Ալլոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալլոդ (գերմ.՝ Allod, հին վերին - գերմ.՝ al - լրիվ, ամբողջ + od - տիրույթ), ֆեոդալական պարտույթից ազատ հողային սեփականություն վաղ միջնադարյան Եվրոպայում։ Նրա մնացուկները պահպանվել էին զարգացած ֆեոդալիզմի շրջանում։

Ալլոդը գերմանական ցեղերի մոտ փոխարինել է սեփականության համայնական ձևին, տարածվել Արևմտյան Հռոմեական կայսրությունում առաջացած «բարբարոսական» պետություններում։ Սկզբում ալլոդը ժառանգման սահմանափակ իրավունքով շարժական ու անշարժ ունեցվածք էր, հետագայում՝ հողային սեփականություն, որ ազատ էր ֆեոդալական պարտույթից։

Ավատատիրական սեփականության այս ձևը Մերովինգների ժամանակների ստացողի լիակատար մասնավոր սեփականությունն էր։ «Սալիական օրենսգրքի» 9-րդ գլխում խոսվում է ալոդի մասին, որի համաձայն՝ հողային ժառանգությունը՝ հողը (terra), ի տարբերություն շարժական գույքի, որը կարող էր անցնել ժառանգաբար կամ նվիրվել, անցնում էր միայն արական սեռին, եթե այլևս չկար ընտանիքի ղեկավարը՝ հայրը։ Իգական սեռը հանվում էր հողի ժառանգումից։ Որդիներ չլինելու դեպքում հողն անցնում էր համայնքի տնօրինությանը[1]:

Ֆեոդալական հարաբերությունների զարգացման ընթացքում մանր ալլոդատերերի հողաբաժիններն անցան ֆեոդալական խոշոր տնտեսություններին։ Միաժամանակ խոշոր և միջակ հողատերերի ալլոդներն աստիճանաբար տեղի տվեցին պայմանական ֆեոդալական սեփականությանը՝ բենեֆիցիումին, ապա՝ ֆեոդին։

Սակայն ալլոդային սեփականությունն ինչ–որ չափով պահպանվեց Անգլիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում (գլխավորապես՝ Սաքսոնիայում) և հատկապես Հարավային Ֆրանսիայում ու Սկանդինավիայում։ Մերձավոր և Միջին Արևելքում ալլոդներին մոտավորապես համապատասխանում էր մյուլքը, ռուսական պետության մեջ՝ վոտչինան, Հայաստանում՝ «հայրենիքը»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Դ. Սկազկին, Միջին դարերի պատմություն, հ. 1, Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1975 — 158, էջեր 158 — 822 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png