Ալեքսանդր Դովժենկոյի անվան ազգային կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դովժենկոյի անվան ազգային կենտրոն
Տեսակcinematheque? և վայր
Երկիր Ուկրաինա
Հիմնադրված1994
Անվանված էԱլեքսանդր Դովժենկո
Կայքdovzhenkocentre.org

Ալեքսանդր Դովժենկոյի անվան ազգային կենտրոն (Դովժենկո  կենտրոն, ուկրաիներեն՝ Національний центр Олександра Довженка), Ուկրաինայի գեղարվեստական ֆիլմերի պահպանման և պատճենահանման պետական ձեռնարկություն։ Այն ներառում է նաև ֆիլմերի պատճենահանման պետական լաբորատորիա։ FIAF միջազգային կինոարխիվների ֆեդերացիայի անդամ է (անգլ.՝ International Federation of Film Archives):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ֆիլմերի օգտագործման պետական ձեռնարկություն ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է Ուկրաինայի անկախացումից հետո։ Մինչ այդ, Ուկրաինայում նկարահանված բոլոր գեղարվեստական ֆիլմերի սկզբնաղբյուրները պահեստավորման են ուղարկվել ԽՍՀՄ համամիութենական պետական կինոֆոնդին (Պետֆիլմոֆոնդ)։ Միևնույն ժամանակ վավերագրական ֆիլմերը, լրատվական ֆիլմերը և գիտահանրամատչելի ֆիլմերը պահպանման համար տեղափոխվել են Ուկրաինայի միակ պետական կինոարխիվ՝ Ուկրաինայի Գ. Ս. Պշենիչնիի անվան կենտրոնական պետական կինոֆոտոարխիվ։ Ուկրաինայի անկախության հռչակումից անմիջապես հետո ուկրաինական գեղարվեստական ֆիլմերի բնօրինակ կինոնյութերը սկսել են մնալ արտադրող ստուդիաների պահպանության տակ։ Բացի այդ, Ուկրաինայի անկախության հռչակման ժամանակ Կիևի կինոպատճենների ֆաբրիկայում պահվել են մեծ քանակությամբ օրիգինալ կինոնյութեր (այդ ֆոնդերն ի սկզբանե օգտագործվել են Դովժենկոյի կենտրոնի ստեղծման համար)։

Ալեքսանդր Դովժենկոյի ազգային կենտրոնը ստեղծվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի նախագահի «Ալեքսանդր Դովժենկոյի ծննդյան 100-ամյակի տոնակատարության միջոցառումների մասին» հրամանագրով և Ուկրաինայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության 1994 թվականի նոյեմբերի 1-ի «Կիևում Ալեքսանդր Դովժենկոյի ազգային կենտրոնի ստեղծման մասին» հրամանով։ Դովժենկոյի կենտրոնը ստեղծվել է Կիևի կինոպատճենահանման ֆաբրիկայի տարածքում (հիմնադրվել է 1949 թվականին), կինոպատճենների մշակման և տպագրության Արևելյան Եվրոպայում ամենամեծ ձեռնարկությունը, իսկ 1999 թվականին՝ Ուկրաինայի մշակույթի նախարարության № 161 հրամանով Ալեքսանդր Դովժենկոյի ազգային կենտրոնը միավորվել է «Կիևի կինոպատճենահանման ֆաբրիկա» պետական ձեռնարկության հետ։ 2003 թվականից Դովժենկոյի կենտրոնը հանդիսանում է Միջազգային կինոարխիվների ֆեդերացիայի (FIAF) ասոցացված անդամ, 2006 թվականից՝ FIAF-ի լիիրավ անդամ։

Չնայած իր անվանման մեջ «ազգային» բառի առկայությանը, ձեռնարկությունը չունի իրավաբանորեն ամրագրված ազգային կարգավիճակ։

Դովժենկոյի կենտրոնը գտնվում է Ուկրաինայի մշակույթի նախարարության և Ուկրաինայի պետական կինոգործակալության ենթակայության ներքո։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դովժենկոյի կենտրոնը միակ պետական ձեռնարկությունն է Ուկրաինայում, որը զբաղվում է Ուկրաինայի ազգային կինոֆոնդի պահպանմամբ, նորացմամբ, ուսումնասիրությամբ և ընդլայնմամբ։ Կատարում է գիտական հետազոտություն կինեմատոգրաֆիայի բնագավառում, հրատարակում է կինոյի պատմության վերաբերյալ տեղեկատու գրականություն, մասնագիտացված կինոհրատարակություններ, խթանում է ուկրաինական և համաշխարհային կինոն։

Դովժենկոյի կենտրոնն ունի ժամանակակից արտադրական բազա՝ գրեթե բոլոր տեսակի տեխնոլոգիական աշխատանքներ կատարելու համար, որոնք անհրաժեշտ են ֆիլմերի նեգատիվ և պոզիտիվ կինոժապավենների կրկնօրինակների արտադրության և վերականգնման համար։

Համաձայն «Ուկրաինայի կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի՝ պետական միջոցների հաշվին նկարահանված բոլոր ուկրաինական ֆիլմերի սկզբնական նյութերը  (ներառյալ մասնակի) պահվում են Դովժենկոյի կենտրոնում։

Կինոֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դովժենկոյի կենտրոնում պահվում են ավելի քան 50,000 միավոր կինոնյութեր (ավելի քան 7,000 անուն ֆիլմերի ստեղծագործություններ)՝ գեղարվեստական, անիմացիոն, վավերագրական և գիտահանրամատչելի ֆիլմեր, հիմնականում ուկրաինական արտադրության։ Դրանցից շատերը ներկայացված են օրիգինալ նյութերի վրա՝ նեգատիվներ և կրկնակի նեգատիվներ, որոշները նաև՝ պոզիտիվ ֆիլմերի և թվային կրիչների վրա։ Դովժենկոյի կենտրոնում պահվում են 1992 թվականից հետո նկարահանված բոլոր ուկրաինական ֆիլմերի նյութերը։ Խորհրդային շրջանի ֆիլմերի նյութերը հիմնականում ներկայացվում են կրկնակի նեգատիվների կամ պոզիտիվ ժապավենների վրա։ Դովժենկոյի կենտրոնում պահվող ամենահին ֆիլմը 1910 թվականի արտադրության է։ 2012 թվականին Դովժենկոյի կենտրոնում պահպանության ընդունվեց ամենահին ուկրաինական խորհրդային գեղարվեստական ֆիլմը՝ «Ուրվականը շրջում է Եվրոպայում» (ռեժիսոր՝ Վլադիմիր Գարդին, 1922)։

Կենտրոնում է պահվում նաև ֆոտոփաստաթղթեր, հայտնի կինոնկարիչների անձնական արխիվներ և ուկրաինական կինեմատոգրաֆիայի արվեստի հազվագյուտ նմուշներ։   

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դովժենկոյի կենտրոնը թողարկել է առաջին ուկրաինական գեղարվեստական ֆիլմը Dolbysurround-ի ձայնագրվածքով՝ Օլեսյա Սանինի «Մամայ» հայտնի ֆիլմը։

Անկախության տարիներին Դովժենկոյի կենտրոնի կինոլաբորատորիաները մոնտաժել և կրկնօրինակել են ուկրաինական գրեթե բոլոր թողարկված գեղարվեստական ֆիլմերը, որոնցից մի քանիսն արժանացել են մրցանակների տարբեր կինոփառատոներում՝ «Աղոթք գետման Մազեպայի համար», «Մամայ», «Ներկայության էֆեկտը», «Գետի ափին», «Ուրիշ կյանք կամ թռիչք հաջորդ աշխարհից», «Բովանցք», «Երկաթե հարյուրյակ», «Զինովիյ-Բոգդան Խմելնիցկի», «Տիրակալ Անդրեյը» և այլն։ 2007-2010 թվականներին Դովժենկոյի կենտրոնի միջոցով վերականգնվել են Ալեքսանդր Դովժենկոյի, Իվան Միկոլայչուկի, Յուրի Իլիենկոյի ֆիլմերը, որոնք հետագայում թողարկվեցին  DVD տարբերակով։ Նվերների հավաքածուների տեսքով թողարկված DVD–ները վաճառքի չհանվեցին  և անմատչելի մնացին լայն հանրության համար։

2011 թվականից Դովժենկոյի կենտրոնն իրականացնում է ուկրաինական կինոյի հանրահռչակման ծրագիր. երկու ամիսը մեկ անցկացվում են «KOLO DZIGI» երաժշտական ֆիլմերի ներկայացումներ՝ համր ֆիլմերի ցուցադրություններ՝ ուղեկցելով դրանք կենդանի ժամանակակից երաժշտությամբ, ուկրաինական կինոյի դասականների հետահայաց ցուցադրություններ։

Մի շարք ուկրաինացի երաժիշտներ և դիջեյներ աշխատել են Ձիգա Վերտովի «Տասնմեկերորդը» ֆիլմի սաունդթրեքի վրա։ Այդ թվում՝ Անտոն Բայբակովը և DJJARR-ը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Диджей Ярослав Еременко: Саундтрек к жизни». STYLEINSIDER (ռուսերեն). 2015 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]