Ալեքսան Պողոսյան (կոմբայնավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսան Պողոսյան (այլ կիրառումներ)
Ալեքսան Պողոսյան
Ծնվել է1909
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմբայնավար
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Ալեքսան Սարիբեկի Պողոսյան (1909 - անհայտ), հայ խորհրդային կոմբայնավար, գյուղատնտեսական արտադրության առաջավոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1951)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսան Պողոսյանը ծնվել է 1909 թվականին Ռուսական կայսրության Կարսի մարզի Աղջաղալա գյուղում, բանվորի ընտանիքում։ 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ Պողոսյանների ընտանիքը տեղափոխվել է Ալեքսանդրապոլ քաղաք։ 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ախուրյանի շրջանի Առափի, ապա՝ Ոսկեհասկ գյուղ, որից հետո վերադարձել են Լենինական քաղաք։ 1921 թվականից Ալեքսան Պողոսյանը սովորել է Առափիի և Լենինականի միջնակարգ դպրոցներում[2]։

1931 թվականին միջնակարգ կրթություն ստանալուց հետո Ալեքսան Պողոսյանն աշխատանքի է ընդունվել ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ գյուղի կոլտնտեսությունում, որտեղ աշխատել է մեկ տարի։ 1932 թվականին Պողոսյանն սովորել է Ախուրյանի ՄՏԿ-ին կից գյուղատնտեսության մեխանիզատորների վերապատրաստման դասընթացներում, որից հետո Ախուրյանի ՄՏԿ-ում աշխատել է որպես տրակտորիստ-կոմբայնավար։ Կատարելագործելով իր մասնագիտական կարողությունները և դրսևորելով իր լավագույն կողմերը՝ 1936 թվականին Պողոսյանը նշանակվել է տրակտորային բրիգադի բրիգադիր[2]։ Պողոսյանը սիստեմատիկորեն գերակատարել է սահմանված արտադրական պլանները և բարձրացրել գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը, ինչի համար 1935 թվականին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[3]։ 1940 թվականին Պողոսյանը ընդունվել է ՀամԿ (բ)Կ / ԽՄԿԿ[4] շարքերը։ Նույն թվականին տեղափոխվել է ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի Ղարիբջանյանի մեքենատրակտորային կայան, որտեղ աշխատել է որպես կոմբայնավար և տրակտորային բրիգադի բրիգադիր[2]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին բարձրակարգ կադրերի և անհրաժեշտ պահեստամասերի բացակայության պայմաններում Ալեքսան Պողոսյանին հաջողվել է ապահովել կոմբայնների և տրակտորների շահագործումը[5]։ 1950 թվականին, ժամային գրաֆիկով աշխատելով, աշխատող մեքենաների գերազանց տեխնիկական սպասարկման, դրանց ժամանակին և որակյալ վերանորոգման, ինչպես նաև մեխանիզմները փոխելու և կատարելագործելու արդյունքում, բրիգադիր և կոմբայնավար Ալեքսան Պողոսյանն իր «Ստալինեց-6» կոմբայնով, 24 աշխատանքային օրվա ընթացքում ռեկորդային բերք է հավաքել՝ 7188 ցենտներ հացահատիկային մշակաբույսեր և 191 ցենտներ խոտի սերմեր[6][5]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1951 թվականի հուլիսի 3-ի հրամանագրով 1950 թվականին ոռոգելի հողատարածքներից հացահատիկային կուլտուրաների և խոտի սերմերի բերքահավաքի և հնձման գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար Ալեքսան Սարիբեկի Պողոսյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, նրան հանձնելով Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[7]։

1955, 1956 և 1957 թվականներին Ալեքսան Պողոսյանը մասնակցել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսներին ու արժանացել Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի ոսկե և արծաթե մեդալների[8]։ 1958 թվականից, մեքենատրակտորային կայանների լուծարման հետ կապված, Պողոսյանը աշխատանքի է անցել ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ գյուղի կոլտնտեսությունում որպես տրակտորային բրիգադի բրիգադիր[2]։ Պողոսյանի բրիգադը բաղկացած է եղել 24 մեխանիզատորներից, որոնք բարձր արդյունքների են հասել արդեն յոթերորդ հնգամյակի առաջին տարում։ Ագրոտեխնիկական միջոցառումների հետևողական կիրառման և գործընթացների մեքենայացման ընդլայնման շնորհիվ բրիգադին հաջողվել է բարձրացնել բերքատվությունը և կոլտնտեսությունը ստացել է 17 ցենտներ ցորեն ու 241 ցենտներ շաքարի ճակնդեղ[4]։

Ալեքսան Սարիբեկի Պողոսյանը զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի III–V գումարումների պատգամավոր[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1951 թվականի հուլիսի 3-ի հրամանագիր, Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» մեդալ)՝ 1950 թվականին ոռոգելի հողատարածքներից հացահատիկային կուլտուրաների և խոտի սերմերի բերքահավաքի և հնձման գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար[7],
  • Լենինի շքանշան (2.06.1952)[7][5],
  • Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (12/30/1935 - աշխատանքային հերոսության, հացահատիկի բերքատվությունը հեկտարից առնվազն 150 փութ բարձրացնելու, տրակտորի և կալսիչ մեքենայի արտադրողականության սահմանված ստանդարտները 100-200 տոկոսով գերազանցելու համար, 11/3/1953)[7][5],
  • Մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ[5],
  • «Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար» մեդալ[5],
  • Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի ոսկե մեդալ[4],
  • Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի արծաթե մեդալ[4],
  • «Առաջավոր կոմբայնավար» կրծքանշան[5],
  • «Առաջավոր տրակտորային բրիգադիր» կրծքանշան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саакян В. М., Геворкян В. А. Погосян Алексан Сарибекович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 87—90. — 325 с.
  • Мелконян З. А. Передовой опыт Героя Социалистического Труда, комбайнёра Алексана Погосяна = Սոցիալիստական աշխատանքի հերոս, կոմբայնավար Ալեքսան Պողոսյանի առաջավոր փորձը. — Ер., 1951. — 19 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]