Ավտոմատ գիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոմատ գիծ մեքենաների համակարգ, հիմնական և օժանդակ սարքավորման կոմպլեքս, որն արտադրանքի պատրաստման կամ մշակման ողջ պրոցեսը կատարում է ավտոմատորեն, տեխնոլոգիական որոշակի հաջորդականությամբ և տրված ռիթմով։ Այն գծերը, որոնց դեպքում տեխնոլոգիական օպերացիաների մի մասի կատարման համար (օրինակ՝ առանձին ագրեգատների գործարկումն ու կանգնեցումը, նախապատրաստվածքի ամրացումն ու տեղափոխումը) պահանջվում է մարդու անմիջական մասնակցությունը, կոչվում են կիսաավտոմատ գծեր։

Ավտոմատ գծերի կազմվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատ գծերը կազմված են աշխատանքային մեքենաներից, փոխադրման ու վերահսկման սարքերից և կառավարման համակարգի մեխանիզմներից։ Ավտոմատ գծի ստեղծումն արտադրության ավտոմատացման կարևորագույն փուլերից է։ Ավտոմատ գծի կիրառումը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, կրճատում արտադրական տարածությունները, փոխադրամիջոցները, ապահովում արտադրության ռիթմիկությունը, իջեցնում արտադրանքի ինքնարժեքը։ Ավտոմատ գծերը լայնորեն կիրառվում են մեքենաշինության, թեթև ու սննդի, էլեկտրատեխնիկական, ռադիոտեխնիկական, քիմիական արդյունաբերության, կենցաղային իրերի, կահույքի արտադրությունում։ Խիստ որոշակի ձևի ու չափի շինվածքներ մշակող Ավտոմատ գծերը կոչվում են հատուկ. շինվածքի տեսակը փոխելիս այս ավտոմատ գծերը փոխարինվում են նորերով կամ վերակառուցվում են։ Միատիպ և որոշակի սահմաններում փոփոխվող չափեր ունեցող շինվածքների մշակման համար կիրառվում են մասնագիտացված ավտոմատ գծեր, որոնք շահագործական ավելի լայն հնարավորություններ ունեն։ Արտադրության օբյեկտը նորով փոխարինելիս այս ավտոմատ գծերի առանձին ագրեգատներ միայն վերահարմարաբերում են և փոխում դրանց աշխատանքի ռեժիմը, իսկ մնացած հիմնական սարքավորումը նույնությամբ օգտագործում են նոր արտադրանքը թողարկելու համար։

Վերահարմարաբերվող ավտոմատ գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն և արագ վերահարմարաբերվող ունիվերսալ ավտոմատ գծեր, որոնք կազմված են բազմանպատակ, ծրագրային կառավարման ավտոմատ հաստոցներից ու մեխանիզմներից և կիրառվում են հատային ու մանր սերիական արտադրություններում։ Ավտոմատ գծերը լինում են զուգահեռ, հաջորդական և համակցված (զուգահեռ հաջորդական) գործողության, միահոսք, բազմահոսք և խառը հոսքային։ Հաջորդական կամ զուգահեռ գործողության մի քանի ավտոմատ գծեր կարող են միավորվել մի միասնական համակարգի մեջ և կազմել ավտոմատ տեղամասեր, արտադրամասեր կամ արտադրություններ։ Ավտոմատ գծերը ղեկավարվում են ավտոմատ կառավարման համակարգերի օգնությամբ, որոնք ստորաբաժանվում են ներքին և արտաքին համակարգերի։ Առաջինները կառավարում են ավտոմատ գծի առանձին ագրեգատի կամ մեխանիզմի աշխատանքը, իսկ արտաքին համակարգերն ապահովում են ավտոմատ գծի բոլոր ագրեգատների ու տեղամասերի համաձայնեցված գործողությունը։

Կոմպլեքսային ավտոմատ գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպլեքսային ավտոմատ գծերը սարքավորվում են էլեկտրոնային ծրագրային կառավարման համակարգերով և հաշվողական տեխնիկայի այլ միջոցներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 642