Ալեքսան Պողոսյան (կոմբայնավար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսան Պողոսյան (այլ կիրառումներ)
Ալեքսան Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | 1909 |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոմբայնավար |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Ալեքսան Սարիբեկի Պողոսյան (1909 - անհայտ), հայ խորհրդային կոմբայնավար, գյուղատնտեսական արտադրության առաջավոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1951)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսան Պողոսյանը ծնվել է 1909 թվականին Ռուսական կայսրության Կարսի մարզի Աղջաղալա գյուղում, բանվորի ընտանիքում։ 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ Պողոսյանների ընտանիքը տեղափոխվել է Ալեքսանդրապոլ քաղաք։ 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ախուրյանի շրջանի Առափի, ապա՝ Ոսկեհասկ գյուղ, որից հետո վերադարձել են Լենինական քաղաք։ 1921 թվականից Ալեքսան Պողոսյանը սովորել է Առափիի և Լենինականի միջնակարգ դպրոցներում[2]։
1931 թվականին միջնակարգ կրթություն ստանալուց հետո Ալեքսան Պողոսյանն աշխատանքի է ընդունվել ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ գյուղի կոլտնտեսությունում, որտեղ աշխատել է մեկ տարի։ 1932 թվականին Պողոսյանն սովորել է Ախուրյանի ՄՏԿ-ին կից գյուղատնտեսության մեխանիզատորների վերապատրաստման դասընթացներում, որից հետո Ախուրյանի ՄՏԿ-ում աշխատել է որպես տրակտորիստ-կոմբայնավար։ Կատարելագործելով իր մասնագիտական կարողությունները և դրսևորելով իր լավագույն կողմերը՝ 1936 թվականին Պողոսյանը նշանակվել է տրակտորային բրիգադի բրիգադիր[2]։ Պողոսյանը սիստեմատիկորեն գերակատարել է սահմանված արտադրական պլանները և բարձրացրել գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը, ինչի համար 1935 թվականին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[3]։ 1940 թվականին Պողոսյանը ընդունվել է ՀամԿ (բ)Կ / ԽՄԿԿ[4] շարքերը։ Նույն թվականին տեղափոխվել է ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի Ղարիբջանյանի մեքենատրակտորային կայան, որտեղ աշխատել է որպես կոմբայնավար և տրակտորային բրիգադի բրիգադիր[2]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին բարձրակարգ կադրերի և անհրաժեշտ պահեստամասերի բացակայության պայմաններում Ալեքսան Պողոսյանին հաջողվել է ապահովել կոմբայնների և տրակտորների շահագործումը[5]։ 1950 թվականին, ժամային գրաֆիկով աշխատելով, աշխատող մեքենաների գերազանց տեխնիկական սպասարկման, դրանց ժամանակին և որակյալ վերանորոգման, ինչպես նաև մեխանիզմները փոխելու և կատարելագործելու արդյունքում, բրիգադիր և կոմբայնավար Ալեքսան Պողոսյանն իր «Ստալինեց-6» կոմբայնով, 24 աշխատանքային օրվա ընթացքում ռեկորդային բերք է հավաքել՝ 7188 ցենտներ հացահատիկային մշակաբույսեր և 191 ցենտներ խոտի սերմեր[6][5]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1951 թվականի հուլիսի 3-ի հրամանագրով 1950 թվականին ոռոգելի հողատարածքներից հացահատիկային կուլտուրաների և խոտի սերմերի բերքահավաքի և հնձման գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար Ալեքսան Սարիբեկի Պողոսյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, նրան հանձնելով Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[7]։
1955, 1956 և 1957 թվականներին Ալեքսան Պողոսյանը մասնակցել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսներին ու արժանացել Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի ոսկե և արծաթե մեդալների[8]։ 1958 թվականից, մեքենատրակտորային կայանների լուծարման հետ կապված, Պողոսյանը աշխատանքի է անցել ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ գյուղի կոլտնտեսությունում որպես տրակտորային բրիգադի բրիգադիր[2]։ Պողոսյանի բրիգադը բաղկացած է եղել 24 մեխանիզատորներից, որոնք բարձր արդյունքների են հասել արդեն յոթերորդ հնգամյակի առաջին տարում։ Ագրոտեխնիկական միջոցառումների հետևողական կիրառման և գործընթացների մեքենայացման ընդլայնման շնորհիվ բրիգադին հաջողվել է բարձրացնել բերքատվությունը և կոլտնտեսությունը ստացել է 17 ցենտներ ցորեն ու 241 ցենտներ շաքարի ճակնդեղ[4]։
Ալեքսան Սարիբեկի Պողոսյանը զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի III–V գումարումների պատգամավոր[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1951 թվականի հուլիսի 3-ի հրամանագիր, Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» մեդալ)՝ 1950 թվականին ոռոգելի հողատարածքներից հացահատիկային կուլտուրաների և խոտի սերմերի բերքահավաքի և հնձման գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար[7],
- Լենինի շքանշան (2.06.1952)[7][5],
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (12/30/1935 - աշխատանքային հերոսության, հացահատիկի բերքատվությունը հեկտարից առնվազն 150 փութ բարձրացնելու, տրակտորի և կալսիչ մեքենայի արտադրողականության սահմանված ստանդարտները 100-200 տոկոսով գերազանցելու համար, 11/3/1953)[7][5],
- Մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ[5],
- «Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար» մեդալ[5],
- Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի ոսկե մեդալ[4],
- Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի արծաթե մեդալ[4],
- «Առաջավոր կոմբայնավար» կրծքանշան[5],
- «Առաջավոր տրակտորային բրիգադիր» կրծքանշան[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 666. — 688 с.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 88
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 88—89
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 90
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 89
- ↑ Мелконян, 1951, էջ 5
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Ալեքսան Պողոսյան (կոմբայնավար) «Երկրի հերոսներ» կայքում
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 89—90
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Саакян В. М., Геворкян В. А. Погосян Алексан Сарибекович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 87—90. — 325 с.
- Мелконян З. А. Передовой опыт Героя Социалистического Труда, комбайнёра Алексана Погосяна = Սոցիալիստական աշխատանքի հերոս, կոմբայնավար Ալեքսան Պողոսյանի առաջավոր փորձը. — Ер., 1951. — 19 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- 1909 ծնունդներ
- Մահվան ամսաթիվը չորոշված անձինք
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 5-րդ գումարման պատգամավորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 4-րդ գումարման պատգամավորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 3-րդ գումարման պատգամավորներ