Արեգակնային համակարգության մոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգակնային համակարգության մոդել
նյութբրոնզ
ստեղծվել էմ. թ. ա. 12-11-րդ դար

Արեգակնային համակարգության մոդել (անգլ.՝ Plate with a symbolic model of the solar system), Արեգակնային երկրակենտրոն համակարգության մոդելը պատկերող դրվագված թիթեղ, որի ստորին մասի կենտրոնում պատկերված է Երկիր մոլորակը (խաչաձև հիմքով և կիսաբոլորակ սայրով սակրի տեսքով)։ Թվագրվում է մ.թ.ա. 12-11-րդ դարերին։ Այն շրջապատված է ջրի և մթնոլորտի շերտերը նշող երկու օղակներով։ Գլխավերևի սկավառակը խորհրդանշում է Արեգակը։ Արեգակի և Երկրի միջև են գտնվում հինգ մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը և Լուսինը[1]։

Հայտնաբերվել է Սևանի ավազանում (Լճաշեն), հայտնաբերողը Երվանդ Լալայանն է։ Արեգակնային համակարգության մոդելը պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրակենտրոն համակարգի այսպիսի դասավորությունը հանդիպում է նաև հայկական միջնադարյան ձեռագրերում։ Արեգակնային համակարգության մոդելը կապված է Հայկական լեռնաշխարհում Բրոնզե դարում տարածված արևի պաշտամունքի հետ։ Բրոնզեդարյան Հայաստանի բնիկներն արևին պաշտել են որպես կենսահաստատ զորության՝ զարթոնքի, պտղաբերության և բոլոր բարիքները ստեղծող գերբնական ուժ և այն պատկերել են երկրաչափական մարմինների, տարբեր կենդանիների տեսքով։ Ավելի ուշ արևը ներկայացվել է նաև անտրոպոմորֆ կամ մարդկային կերպարանքով։

Հայկական լեռնաշխարհին բնորոշ է արևի կապը ճառագայթավոր անիվի հետ, ուստի անվաձև, բազմաթիվ ճառագայթներով սկավառակները հաճախ են հանդիպում Հայաստանի բրոնզեդարյան արվեստի հուշարձաններում[3]։

Հեթանոսական պաշտամունքի մեկնաբանման օրինակներ ենք հանդիպում Եզնիկ Կողբացու մոտ.

Եւ այնու կենդանութեամբ, ասեն, ամենայն արարածք զնորա բնութենէն կախեալ կան, որպէս ճառագայթք արեգական զանուէն կախեալ կան։ Եւ ինքն մի է եւ բազում, եւ բազում է եւ մի. որպէս արեգակն մի է եւ բազում, զի մի անիւ է եւ բազում ճառագայթք[4]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակնային համակարգության մոդելի ստորին հատվածում համեմատաբար ավելի մեծ պատկերված է Երկիր մոլորակը, որը շրջապատված է երկու՝ ջրային և մթնոլորտային շերտերով։ Երկիր մոլորակից վեր պատկերված են յոթ լուսատուները։ Այս լուսատուներից ամենավերինը ունի ամենամեծ ճառագայթող սկավառակը և, ենթադրաբար, խորհրդանշում է Արեգակը։ Մյուս լուսատուներից Երկրին ամենամոտ գտնվողը, երևի թե Լուսինն է, քանի որ այդ շրջանում համարվում էր, որ Երկրին գտնվող ամենամոտ լուսատուն՝ Լուսինն է։ Մնացած հինգ լուսատուները՝ դրանք այն ժամանակ հայտնի հինգ մոլորակներն են։ Երկնային լուսատուների մեջ ներգծված են ցուլի կամ եզան գլուխներ։

Արեգակը, Լուսինն ու հինգ մոլորակները, Երկրի շուրջը բոլոր կողմերում չեն դասավորված, քանի որ Բրոնզե դարում մարդիկ պատկերացում չունեին լուսատուների շարժման մասին։ Արեգակնային համակարգության այս մոդելը ստեղծված է երկրակենտրոն համակարգի հիման վրա, նման դասավորությամբ պատկերներ են հանդիպում նաև հայկական ձեռագրերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան, Բ. (1965). Բրոնզե դարի գոտի-օրացույց. Երևան. էջեր 10–11.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Հնագիտական Հավաքածու, Հայաստանի պատմության թանգարանի վեբկայք». historymuseum.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. Իսրայելյան, Հասմիկ (1967). «Արևի պաշտամունքի հետքերը բրոնզեդարյան Հայաստանում» (PDF). Լրաբեր Հասարակական Գիտությունների (4): 77–88. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 19-ին.
  4. Եզնիկ (վարդապետի Կողբացւոյ) Եղծ աղանդոց, Թիֆլիս,1914, էջ 142։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասմիկ Իսրայելյան, Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Ե. 1973
  • Հասմիկ Իսրայելյան, Արևի պաշտամունքի հետքերը բրոնզեդարյան Հայաստանում, Ե. 1969
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010
  • Levon Abrahamyan. The Killing of Hero's Adversary in the Armenian Epic, 160- 177 pp.,Aramazd, Volume VIII, Issues 1-2, 2013-2014.
  • Levon Abrahamyan. Hero Chained in a Mountain: On the Semantic and Landscape Transformations of a Proto-Caucasian Myth, 208- 221 pp.,Aramazd, Volume I, 2006
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM