Արամի հուշատետրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամի հուշատետրը
իսպ.՝ Quadern d'Aram
ՀեղինակՄարիա Անխելս Անգլադա
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուկատալաներեն
Լեզուհայերեն
Էջեր150
Հրատարակման տարեթիվ1997
Հրատարակում հայերեն2008
ԹարգմանիչԳրիգոր Ջանիկյան
ԳՄԴ84.4

Արամի հուշատետրը, կատալոնացի արձակագիր Մարիա Անխելս Անգլադայի ստեղծագործությունը հայոց ցեղասպանության մասին։

Հեղինակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Անխելս Անգլադան (1930-1999 թթ.) կատալոնացի արձակագիր, բանաստեղծ և խոհագիր է, Ժոսեֆ Պլայի անվան մրցանակի դափնեկիր։ Ծնվել է Բարսելոնայի նահանգում՝ Վիկում։ Երկար տարիներ եղել է Բարսելոնայի երկրորդական վարժարանի դասական բանասիրության պրոֆեսոր։ 1961 թվականին տեղափոխվել է Ֆիգերաս, որտեղ ապրել է մինչև իր մահը։

Գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արամի հուշատետրը» Մարիա Անխելս Անգլադայի վերջին ծավալուն ստեղծագործությունն է, որը գրված է ցեղասպանությունը վերապրած մայր ու որդու օրագրային գրառումների, պատմական վկայությունների, վավերաթղթերի, գեղարվեստական ստեղծագործությունների հիման վրա։ Վեպը լայն արձագանք է գտել Կատալոնիայում, Իսպանիայում, արժանացել մամուլի բարձր գնահատականին։ Գրաքննադատները միահամուռ այն կոչել են «Հայոց ցեղասպանության հավաստի ու ցնցող վավերագրություն»։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արամի հուշատետրը» վեպը պատմում է 20-րդ դարասկզբի մի հայ ընտանիքի ոդիսականի մասին։ Միլիոնավոր անմեղ հայեր Կիլիկիայի տարբեր բնակավայրերից, Փոքր Հայքի նախկին թագավորությունից, Վանից, սևծովյան քաղաքներից տեղահանվում, աննախադեպ բռնագաղթի են ենթարկվում։ Նրանց թվում, հանգամանքների բերումով ընտանիքի մյուս անդամներից բաժանված, 15-ամյա Արամն ու Մարիկը՝ մայրը։ Երկար դեգերումներից հետո նրանք հաստատվում են Մարսելում, փորձում իրենց ազգային գոյությունը վերահաստատել տեղի հայկական համայնքում՝ չմոռանալով անցյալը։

«Արամի հուշատետրը» ունի պատմական հենք, հերոսները կերպավորվում են իրական պատկերներով։ Վեպում իրար են հաջորդում գլխավոր հերոսների՝ Արամի ու Մարիկի ձայները, ովքեր անմիջականորեն պատմում են իրենց տանջալի գաղթի՝ Արևելյան Հայաստան, Հունաստան հասնելու (որտեղ մտերմանում են մի հույն ընտանիքի հետ), վերջապես Մարսելում հաստատվելու մասին։

Յուրաքանչյուր գլխի սկզբում մեջբերումներ կատարելով Հրանտ Նազարյանցի, Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի ստեղծագործություններից, հեղինակը ոչ միայն հարստացնում է պատումը, այլև ընթերցողին ծանոթացնում հայկական չափածոյի դասական օրինակներին[1]։

Մեջբերումներ գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արամի հուշատետրը» բարձրարժեք գրական երկ է, որի ընթերցանությանն անքակտելիորեն ուղեկցում են մտորումները մարդու և նրա պատմական ճակատագրի մասին, ինչպես նաև պարզապես լավ գիրք վայելելու զգացողությունը։ Վեպը տաղանդավոր գրողի խորունկ խորհրդածություն է XX դարասկզբի ողբերգության մասին, միաժամանակ ընդվզում մոռացության ու անպատժելիության դեմ, որոնցով առաջնորդվում էր Հիտլերը, երբ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում իր զինվորներին կոչ էր անում անգթորեն սպանել,քանի որ, ըստ իրեն, հայկական նախճիրներն այլևս ոչ ոք չէր հիշում։
- Մարիա Հովհաննիսյան, Բարսելոնայի համալսարանի պրոֆեսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]