Արոսենի Թամամշյանի
Արոսենի թամամշյանի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Խնձորայիններ (Maloideae) |
Ցեղ | Արոսենի (Sorbus) |
Տեսակ | Արոսենի թամամշյանի (S. tamamschjanae) |
Միջազգային անվանում | |
Sorbus tamamschjanae |
Արոսենի Թամամշյանի (լատին․՝ Sorbus tamamschjanae), վարդազգիների ընտանիքի, արոսենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուփ կամ ծառ է՝ մինչև 10 մ բարձրությամբ, լայն բրգաձև սաղարթով։ Կեղևը դեղնադարչնագույն է, մոխրագույն խավով և կլորավուն ոսպնյակներով։ Բողբոջները ձվաձև են, թեթև աղվամազով ծածկված։ Տերևներն ունեն 2,5-9 սմ երկարություն և 1,5-5 սմ լայնություն, բլթակավոր են, ձվաձև կամ էլիպսաձև, սեպաձև հիմքով, բութ գագաթով, մանր ատամնաեզր, կաշվեկերպ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից կանաչասպիտակ աղվամազապատ։ Ունեն տերևակիցներ։ Տերևակոթունը ունի 0,3-2,0 սմ երկարություն։ Ծաղկաբույլը բարդ վահան է, 4-11 սմ տրամագծով, կազմված 25-60 (երբեմն՝90) ծաղիկներից։ Ծաղկակիցները մանր են, թափվող, ծաղկի տրամագիծը հասնում է 1,5-1,8 սմ-ի։ Բաժակաթերթիկների երկարությունը 0,2-0,3 սմ է, եռանկյուն, կարճ սրածայր, ներսի կողմից մերկ, դրսից՝ մազմզուկապատ։ Պսակաթերթիկները ձվաձև են կամ կլորավուն, սպիտակ, մազմզուկապատ։ Առէջները 20 հատ են, դեղնասպիտակ փոշեպարկերով։ Սերմնարանը կիսացածրադիր է, 2-3 բնանի։ Պտղաբույլերում կան 4-18 պտուղներ։ Պտուղը լայն էլիպսաձև է, թեթև անկյունավոր, դեղնավուն։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Ուշադրության արժանի դեկորատիվ տեսակ է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Թուրքիայում։ Հայկական բարձրավանդակի էնդեմ է։ Հայաստանի սահմաններում հանդիպում է հարավային շրջաններում, կաղնու նոսրուտներում, չոր, քարքարոտ լանջերում, ծովի մակերևույթից 1500-1800 մ բարձրությունների վրա[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 361։
|