Արմինե Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմինե Բաբայան
Ի ծնեԱրմինե Բաբայան
Ծնվել է1876 թվական
ԾննդավայրԹիֆլիս
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի
ՀայրԱվետիք Բաբայան

Արմինե Բաբայան, բազմաժանր նկարիչ է, նկարել է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ։ Ապրել և ստեղծագործել է Փարիզում։ Ֆրանսիացի ամուսնու ազգանունով կոչվել է Կարբոնել։ Նկարչուհու նուրբ քնարականությամբ ներծծված ստեղծագործունները չեն ունեցել դարի ոգուն համապատասխան գրավիչ էֆեկտներ, և նա մնացել է աննկատ՝ հակառակ իր ունակությունների։ Նրա գործերի վերարտադրումը պարբերական մամուլում այնքան հազվադեպ են, որ դրանց հիման վրա հնարավոր չէ նրա ստեղծագործությանը սպառիչ բնութագիր տալ։ Նա արտասահմանի հայ նկարիչների շրջանում մեկն էր այն արվեստագետներից, որոնք տուրք չեն տվել օտար ազդեցություններին և համեմատաբար հարազատ են մնացել հայ ազգային արվեստի ավանդույթներին։ Նա ստեղծագործել է Փարիզում հազարավոր արվեստագետների շրջապատում, որոնց հետ մրցակցելը բավականաչափ դժվար է եղել, եթե ոչ անհնար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1876 թվականին Թիֆլիսում Ավետիք Բաբայանի ընտանիքում։ Հակում դեպի նկարչություն նրա մեջ սկսել է երևալ մանկությունից՝ դպրոցում սովորելու տարիներից։ Նրա մեջ դեպի նկարչությունը եղած սերը զարգացնելու համար նպաստավոր են եղել թե՛ ընտանեկան և թե՛ դպրոցական միջավայրը։ Նրա հայրը կրթված, անվանի բժիշկ էր Թիֆլիսում, իսկ մայրը՝ Սոֆյա Բաբայանը, Գերմանիայում բարձրագույն կրթություն ստացած կիրթ անձնավորություն էր, զբաղվում էր մանկավարժությամբ, տիրապետում էր մի քանի լեզուների՝ գերմաներեն, ռուսերեն, վրացերեն, հայերեն։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմինե Բաբայանը նոր խոսք չի ասել, շարունակել է սահմանափակվել 19–րդ դարի նախաիմպրեսիոնիստական շրջանի արվեստի ռեալիստական ավանդույթներով։ Բաբայանի նախասիրած ժանրերից ավելի կատարյալը դիմանկարն է, որում ավելի նկատելի է նրա մասնագիտական կարողությունը։ Արմինե Բաբայանի լավագույն դիմանկարներից է «Սոֆյա Բաբայանի դիմանկարը», «Ընթերցանություն» խորագրով դիմանկարը, քրոջ՝ Շուշանիկ Բաբայանի, քրոջ ամուսնու՝ Լուի Լալուայի, կոմպոզիտոր Լեոն Ալգազիի, Արշակ Չոպանյանի, տիկին Ֆանտայի դիմանկարները։ Արմինե Բաբայանը նկարել է նաև բազմաթիվ տղամարդկանց, կանանց, օրիորդների, երեխաների դիմանկարներ, որոնք մնում են անհայտ։ Բաբայանի ստեղծագործություններում կան մանուկներին նվիրված պատկերներ։ Մանուկներին նվիրված գործերը բազմազան են։ Պարբերական մամուլում հաճախակի հրապարակված գործերից է «Փոքրիկ աղջիկը տիկնիկի հետ» նկարը։ Նրա նատյուրմորտներից են «Շուշանները պարտեզում», «Վարդեր և մեխակներ», «Կարմիր և սպիտակ վարդեր», «Խնձորենու ծաղկած ճյուղը», «Քրիզանթեմներ» և այլն։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականից մասնակցել է ցուցահանդեսներին, որոնք կայացել են 1926, 1928, 1929, 1931 թվականներին։ Նա նույնիսկ ընտրվել է Փարիզի գեղարվեստի ազգային ազգային ընկերության անդամ՝ պարբերաբար մասնակցություն ունենալով այդ ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ե․ Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան,1987