Jump to content

Ապոլոն 11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապոլոն 11
Տարբերանշան

Ընդհանուր տեղեկություններ
Երկիր ԱՄՆ
Կազմակերպություն ՆԱՍԱ
Տիեզերանավի թռիչքային տվյալները
Կրող հրթիռ Սատուրն-5 SA-506
Մեկնարկային հրապարակ Քենեդու տիեզերական կենտրոն, 39А համալիր, Ֆլորիդա, ԱՄՆ
Արձակում 16 հուլիսի 1969
13:32 UTC
Վայրէջք 24 հուլիսի 1969
16:50:35 UTC
Թռիչքի տևողությունը 8 օր 3 ժամ 18 րոպե 18 վայրկյան
Ծավալը գլխավոր մոդուլ 28 806 կգ
լուսնային մոդուլ 15 095 կգ
NSSDC ID 1969-059A
SCN 04039
Անձնակազմի թռիչքային տվյալներ
Կանչը «Կոլումբիա» («Columbia»)
«Արծիվ» («Eagle»)
Անձնակազմի լուսանկար
ձախից աջ՝ Նիլ Արմսթրոնգ, Մայքլ Քոլլինզ, Էդվին Օլդրին

ձախից աջ՝ Նիլ Արմսթրոնգ, Մայքլ Քոլլինզ, Էդվին Օլդրին

Կապված արշավախմբեր
Նախորդող Հաջորդող
Ապոլոն-10 Ապոլոն-12

Ապոլոն 11, առաջին տիեզերական թռիչքը, որը 1969 թվականի հուլիսի 20-ին Լուսնի վրա իջեցրեց մարդկանց՝ ամերիկացի տիեզերագնացներ Նեյլ Արմսթրոնգին և Էդվին Օլդրինին։ Արմստրոնգը առաջինը ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա։ Նա մոտ երկու ժամ մնաց Լուսնի վրա, Օլդրինը՝ մի քիչ պակաս։ Միասին հավաքել են 22 կգ լուսնային նյութեր՝ Երկիր բերելու համար։ Արշավախմբի երրորդ անդամ Մայքլ Քոլինզը միայնակ ղեկավարում էր տիեզերանավը, մինչ Արմսթրոնգը և Օլդրինը վերադարձան տիեզերնավ՝ Երկիր վերադառնալու համար։

Նախապատրաստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1969 թվականը, երբ մերձերկրային ուղեծիր դուրս եկավ «Ապոլոն-9»-ը, Նեյլ Արմսթրոնգը, Էդվին Օլդրինը և Մայքլ Քոլինզը հերթով սպասում էին լուսնային մոդուլի ծրագրի համար նախատեսված մարզումներին։ Եվ միայն մայիսին, երբ Լուսնի մակերևույթին բարեհաջող իջավ «Ապոլոն-10»-ը, նրանք ստացան նախապատվություն։ Աստղագնացներից յուրաքանչյուրը մարզասարքերի վրա անցկացրեց համարյա 400 ժամ՝ անցնելով բոլոր հնարավոր դրական և բացասական փորձությունների միջով։ Հիմնական և ամենադժվար փորձությունը վարէջքն էր։ Փորձերը ընթանում էին լուսնային մոդուլի երկրային մոդելի վրա, որը ամրակայված էր բարձր կռունկի ճոպանների վրա։

Մեկնարկը և թռիչքը Լուսին

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապոլոն-11»-ի թռիչքը տեղի ունեցավ 1969 թվականի հուլիսի 16-ին։ Քենեդու անվան տիեզերական կենտրոնում, ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի, ինչպես նաև փոխվարչապետ Սպիրո Ագնյուի անմիջական ներկայությամբ ժամը 13:32-ի դրությամբ մեկնարկեց «Ապոլոն-11»-ը։ Թռիչքը ուղիղ եթերով ցուցադրվեց ամբողջ աշխարհում, բացառությամբ ԽՍՀՄ-ի և Չինաստանի, որոնք պարզապես հայտարարեցին մեկնարկի մասին։ Տանող հրթիռի 3 աստիճաններն էլ վերելքի ժամանակ աշխատում էին նախատեսված կարգով։ 11 րոպե անց, հավաքելով 7,79 կմ/ժ արագություն, անցավ երկրաշուրջ շրջանային ուղեծիր՝ 198 կմ բարձրությամբ։ Երբ տիեզերանավը գտնվում էր Խաղաղ օվկիանոսի վրա, միացավ 3-րդ աստիճանը, և «Ապոլոն-11»-ը անցավ 2-րդ տիեզերական արագության (10,84 կմ/ժ), որից հետո նավը մտավ լուսնաշուրջ ուղեծիր։

Թռիչքի երկրորդ օրը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժողովուրդը ողջունում է աստղագնացներին

Թռիչքից 25 ժամ անց, «Ապոլոն-11»-ը անցել էր Երկիր-Լուսին հետագծի ուղիղ կեսը՝ 193 256 կմ։ Ընթացքում լինում էին հետագծային շտկումներ։ Անձնակազմը 50 րոպեանոց տեսակապ ունեցավ թռչքի կենտրոնի հետ, որի ընթացքում անձնակազմը տեսավ Երկիրը 239 000 կիլոմետրից։

Թռիչքի երրորդ օրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգը և Օլդրինը նորից ստուգեցին լուսնային մոդուլի վիճակը։ Անձնակազմը նորից ունեցավ տեսակապ Հյուսթոնի հետ (որտեղ գտնվում էր թռիչքի ղեկավարման կենտրոնը)։ Տիեզերագնացները հանկարծ նկատեցին ինչ-որ հանելուկային օբյեկտ։ Տպավորությունն այնպիսին էր, թե այն անդրադարձնում էր արևի լույսը։ Նրան հետևում էին երեք տիեզերագնացներն էլ, քանի որ այդ ընթացքում նավը հանգիստ պտտվում էր թերմիկական ղեկավարմամբ։ Այդ պահին Հյուսթոնից տեղեկացրեցին, որ նավի 3-րդ աստիճանը գտնվում է նրանցից 11 000 կմ հեռավորության վրա։ Այստեղից արդեն պարզ դարձավ, որ այդ հանելուկային օբյեկտը չի կարող լինել 3-րդ աստիճանը։ Ինչպես պատմեց Օլդրինը թռիչքից հետո, այդ լուսարձակող օբյեկտը նման էր Լ տառին։ Արմսթրոնգն էլ ավելացրեց, թե այն բաց ճամպրուկի է նման։ Թե ինչ էր այն իրականում, այդպես էլ չհաջողվեց պարզել։

Թռիչքի չորրորդ օրը և մուտք Լուսնի ուղեծիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքից 75 ժամ հետո «Ապոլոն-11»-ը «թաքնվեց» Լուսնի հակառակ կողմում։ Կապի խզման պահին տիեզերանավը գտնվում էր Լուսնից ընդամենը 572 կմ հեռավորության վրա։ 8 րոպե անց միացավ հիմնական շարժիչը։ Այնտեղից տիեզերագնացները տիեզերքից առաջին անգամ տեսան Երկրի ծագումը Լուսնի սկավառակի ետևից և տվյալներ հաղորդեցին Հյուսթոն (այնտեղ էր գտնվում թռիչքի կառավարման կենտրոնը)։ Այնուհետև կատարեցին հետագծային շտկումներ և շարունակեցին մոտենալ Lուսնի մակարևույթին։

Մարդկանց առաջին վայրէջքը Lուսնի մակերևութին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարան լուսնախցիկից

Առանձնանալով մոդուլից՝ Արմսթրոնգը և Օլդրինը լուսնախցիկով սկսեցին վայրէջքը դեպի մակերևույթ։ Նրանք վայրէջք կատարեցին Հանգստության ծովում։ 460 մ բարձրությունից արդեն Արմսթրոնգը նկատեց, որ «Արծիվ»-ը ավտոմատ կառավարմամբ իջնում է դեպի ներքև։ Մոդուլի կափարիչի բացվելուց հետո Արմսթրոնգը առաջին վայրկյաններից ցանկացավ վերադառնալ լուսնախցիկ։ Սակայն նա հավաքեց ուժերը, զգուշաբար իջավ աստիճաններով և կանգնեց երկու ոտքի վրա։ Հենց այդ պահին Lուսնի վրայից հնչեց երկրային մարդու առաջին բառերը.

Սա մի փոքր քայլ է մարդու համար, բայց մի մեծ ցատկ՝ ողջ մարդկության համար[1]։

Այդ պահին ցնծում էր ողջ Հյուսթոնը։ Վայրէջքը լուսնի վրա ևս մեկ քայլ էր ապագայի տիեզերագնացության համար։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ անհրաժեշտ էր ամուր և զգույշ կանգնել ոտքերի վրա, որովհետև Lուսնի շատ փոքր ձգողականության պատճառով քայլելը չափազանց դժվար էր և ընկնելու հավանականությունը՝ մեծ։ 20 րոպե անց Արմսթրոնգին միացավ Օլդրինը։ Նրանք միասին կանգնեցրեցին ԱՄՆ-ի դրոշը։ Տիրում էր ոչ երկրային խուլ լռություն։ Արմսթոնգը և Օլդրինը սկսեցին ուսումնասիրությունները։ Նրանք կատարեցին նկարահանումներ։ Հավաքեցին շուրջ 22 կգ լուսնահող (ռեգոլիթ), տեղակայեցին սեյսմաչափ, անկյունային անդրադարձիչ և այնպիսի սարքեր, որոնց միջոցով ավելի ճշգրիտ կչափվեր Երկիր-Լուսին հեռավորությունը։ Լուսնի վրա մնացին մոտ 2 ժամ։ Այնուհետև վերցնելով լուսնահողը՝ վերադարձան լուսնախցիկ։ Լուսնային ուղեծրում նրանց սպասում էր Քոլինզը։ Հյուսթոնում արդեն տվել էին տիեզերանավի ետդարձի հրահանգը։ Մեկնարկելով լուսնաշուրջ ուղեծրից՝ տիեզերանավը շարժվեց դեպի Երկիր[1]։

Վերադարձ երկիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խցիկը Խաղաղ օվկիանոսի վրա

Հուլիսի 24-ին՝ աստղագնացների մեկնարկից հետո, Հյուսթոնում հայտատարվեց, որ վերջին հետագծային շտկումները անհրաժեշտ չեն։ Տիեզերանավը իր նախկին ընթացքով շարժվեց դեպի Երկիր։ Արդեն Երկրի մթնոլորտ մտնելուց հետո ծառայողական մոդուլը անջատվեց աստղագնացների խցիկից։ Երկրի մակերևույթից 122 կմ բարձրության վրա խցիկը մուտք գործեց Երկրի մթնոլորտ 11 կմ/վ արագությամբ։ Խցիկը իջավ ջրի մակերևույթին, հաշվարկային կետից ընդամենը 24 կմ հեռավորության վրա՝ Խաղաղ օվկիանոսում։ Նրանց մոտեցան փրկարարները, որոնք կրում էին պաշտպանիչ դիմակներ, բացեցին խցիկի կափարիչը և դուրս հանեցին աստղագնացներին։

Նրանց տեղավորեցին կարանտինային խցիկ, որտեղ պետք է անցկացնեին 24 ժամ՝ հաշվի առնելով անվտանգության նկատառումները, քանի որ Lուսնի վրա հնարավոր էր՝ լինեին այնպիսի ոչ երկրային մանրէներ, որոնք վտանգավոր կլինեին մարդկային կյանքի համար։ Բայց նման բաներ չհայտնաբերվեցին և աստղագնացները դուրս եկան այնտեղից։

Փառքի շքերթներ ամբողջ աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձախից աջ՝ Է. Օլդրին, Մ. Քոլինզ, Ն. Արմսթրոնգ Սպիտակ տանը 2009 թ.

Կարանտինից հետո առաջին օրը՝ օգոստոսի 11-ին, աստղագնացները պաշտոնապես դուրս եկան մարդկանց միջավայր։ ժամանակի մեծ մասը նրանք անցկացրին ընտանիքի անդամների հետ։ Օգոստոսի 12-ին նրանք տվեցին առաջին հարցազրույցը։ Արմսթրոնգը ասաց.

Լուսինը մի դաժան և յուրահատուկ տեղ էր, ոչ թշնամական միջավայր։

Նրա բառերով՝ դժվարությունը կայանում էր նրանում, որ ժամանակը շատ քիչ էր ողջ ծրագրերն իրականացնելու համար։ Օգոստոսի 13-ին երեք աստղագնացներն էլ իրենց ընտանիքներով ՆԱՍԱ-ի նախագահ Թոմաս Պեյնի ուղեկցությամբ կառավարական ինքնաթիռով շրջեցին ԱՄՆ-ի երեք քաղաքներով՝ Նյու Յորքով, Չիկագոյով և Լոս-Անջելեսով։ Նյու Յորքում աստղագնացներին ողջունեց շուրջ չորս միլիոն մարդ, իսկ Չիկագոյում՝ մոտ երեք ու կես միլիոն մարդ[2]։ Օգոստոսի 16-ին Հյուսթոնում անցկացվում է պաշտոնական հանդիպում, որին մասնակցում է շուրջ 250 000 քաղաքացի։ Ավարտից անմիջապես հետո քաղաքի կենտրոնական փողոցները լցված էին կոնֆետների թղթերով[3]։ Նմանատիպ շքերթներ տեղի ունեցան ոչ միայն Ամերիկայում, այլև աշխարհի շատ երկրներում։ Աստղագնացներն արժանացան մեծ փառքի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ավետիք Գրիգորյան «Դարերի խորքից դեպի տիեզերք»
  2. Astronautics and Aeronautics, 1969: Chronology of Science, Technology and Policy
  3. Astronautics and Aeronaautics, 1969, Chronology of Sciene, Technology and Polocy