Ավլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավլիս
Տեսականտիկ քաղաք և հնագիտական հուշարձան
Երկիր Հունաստան
ՎարչատարածքChalkideon Municipality?
Կազմված էTemple of Artemis in Aulis?
Քարտեզ
Քարտեզ

Ավլիս (հին հունարեն՝ Αὐλίς), հին հունական նավահանգստային քաղաք՝ Կենտրոնական Հունաստանում՝ Բեովտիայում, Էվրիպուս նեղուցի և Նոտիոս-Էվոիկոսի ծովածոցի ափին, Էվբեա կղզու դիմաց, հանրահայտ Թեբե քաղաքից 32 կիլոմետր դեպի արևելք։ Նույնականացվում է ժամանակակից Ավլիդայի հետ։

Ավլիսը երբևէ չի հասել անկախ պոլիսի կարգավիճակի, այլ պատկանել է կամ Թեբեին, կամ Թանագրային[1]

Հնագույն ժամանակներում Ավլիսը որսորդության աստվածուհի Արտեմիսի պաշտամունքի նշանավոր վայրերից է եղել։ Այստեղ դեռևս մեր թվականությունից առաջ հինգերորդ դարում կառուցվել է նրան նվիրված տաճար, որը կանգուն է մնացել մինչև մեր թվականության մոտավորապես 400 թվականը։

Ավլիսը հիշատակվում է Հոմերոսի «Իլիական»-ում՝ «Նավերի ցուցակ» հատվածում։ Ըստ այդտեղ մեջբերված առասպելի՝ Ավլիսի մերձակա ծովածոցում է հավաքվել Տրոյայի վրա արշավանքի նախապատրաստվող հունական նավատորմը[2], որի մեկնումը երկար ժամանակ ձգձգվում էր քամու բացակայության պատճառով։ Այդ կերպ Արտեմիս աստվածուհին պատժում էր հույների առաջնորդներից Ագամեմնոնին, որը հանդգնել էր աստվածուհուն նվիրված սրբազան անտառում մի եղնիկ որսալ և պարծենալ, թե իբր ինքն ամենալավ որսորդն է։ Աստվածուհու սիրտը փափկացնելու և համընթաց քամի ապահովելու համար Ագամեմնոնը ստիպված է լինում զոհաբերել իր ավագ դստերը՝ Իֆիգենիային։ Այս թեման հետագայում օգտագործել է հին հույն նշանավոր թատերգակ Եվրիպիդեսը իր «Իֆիգենիան Ավլիսում» թատերգությունում։ Այդ թեման է ընկած նաև գերմանացի մեծ բանաստեղծ Իոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Տավրիկյան Իֆիգենիա» ստեղծագործության հիմքում։

Մ. թ. ա. 396 թվականին Սպարտայի թագավոր Ագեսիլայոս Երկրորդը, նմանակելով Ագամեմնոնին, Ավլիսն է ընտրել որպես իր նավատորմը համախմբելու և դեպի Ասիա ռազմարշավ սկսելու մեկնակետ։ Բայց արշավանքի նախօրյակին թեբեացիները անակնկալ հարձակում են գործել և Ագեսիլայոսին քշել Բեովտիայից[1]։ Այս իրադարձությունը դիտվում է որպես թեբեացիների նկատմամբ Ագեսիլայոսի անձնական խոր ատելության պատճառ[1], ատելություն, որը հետագա 25 տարիների ընթացքում մեծապես ազդել է Սպարտայի և Թեբեի հարաբերությունների վրա, մինչև որ տեղի է ունեցել Լեուկտրայի վճռորոշ ճակատամարտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Xenophon, Hellenica iii
  2. Հոմերոս. Իլիական. II, 304

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Авлида». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • «Аулида». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավլիս» հոդվածին։