Ազարիա Մանուչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազարիա Մանուչարյան
Ծնվել է1913
ԾննդավայրԲերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունմանկավարժ և անասնաբույծ

Ազարիա Թադևոսի Մանուչարյան (1913, Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ, անասնաբույծ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Ծնվել է Բերդ գյուղում (այժմ՝ քաղաք)։ 1936 թվականին, ավարտելով Բերդի միջնակարգ դպրոցը, մանկավարժական աշխատանքի է անցել շրջանի դպրոցներում. Այգեձորում՝ ուսուցիչ, Չորաթանում՝ դպրոցի տնօրեն, Ներքին Կարմիրաղբյուրում՝ ուսմասվար։ 1941 թվականի մայիսին մասնակցել է վերապատրաստման դասընթացների, որը չավարտած՝ սկսում է Հայրենական մեծ պատերազմը։ Ժամանակից շուտ նրան տրվում է կրտսեր լեյտենանտի կոչում, ուղարկվում գործող բանակ։

Պատերազմին մասնակցել է 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1942 թվականի հունվարը՝ 509-րդ հրաձգային գնդում որպես հակատանկային հրանոթի դասակի հրամանատար։ 1942 թվականի հունվարին Թեոդոսիայի տակ վիրավորվում է, ապաքինվելուց հետո զինվորական ծառայությունը շարունակում թիկունքային զորամասերում։ Բանակից զորացրվել է 1946 թվականին։ Նույն տարում էլ անցնում է ուսուցչական աշխատանքի Չորաթանի միջնակարգ դպրոցում։

1949 թվականին ընտրվել է Բերդի կոլտնտեսության նախագահ։ Աշխատանքին զուգահեռ հեռակա կարգով սովորում և ավարտում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։

1966-1978 թվականներին աշխատել է որպես անասունների արհեստական սերմնավորման պետկայանի տնօրենը։

Պարգևատրվել է մի շարք մեդալներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 30։