, իսկ հետագայում` աջակցություն է խոստանում:

Բերդի հրամանտարությունը որոշում է արտագրոհ կազմակերպել, և պարսկական բանակ վերադարձած բանագնացները հայտարարում են, թե ամրոցի պաշտպանները ժամանակ են խնդրում պաստասխանի համար՝ այսպիսով թույլացնելով պարսկական կողմի զգոնությունը։ Հայկական կողմը, օգտվելով առաջացած դրությունից, գրոհում է պարսիկների զորքի վրա։ Հայերի անսպասելի հարձակումից հետո պարսիկները նահանջում են։

Aquote1.png Գլակը և Արտավանը, հույս ունենալով, որ հետագայում առատ վարձատրություն կստանան հռոմեացիներից, գաղտնի խորհրդակցելով համոզեցին պաշտպաններին, որ ուժեղ մի գունդ, բաց անելով բերդի դուռը, գիշերվա պայմանավորված ժամին, անսպասելի հարձակում գործի թշնամու ճամբարի վրա: Նրանք աշխատեցին այնպես անել, որ դավադիրները մնան անհայտ: Համաձայնությունը ավարտվեց երդումով: Գլակը և Արտավանը դուրս եկան բերդից և հայտարարեցին, որ բերդաքաղաքի պաշարվածները խնդրում են երկու օր ժամանակ տալ, որպեսզի խորհրդակցեն, թե ինչպես են վարվելու իրենք: Դրանով նրանք կարողացան պարիսպների մոտ առաջացնել կատարյալ անհոգություն: Եվ ահա գիշերը, երբ բոլորը քնած էին խորը քնով, բացվեց բերդաքաղաքի դուռը. այնտեղից արագ դուրս եկավ մարտիկների մի զորամաս՝ սրերը հանած, գաղտագողի կամացուկ հարձակվեց թշնամու ճամμարի վրա, ուր վտանգ չէր ակնկալվում, և առանց դիմադրության հանդիպելու, սկսեց կոտորել բազմաթիվ քնած մարդկանց։
- Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 6
Aquote2.png


Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսիկների պարտությունից հետո պարսից թագավոր Շապուհ Բ-ն զորավարներ Զիկի և Կարենի գլխավորությամբ Հայաստան է ուղարկում մեծաթիվ զորք, ավելի է ուժեղացնում Արտագերսի պաշարումը[2]։

Aquote1.png Այս անգամ էլ պաշարումը բավարար արդյունք չի տալիս Շապուհին։ Լուր ստանալով Արտագերսի մոտ պարսից պաշարող զորքի կոտորածի մասին՝ Շապուհը գազանի նման կատաղեց, հավաքեց ավելի մեծ զորք և սկսեց Հայաստանը բացահայտ կերպով կողոպտել ու ավերել... այնուհետև իր զորքերի ամբողջ բազմությունը կենտրոնացրեց Արտագերսի շուրջը։ Եվ երբ մի շարք կռիվներից հետո պաշտպանվողներն ուժասպառ եղան բաց անել տվեց դռները և բերդաքաղաքը այրեց։ Այդտեղից դուրս հանվեց Արշակի կինը, որին նա տարավ իր հետ գանձերի հետ միասին»։
- Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 6
Aquote2.png


Արտագերսը նվաճելուց հետո Շապուհի զորքերն ավերում և կողոպտում են Հայաստանի խոշոր քաղաքները՝ Տիգրանակերտը, Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Վանը, Զարիշատը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան: «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 22–28 
  2. «ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՐՈԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐԸ ԻՐ ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ»։ armenianhouse.org (հայերեն)։ Վերցված է 2019-25-08