Անդրեյ Տուտունով
Անդրեյ Տուտունով | |
---|---|
Ծնվել է | 1889 |
Ծննդավայր | Խիդիսթավի (Գորիի շրջան), Գորիի մունիցիպալիտետ |
Մահացել է | 1949 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա և Մոսկվայի պետական համալսարան |
Երեխաներ | Սերգեյ Տուտունով և Անդրեյ Տուտունով |
Անդրեյ Վասիլիի Տուտունով (1889, Խիդիսթավի (Գորիի շրջան), Գորիի մունիցիպալիտետ - 1949, Մոսկվա, ԽՍՀՄ), Տիմիրյազևկայի թռչնաբուծության ինստիտուտի գիտաշխատող[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Տուտունովը ծնվել է Վրաստանի Գորի քաղաքի մոտ գտնվող Խիդիսթավի քաղաքում 1889 թվականին, հայկական ընտանիքում։ Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան[Նշում 1][1]։
Ունեցել է գեղագիտական ունակություններ, մանդոլին է նվագել և նկարել, մասնավորապես՝ բնապատկերներ։ 1908 թվականին Թիֆլիսի գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Շատ է ափսոսել, որ նկարիչ չի դարձել[1]։
Մոսկվայի համալսարանն ավարտելուց հետո Օդեսայում որոշ ժամանակ աշխատել է որպես իրավաբան։ Համալսարանում սովորելու ընթացքում նա, ինչպես և այդ ժամանակաշրջանի շատ ռուս մտավորականներ, հետաքրքրվել է Լև Տոլստոյի ուսմունքով և նույնիսկ նամակ է գրել Յասնայա Պոլյանա։
1917 թվականի գարնանը Անդրեյը ուսումը շարունակել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, բայց նրան չի հաջողվել բժշկի դիպլոմ ստանալ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեկնել է ռազմաճակատ որպես բուժեղբայր։ Ծառայել է կովկասյան ռազմաճակատում, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը՝ գթության քույր Ելիզավետա Նիկոլաևնա Սախարովային։ 1919 թվականին նրանք ամուսնացել են։ 1921 թվականին Տուտունովն աշխատանքի է անցել Մոսկվայում[1]։
Ընդհանուր կենսաբանական կրթությունը, որը նա ստացել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, թույլ է տվել նրան տիրապետել մեկ այլ մասնագիտության․ նա դարձել է Տիմիրյազևկայի թռչնաբուծության ինստիտուտի գիտաշխատող, տպագրել է մեծ թվով հոդվածներ, գրքեր գյուղացիների համար, թե ինչպես ճիշտ բուծել տնային թռչուններ, ինչպես նաև գրել է գիրք երեխաների համար՝ «Կյանքը պատյանով»։
1927 թվականին նրան նույնիսկ գործուղել են Գերմանիա՝ ուսումնասիրելու այդ երկրի թռչնաբուծական արդյունաբերությունը։ Այդ ճանապարհորդությունից հետո նրան աշխատանքից ազատել են և այլ աշխատանք չեն տվել։ Հավանաբար, նրա ձերբակալության մեջ էական դեր է խաղացել 1927 թվականի նրա ճամփորդությունը։
30-ականների սկզբին նրանք բնակվել են Զագորսկում։ Բեթանիայում (Երրորդություն-Սերգիև մայրավանքի մենաստան) թռչնաբուծական ֆերմա է եղել, և Անդրեյ Վասիլևիչը աշխատել է այնտեղ։ Ընտանիքն ապրել է Սերգիև Պոսադում՝ մայրավանքից ոչ հեռու[1]։
Առաջին անգամ Անդրեյ Վասիլևիչին բանտարկել են 20-ական թվականներին և դա պատահել է այսպես․ նա ղեկավարել է մեծ թռչնաբուծական ֆաբրիկա, նախագծել է ոսկրային ալյուր ստանալու հատուկ սարքավորում, որը կատակով անվանել է «Ձերժինսկու անվան ոսկորներ ջարդող մեքենա»։ Ինչ-որ մեկը «մատնել է նրան», և Անդրեյ Վասիլևիչը հայտնվել է բանտում։ Պատերազմից առաջ Անդրեյ Վասիլևիչը ստիպված է եղել աշխատել որպես թռչնաբույծ Նովի Օսկոլ քաղաքի մոտ գտնվող սովխոզում[1]։
Պատերազմը բաժանել է ընտանիքը, ծնողները գտնվել են օկուպացված տարածքում, իսկ երեխաները տարհանվել են Բաշկիրիա։ Նովի Օսկոլի ազատագրումից հետո Անդրեյ Վասիլևիչը կնոջ հետ վերադարձել է Մոսկվա[1]։
Պատերազմի վերջում Անդրեյ Վասիլևիչը ձերբակալվել է քաղաքական մեղադրանքներով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման։ Նրա առողջությունն արդեն խախտվել է և 1949 թվականի գարնանը մահացել է Բուտիրկայի բանտում՝ 61 տարեկան հասակում։ Մահվան պատճառը, հավանաբար տուբերկուլյոզն է եղել[1]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իգնատոշվիլին՝ Ստալինի «կաթնային» եղբայրը, ով հետագայում դարձել է ՆԿՎԴ-ի գեներալ, սովորել է նրա հետ նույն դասարանում, եղել է Ստալինի անվտանգության պետի տեղակալը։ Նրա դասընկերներն են եղել նաև Սուրեն Խաչատրյանը՝ Արամ Խաչատրյանի եղբայրը, և կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կարեն Խաչատրյանի հայրը։