Ապողինարիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապողինարիզմ, քրիստոնեական աղանդական ուսմունք, ըստ որի՝ Հիսուս Քրիստոսի մեջ մարդկությունը չունի բանական հոգի, և Բանն Աստված ընդամենը միավորվել է շնչավոր մարմնի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաբանական մտքի պատմության մեջ քրիստոսաբանական հարցն իր ողջ սրությամբ առաջ է քաշվել այս ուսմունքով։ Հիմնադիրն է Ապողինար Լաոդիկեացին (մահացել մոտ 392 թվականին), որը նախապես եղել է Նիկիական հավատի պաշտպաններից մեկը և բարձր գնահատվել մասնավորապես Աթանաս Ալեքսանդրացու և Բարսեղ Կեսարացու կողմից։

Ապողինարը փորձում էր պարզել այն հանգամանքները, որոնց դեպքում Բանի մարմնացումն իսկապես կլիներ Աստվածության և մարդկության կատարյալ միություն՝ Հիսուս Քրիստոսի անձի կատարյալ միակության դեպքում։ Նա ընդունում էր մեկ դեմք, մեկ անձ և մեկ բնություն հետևյալ կերպ. Աստված և մարդ կազմեցին մեկ բնություն՝ բարդ և բաղադրյալ, և երկու կատարյալներից չի կարող կազմվել կատարյալ միություն։ Եթե Աստված կատարելապես միանար մարդու հետ՝ միտք, հոգի և մարմին ունեցող, ապա կմնար չլուծված երկվություն։ Ավելի ստույգ, եթե Բանը վերցներ մարդկային միտքը՝ ազատության և ինքնիշխանության սկիզբը, ապա Ապողինարին թվում էր, որ իսկական միացում չէր լինի, այլ կստացվեր երկու կենտրոն և երկու սկիզբ։ Ուստի մարմնավորման հիմնական նպատակը տեղի չէր ունենա. Աստված չէր մեռնի ինչպես մարդ, այլ ոմն մարդ կմեռներ։ Բացի այդ, մարդկային միտքը, պահպանելով իր ազատությունը և ինքնաշարժությունը, չէր կարող հոգու մեջ հաղթահարել մեղքի թթխմորը։ Դա հնարավոր էր միայն աստվածային մտքի համար։ Ըստ այդմ՝ Ապողինարը բացառում էր մարդկային էության ամբողջականությունը մարմնացյալ Բանի մեջ և պնդում, որ միտքը միացման ժամանակ չէր վերցվել, և նրա տեղը զբաղեցրել էր Բանը՝ միանալով շնչավորված մարմնի հետ։ Կատարվել է մարմնավորում և ոչ թե մարդացում։ Ապողինարը համարում էր, որ Հիսուս Քրիստոսի շնչավորված մարմինն անբաժանելիորեն էակցվեց և սերտաճեց Բանի հետ, որը նրա մեջ դարձավ գործունեության սկիզբ և վերափոխվեց գոյության մի նոր կերպարի՝ բաղադրյալ, մարմնավորված և աստվածային բնության միավորությամբ։

Ապողինարը դատապարտվել է Ալեքսանդրիայի 362 թվականի և մի շարք եկեղեցական ժողովների, ինչպես նաև 381 թվականի Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի կողմից։ Ապողինարին սուր քննադատության են ենթարկել եկեղեցու հայրերը։ 370-ականներին է վերաբերում անանուն հեղինակի «Ընդդէմ Ապողինարի» երկհատոր գրվածքը, որը զետեղվել է Աթանաս Ալեքսանդրացու երկերում։ Նշանավոր է Բարսեղ Կեսարացու «Ընդդէմ Ապողինարի» հակաճառությունը։

Բան Աստծո մարդացումը, ըստ Բարսեղ Կեսարացու, երկու կատարյալ գոյացությունների միավորում է, որը նա բնորոշել է տնօրէնութեան միաւորութիւն կարևոր եզրով։ Աստված քաղցեց, ծարավեց, հոգնեց, արտասվեց, խաչվեց, չարչարվեց տնօրենության միավորությամբ և ոչ թե՝ աստվածային բնությամբ։ Նույնպես և մարդկային մարմինը, հոգին, միտքը բնությամբ մարդկային են, սակայն տնօրենության միավորությամբ՝ աստվածային, ուստի անապական են և անմեղ։ Մարդկության կատարելությունը Քրիստոսի մեջ կարևոր է փրկաբանական տեսանկյունից։ Աստված կատարելապես մարդացավ, այսինքն՝ վերցրեց մարդկային բնության ամբողջականությունը, որպեսզի մեր փրկությունը լինի կատարյալ և ամբողջական։ Եթե Քրիստոսի մարդեղությունը թերի է կամ ոչ իրական, ապա իրական չէ մարդու փրկությունը։ Աստծո մարմնավորման ողջ խորհուրդը չի կարելի սահմանափակել մարմին հագնելով, և Աստծո մարդասիրությունը՝ մարմնասիրությամբ։ Եթե մարմինն անձնավոր չէ, ապա այլևս մարդկային չէ, քանզի առանց բանական անձով անձնավորվելու՝ մարդկային մարմին գոյություն ունենալ չի կարող։ Մարմինը մարմին է և անձը՝ անձ. միայն բանական անձի մարմնացումով և մարմնի անձնավորումով է կայանում մարդկային բնությունը։

Ապողինարը որպես քրիստոսաբանական ծայրահեղություն, իրենից ներկայացնում է, այսպես կոչված՝ մարդաբանական առնվազություն (մինիմալիզմ)։ Ապողինարի քննադատությանը զուգահեռ առաջ է քաշվել (հատկապես Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու կողմից) նաև եզրերի սահմանման հարցը. հարկ էր զանազանել և սահմանել բնություն, դեմք, անձ եզրերը և հստակ լուսաբանել Աստծո և մարդու միության խորհուրդը։

Ապողինարը պատմական շարունակություն չի ունեցել։ Ապողինար Լաոդիկեացու աշակերտների և հետևորդների զգալի մասը վերադարձել է եկեղեցի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կյուրեղ Ալեքսանդրացի, Գիրք պարապմանց, ԿՊ, 1717։
  • Տիմոթեոս Ալեքսանդրացի, Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի, Էջմիածին, 1908։
  • Կնիք հաւատոյ, Էջմիածին, 1914։
  • Lietzmann H․, Apollinaris von Laodicea und seine Schule․ Texte und Untersuchungen, Tubingen, 1904;
  • Grillmeier A․, Christ in Christian Tradition, v. 1, 2, 1975
  • , Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 66-67 — 1076 էջ։