Առանց վերնագրի (Չեխովի պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Առանց վերնագրի»
ռուս.՝ Без заглавия
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհումորային պատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1888
Հրատարակվել էհունվարի 1 (13), 1888
ԹարգմանիչՍ. Համալբաշյան
Հայերեն հրատ.1903

«Առանց վերնագրի» (ռուս.՝ «Без загла́вия»), ռուս մեծ գրող Անտոն Չեխովի հումորային պատմվածքը, որը գրվել է 1888 թվականին։

Ստեղծում և հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1888 թվականին Չեխովի ընտանիքը բնակություն հաստատեց Լուկայում, Խարկովի նահանգի Սումի քաղաքի մերձակայքում[1]։ Այդ շրջանում էլ ստեղծվեց «Առանց վերնագրի» պատմվածքը։ Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1888 թվականի հունվարի 1-ին «Նովոյե վրեմյա» թերթում (№ 4253, «Հեքիաթ» վերտառությամբ)։ Հետագայում, բազմաթիվ ոճական շտկումներով և վերնագրի փոփոխությամբ, պատմվածքը մտավ «Օգնություն անբերությունից տուժածներին» ժողովածուի մեջ («Կուրիեր» թերթի հրատարակություն, 1899), իսկ 1900 թվականին վերահրապարակվեց ժողովածուի երկրորդ հրատարակության համար[2]։ Ինքը` Չեխովը, պատմվածքն ընդգրկել է ստեղծագործությունների ժողովածուի չորրորդ հատորում։

Պատմվածքը հայերեն առաջին անգամ տպագրվել է դեռևս Չեխովի կենդանության օրոք` 1903 թվականին, «Լումա» գրական հանդեսում (թարգմանիչ` Ս. Համալբաշյան)[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունը ծավալվում է 5–րդ դարում, մի վանքում։ Այստեղ ապրող միաբանները երբեք դուրս չեն եկել վանքի սահմաններից, նրա կողքով երբեք ոչ ոք չի անցել։ Նրանց ծերունի վանահայրը երգեհոն էր նվագում, հորինում էր լատինական բանաստեղծություններ և գրում էր նոտաներ։ Մի քանի տասնյակ տարի վանքում ոչինչ տեղի չէր ունեցել, և ահա մի օր վանքի դուռը թակեց մի հարբեցող ու գինի և ուտելիք պահանջեց։ Աղոթել կամ միանալ միաբաններին նա հրաժարվեց, և նրանց ամոթանք տվեց, որ նրանք չեն փրկում մեղսավոր քաղաքացիներին, որոնք իրենք իրենց խորտակում են անառակության ու մոլությունների մեջ։

Ծերունին համաձայնեց դրա հետ և որոշեց գնալ քաղաք։ Միաբանները նրան սպասեցին երեք ամիս։ Երբ նա վերադարձավ, հուսահատ պատմեց միաբաններին, որ քաղաքում տիրում է այլասերում, մարդիկ ամբողջ օրը նստած են հասարակաց տներում, գինի են խմում և զվարճանում։ Ուժասպառ միաբանը պառկեց քնելու, իսկ առավոտյան հայտնաբերեց, որ վանքում չի մնացել ոչ մի միաբան. բոլորը փախել են քաղաք։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս բանաստեղծ Յակով Պոլոնսկին տեղեկացրեց Չեխավին ընթերցողների շրջանում պատմվածքի հաջողության մասին.

Ամանորին Դուք մեզ ընծայեցիք երկու պատմվածք՝ «Կաշտանկան» և «Արևելյան հեքիաթը»[4], և ես մեծ հաճույքով հայտնում եմ, որ Ձեր երկու պատմվածքներն էլ այստեղ բոլորը հավանեցին։ Երկու պատմվածքների ավարտը ոչ միայն անսպասելի է, այլև նշանակալի. իսկ դա ամենակարևորն է։ Լեզվի գունեղությունը լիովին համապատասխանում է տեղին, ժամանակաշրջանին և Ձեր գործող անձանց։
- Պոլոնսկու նամակը Չեխովին 1888 թվականի հունվարի 8-ին

Նույն օրը Ալեքսանդր Չեխովը հայտնեց եղբորը, որ ծանոթացել է Նիկոլայ Լեսկովի հետ.

...որը խոնարհվում է քո առաջ և քեզ համարում է հանճար։ Քո հեքիաթը թիվ 1-ում ճնշող ազդեցություն գործեց[2]։

1905 թվականին Ժողովրդական լուսավորության նախարարության գիտական կոմիտեն արգելեց Չեխովի ստեղծագործությունների ժողովածուի չորրորդ հատորը ազգային գրադարաններում և ընթերցասրահներում` «Առանց վերնագրի», «Գրազ» և «Գողեր» պատմվածքների պատճառով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Чехов А. П. Биография Чехова». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011-128-ին.
  2. 2,0 2,1 2,2 А. П. Чехов Собрание сочинений. — М.: Гос. издательство художественной литературы, 1955. — Т. 6. — С. 481. — 504 с.
  3. Պատմվածքը՝ հայերեն «Լումա» գրական հանդեսում, 1903 թվական(չաշխատող հղում)
  4. Նկատի ունի «Առանց վերնագրի» պատմվածքը, որը սկզբնապես կոչվում էր «Հեքիաթ»։