Անասնաբուժական ախտորոշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անասնաբուժական ախտորոշում

Անասնաբուժական ախտորոշում, կլինիկական անասնաբուժության բաժին, ուսումնասիրում է կենդանիների հիվանդությունների հետազոտման և ճանաչման մեթոդները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղ իմաստով անասնաբուժական ախտորոշում է կոչվում հիվանդությունների ճանաչման շարժընթացը։ Որպես գիտակարգ՝ հիմնվում է անատոմիայի, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, իմունաբանության, մանրէաբանության տվյալների վրա։

Ախտորոշման հետազոտությունների մեթոդները լինում են ընդհանուր և հատուկ։ Ընդհանուր մեթոդները ներառում են կենդանու գրանցումը և անամնեզը (հիվանդությունների սկզբի և զարգացման մասին տվյալների հավաքում), զննումը, շոշափումը, բախազննումը, ունկնդրումը, ջերմության չափումը։ Հատուկ մեթոդներն են՝ ռենտգենադիտումը, ռենտգենալուսանկարումը, զոնդավորումը, կաթետերացումը, ընդերադիտումը, կենսազննումը (բիոպսիա), ֆլյուորագրությունը, էլեկտրասրտագրությունը, ֆունկցիոնալ ախտորոշումը (օրգանների և համակարգերի վրա ֆիզիկական բեռնվածության, քիմիական միջոցների, ռադիոակտիվ նյութերի և այլնի ազդեցությունը), հեռաչափական ախտորոշումը (ֆիզիոլոգիական ցուցանիշների որոշումը ռադիո սարքերով)։

Կարևոր նշանակություն ունեն նաև կերերի, արյան, մեզի, կղանքի, ստամոքսահյութի, կաթի և այլնի հետազոտությունները։ Վարակիչ և ինվազիոն հիվանդություններն ախտորոշում են շճաբանական և ալերգիկ ռեակցիաներով։ Որպես հակածին՝ կիրառում են բրուցելինը, մալեինը, տուբերկուլինը և հատուկ այլ պատրաստուկներ։ Իմունոֆերմենտային ախտորոշումը հնարավոր է դարձնում դյուրացնել ախտորոշիչ հետազոտությունները։ Կիրառում են նաև վիրուսաբանական և հելմինթոլոգական հետազոտությունները, կենսանմուշը, վիրաբուժական հատուկ մեթոդներ, ախտաբանաանատոմիական տվյալները և այլն։

Ներկայում կարևորվում է նախազգուշական ախտորոշումը, որը կատարվում է կենսաճարտարագիտական և անասնաբուժական լաբորատոր արտադրական հսկողության տվյալների հիման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։