Արզաշկուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արզաշկուն կամ Արզաշկու, ներկայիս Արճեշի տեղում, քաղաք Վանի թագավորությունում։ Տեղադրության հարցում ուսումնասիրողները տարակարծիք են։ Ա․ Աեյսը և Գ․ Մասպերոն տեղադրում են Վանա լճի և Մանազկերտի միջև, Բորիս Պիոտրովսկին այնտեղ որոշում է այժմյան Դիադինի շրջանում, ոմանք նույնացնում են Արծկե կամ Արճեշ քաղաքների հետ։

Առաջին անգամ հիշատակվում է Ասորեստանի թագավոր Սալմանասար III-ի արձանագրություններում՝ որպես Արամե ուրարտացու «արքայական քաղաք»։ Գահակալման 3-րդ տարում (մ.թ.ա. 857 կամ 856) Սալմանասար III արշավել է Ալզի (Աղձնիք) և Էնզիտե (Անձիտ) «երկրները», անցնելով Արծանիա (Արածանի) գետը՝ մտել է Սուխմուի և Դայաենի (Տայք) «երկրները», շարժվել է Ուրարտու։ Արամե թագավորը խուսափել է ճակատամարտից և հեռացել Ադդուրի լեռները։ Մ.թ.ա. 840 թվականին Սալմանասար III-ի զորքերը գրավել են Արզաշկուն, բնակչությանը ոչնչացրել, կողոպտել և հրի մատնել քաղաքը։ Քաղաքի գրավման տեսարանը Սալմանասար III քանդակել է Բալավաթյան դարպասներին։ Սարդուրի Ա-ն մայրաքաղաքը տեղափոխել է Տուշպա-Վան։

Ներկայումս կարծիքներ կան այն մասին, որ Արզաշկուն հավանաբար Պտղեմեոսի (մ.թ. 2-րդ դար) «Ասիայի երրորդ քարտեզում» նշված՝ Արամալի կամ Արմաիիրա (Արմավիր) քաղաքի հյուսիսային հարևանությամբ՝ Արագած լեռան ստորոտին, Քասախ գետի ափին գտնվող Աուզակա[նա] կամ Ավշական բնակավայրն է /ներկայիս Օշական գյուղի մոտ պեղված Ուրարտական հնավայր/:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 70