Արական սեռական հորմոն
Արական սեռական հորմոններ (անդրոգեններ), հունարեն՝ andros-տղամարդ հիմնականում սերմնարանների Լեյդիգի միջհյուսվածքային բջիջներում առաջացող սեռական հորմոններ։ Նրանց հիմնական և ակտիվ հորմոնը տեստոստերոնն է, որի փոխանակության արդյունքում առաջանում են միջանկյալ հորմոններ՝ անդրոստերոն և դեհիդրոէպիանդրոստերոն, անդրոստենեդիոն[1]։
Անդրոստենեդիոնի օգտագործումը մարզիկների կողմից արգելվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Դրանց քանակը խիստ տատանվում է կյանքի տարիքից կախված։ Այս հորմոնների արտադրությունը սկսվում է դեռևս սաղմնային շրջանում՝ մակերիկամների կեղևի կողմից, իսկ հետսաղմնային շրջանում ակտիվորեն սինթեզվում են Լեյդիգի բջիջներում` մակուղեղի (հիպոֆիզ) կողմից արտադրվող լյուտեինացնող հորմոնի և ֆոլիկուլախթանիչ հորմոնի ազդեցությամբ։ Արյան մեջ տեստոստերոնի հիմնական մասը կապված է պլազմային հատուկ սպիտակուցի հետ, ինչի շնորհիվ հորմոնի կիսատրոհման ժամանակը մի քանի ժամով երկարում է։
Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետսաղմնային շրջանում արական սեռական հորմոնները նպաստում են առաջնային և երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը, ուժեղացնում են սպիտակուցների կենսասինթեզը և արագացնում երիտասարդ օրգանիզմների հյուսվածքների աճը։ Սա պայմանավորված է ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզի ակտիվացմամբ թիրախ-օրգանների (հատկապես` մկանների) բջիջներում, կորիզային ՌՆԹ-ի տեղաշարժման արագացմամբ, ռիբոսոմների յուրահատուկ սպիտակուցների սինթեզի խթանմամբ։
Այլ հորմոնների հետ միասին ազդում են կմախքի աճի վրա։ Նախասեռահասունացման շրջանում նպաստում են ոսկրային և մկանային հյուսվածքի աճին[2], խթանում աճի հորմոնի սինթեզն ու հյութազատումը, իսկ սեռական հասունացման շրջանում արագացնում են ոսկրերի էպիֆիզային աճառների ոսկրացման գործընթացը և արգելակում խողովակավոր ոսկրերի աճը երկարությամբ։
Հյուսվածքերում նպաստում են ազոտի, կալիումի և ֆոսֆորի կապմանը։ Այս հորմոնները մասնակցում են սեռական հակման և կարողության առաջացմանն ու սեռական վարքի ձևավորմանը, կարգավորում են սերմնագոյացումը, խթանում են էրիթրոպոեզը, նվազեցնում են ճարպերի կուտակումը, քանի որ ունեն ճարպալուծիչ ազդեցություն[3]։
Արական սեռական հորմոնները մեծ ազդեցություն են թողնում կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Սերմնարանների հեռացման դեպքում առանձնյակները դառնում են առավել հանգիստ, երկրորդային սեռական հատկանիշները հետ են զարգանում, թուլանում է պայմանական ռեֆլեքսների առաջացման ընդունակությունը, փոքրանում է նյարդային կենտրոնների ուժն ու շարժունությունը[3]։
Կարգավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրոգենների քանակի կարգավորումն իրականացվում է հետադարձ բացասական կապի սկզբունքով՝ լյուտեինացնող հորմոնի և գոնադոլիբերինի մասնակցությամբ։ Այս կապը միջնորդվում է էստրոգեններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Androgens»։ DIAsource։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2014-11-30
- ↑ Vlahopoulos S, Zimmer WE, Jenster G և այլք: (March 2005)։ «Recruitment of the androgen receptor via serum response factor facilitates expression of a myogenic gene»։ The Journal of Biological Chemistry 280 (9): 7786–92։ PMID 15623502։ doi:10.1074/jbc.M413992200
- ↑ 3,0 3,1 Singh R, Artaza JN, Taylor WE և այլք: (January 2006)։ «Testosterone inhibits adipogenic differentiation in 3T3-L1 cells: nuclear translocation of androgen receptor complex with beta-catenin and T-cell factor 4 may bypass canonical Wnt signaling to down-regulate adipogenic transcription factors»։ Endocrinology 147 (1): 141–54։ PMID 16210377։ doi:10.1210/en.2004-1649
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմ յութուբում
- Male sex hormones Archived 2014-10-12 at the Wayback Machine.
- Estrogen and Testosterone Hormones Archived 2014-11-17 at the Wayback Machine.
- The Male Reproductive System
- Sex hormones