Աստղի բլուր ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղի բլուր ամրոց
Տեսակամրոց
Վարչական միավորԵնոքավան[1]
Երկիր Հայաստան[1]
Կազմված է մասերիցԴամբարանադաշտ

Աստղի բլուր ամրոց, ռազմական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Ենոքավան գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, մի բարձունքի վրա։ Կիկլոպյան ամրոցը և դամբանադաշտը պատկանում են վաղ երկաթի ժամանակաշրջանին (մ.թ.ա. 10-5-րդ դարեր)։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղի բլուր ամրոցը զբաղեցնում է 2 հեկտար տարածություն։ Դա մի լեռնապար է, որի արևմտյան մասը միանգամից ընդհատվում է։ Հենց այդ ընդհատման մասում էլ գտնվում է Աստղի բլուր ամրոցը, որը շրջապատված է կրկնակի և եռակի շարված պարսպապատերով։ Ամրոցը Թալա գետին է միանում երկու կիլոմետր երկարությամբ ստորգետնյա ուղիով։ Գետի կողմից ավերվել է թունելի մուտքը։

1965-1966 թվականներին Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ստեփան Եսայանի կատարած պեղումների ժամանակ հայտնաբերվեց ամրոցի տաճարը։ Այստեղ էլ ի հայտ եկավ Անդրկովկասում և ողջ Մերձավոր Արևելքում միակ, ամենահետաքրքիր տաճարի կավե մանրակերտը։

Մ.թ.ա. 9-8 և 6-5-րդ դարերի դամբարանադաշտի պեղումների ժամանակ հայտնաբերվեցին բրոնզե գոտիներ, երկաթե զենքեր, դանակներ, բազմաթիվ կավե ամաններ, կենցաղային մի շարք իրեր։ Հազվագյուտը համարվում է բրոնզե կոփված թիթեղից պատրաստված ամբողջական գոտին, որը անվնաս է մնացել։ Արտաքինից փորագրված են որսի տեսարանները։ Եզրերը զարդանախշված են ներսից որոշակի շարքով, պատկերված են ձիավոր նետաձիգներ, կառք և եղջերու։ Եզակի են ամրոցում գտնված տաճարի երկհարկանի կավե մոդելը և կավե կոճաձև զոհանոթները, բրոնզե գոտին, որը զարդարված Է կենդանիների, հեծյալների, մարտակառքերի և աստվածների պատկերներով։ Պատկերները կրկրնվում են, միայն արևի և պտղաբերության հետ կապված արարողական-ծիսական բնույթ։ Ամբողջ տեսարանը շրջափակված է «վազող զսպանակի» կրկնակի զարդագծով, որը ընդգծում է երկնակամարում արևի շարժման անընդհատությունը։ Այդ հազվագյուտ գոտին և ուրիշ առարկաներ հանձնվել են Հայաստանի պատմության թանգարանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 33-36, էջեր 33-36 — 154 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 589