Երվանդակերտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երվանդակերտ (այլ կիրառումներ)
Բերդաքաղաք | |
---|---|
Երվանդակերտ | |
Շինության ավերակներ | |
Երկիր | Արևելյան Հայաստան |
Երկրամաս | Կարսի նահանգ |
Գավառ | Սուրմալուի գավառ |
Հիմնադրված է | մ.թ.ա. 3-րդ դար թ. |
Այլ անվանումներ | Ագճկալա, Ագջակալե, Ախճա, Աղջախալե, Աղջակալա, Աղջաղալա, Աքճաքալե, Աքճեխալե, Աքչեհքալահ[1] |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Երվանդակերտ, բերդաքաղաք (ավան, քաղաք) Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշարունիք գավառում, իսկ ավելի ուշ Ախճա անվանումով գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Սուրմալուի գավառում[2]։ Գտնվում էր Արշարունիք կամ Երասխաձոր գավառի ծայր արևելյան շրջանում, Արաքսի և Ախուրյանի գետախառնուրդի մոտ, Արաքսի աջ ափին, բլրի վրա, Երվանդաշատ մայրաքաղաքի դեմ-դիմաց[1]։
Երվանդակերտը ի սկզբանե եղել է բերդ, սակայն բերդի շուրջ հետագայում բարեկարգ բնակավայր է ձևավորվել և բնակավայրը բերդից վերածվել է բերդաքաղաքի, իսկ ապա և քաղաքի։ XVII դարից այն հիշատակվում էր որպես գյուղ[3]։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտարները բնակավայրին տվել են Աղջաղալա կամ Աղջակալա անվանումները, որը թարգմանաբար նշանակում է «սպիտակ բերդ»[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը կառուցվել է մթա III դարի վերջերին և II դարի սկզբերին՝ Երվանդունիների վերջին թագավորի կողմից։ Եղել է թագավորական դաստակերտ[4]։
Մովսես Խորենացին տվել է Երվանդակերտի բանաստեղծական նկարագիրը[4]․
Բնակավայրը կարևոր էր ստրատեգիական առումով, քանի որ պաշտպանում էր Երվանդաշատ մայրաքաղաքը հսկելով Արաքսի ափով ձգվող միջազգային տարանցիկ ճանապարհը։
Բերդն ուներ բուրգավոր ամուր պարիսպներ և դեպի Արաքս գետ տանող գաղտնի ճանապարհ։ Դրա պատճառով էլ բերդը համարվում էր հելենիստական ժամանակաշրջանի ամենահայտնի դժվարամատույց բերդերից մեկը[1]։
Կարճ ժամանակում բերդի շուրջը ծավալվում է ընդարձակ բնակավայրը, որը բերդը վերածում է Երվանդաշատ մայրաքաղաքի խոշորագույն արվարձանի։
Ըստ մատենագիրների IV դարում Երվանդակերտ բերդի շուրջը փռված քաղաքամասը ուներ ավելի քան 50 000 ընտանիք[1]։
360-ական թվականներին պարսից արքա Շապուհ II-ի արշավանքների արդյունքում Երվանդակերտը գրավում և ավերվում է։
Հետագայում Երվանդակերտը դարձել է Կամսարական նախարարական տան սեփականությունը[4]։
Մինչև XVII դարը, ըստ Առաքել Դավրիժեցու վկայությունների, Երվանդակերտը մնում էր որպես խոշոր բնակավայր և ամրոց։ Օտարները նրան տվել էին Աղջաղալա անվանումը։ Այնուհետև բնակավայրը շատ տուժեց Շահ Աբբասի և Ամիրգունա խաների արշավանքի ժամանակ։ Այնուամենայնիվ բնակավայրը պահպանեց իր գոյությունը մինչև XX դարի սկզբները[1]։
1647 թվականին բնակավայրով անցել է ֆրանսիացի ուղևոր Լա Կրոզը և նկարագրել է բնակավայրը[3]։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախուրյանի երկու ափերին պահպանվել են Երվանդակերտի պարիսպների, հին շինությունների, ինչպես նաև միջնադարյան մի եկեղեցու կամ մատուռի ավերակները[4]։
Եվրոպական հեղինակները նշում են, որ Երվանդակերտ-Աղջաղալայի և Մարմետ-Կարակալայի միջև պահպանել են հնում Արաքսի վրա ձգված կամրջի բեկորները։ Այդ կամրջով Երվանդակերտը կապվում էր Երվանդաշատ մայրաքաղաքի հետ:[փա՞ստ]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968
- Առաքելյան Բ․ Ն․, Որտե՞ղ են գտնվել Երվանդաշատ և Երվանդակերտ քաղաքները, «ՊԲ4», 1965, № 3
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 248-249
- ↑ «Կարսի մարզ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 118, Ախճա
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Հայկական Սովետական Հանրագիտարան», հտ 3, էջ 639, Երվանդակերտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 639)։ |