Ասպիրակ սրոհունդատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ասպիրակ սրոհունդատերև (լատին․՝ Spiraea hypericifolia), վարդազգիներ ընտանիքի ասպիրակ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ փոքր թուփ է՝ 0,5-1,5 մ բարձրությամբ, ուղղահայաց ու դեպի ցած հակված շագանակագույն, ճիպոտանման ճյուղերով։ Բողբոջները կեգելանման են։ Տերևները հակառակ ձվաձև են, կլորավուն կամ նշտարաձև, բութ կամ սրածայր գագաթով և սեպաձև հիմքով, 1-3,5 սմ երկարությամբ և 0,15-1,5 սմ լայնությամբ, ամբողջաեզր, մերկ են, կամ մատղաշ վիճակում թեթևակի աղվամազապատ, վերևի կողմից մոխրականաչավուն, ներքևից բաց կամ կապտականաչ, 1,5-5 մմ երկարությամբ տերևակոթունով։ Ծաղկաբույլերը հովանոցանման են, կազմված 4-10 ծաղիկներից։ Ծաղիկները մաքուր սպիտակ են, 5-8 մմ տրամագծով, պսակաթերթիկները հակառակ ձվաձև են կամ ձվաձև, մեծ մասամբ առէջայիններից զգալիորեն երկար։ Բաժակաթերթիկները եռանկյուն են, ուղղաձիգ կամ ետ թեքված 2-3 անգամ ավելի կարճ պսակաթերթիկներից։ Սերմնարանը բաց կամ մուգ դեղնադարչնագույն է։ Տերևապտուղները բթավուն են, մերկ կամ մազմզուկապատ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Եվրոպայի արևմուտքում, Ղրիմում, Սիբիրում, Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Չինաստանում, Մոնղոլիայում։ Հանդիպում է Հայաստանի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում։ Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, խոր լանջերի վրա, թփուտների մեջ, գիհուտներում։ Պահանջկոտ է աճման պայմանների նկատմամբ, բավականին ցրտադիմացկուն է և չորադիմացկուն։ Լուսասեր է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները պարունակում են 139 մգ/տոկոս C վիտամին։ Օգտագործվում է ինչպես կանաչապատման, այնպես էլ անտառապատման բնագավառում։ Հրաշալի բուսատեսակ է քարապարտեզների, ալպինարիաների, պարտերային ձևավորումների համար։ Մոխրականաչավուն տերևները աշնանը ձեռք են բերում ինտենսիվ կարմրանարնջագույն կամ ոսկեդեղնավուն գունավորում։ Խորհուրդ է տրվում օգտագործել նաև հակաէրոզիոն հողապաշտպան տնկարկներում[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 310։