Jump to content

Նուկլեոտիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նուկլեոտիդներ, նուկլեոզիդ-ֆոսֆորատներ, նուկլեոզիդների ֆոսֆորաթթվական էսթերներ։ Կազմված են ազոտային հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվի մնացորդից։ Ռիբոնուկլեոտիդները և դեզօքսիռիբոնուկլեոտիդները պարունակում են միևնույն պուրինային հիմքերը (ադենին և գուանին), բայց տարբերվում են պիրիմիդնային հիմքերի (ցիտոզին և ուրացիլ, ցիտոզին և թիմին) կազմով։ Համարյա բոլոր նուկլեոտիդները անգույն, ջրում լուծվող բյուրեղային նյութեր են։ Չեն լուծվում օրգանական լուծիչներում։ Ունեն թթվային հատկություն և բնորոշ կլանման սպեկտր ուլտրամանուշակագույն հատվածում։ Լինում են մեկ, երկու, երեք և բազմաթիվ նուկլեոտիդների մնացորդներից կազմված միացություններ, որոնք համապատասխանաբար կոչվում են միանուկլեոտիդներ, երկնուկլեոտիդներ, եռնուկլեոտիդներ և բազմանուկլեոտիդներ կամ նուկլեինաթթուներ։ Նուկլեոտիդներից են բաղկացած նուկլեինաթթուները, բազմաթիվ կոֆերմենտներ և կենսաբանորեն այլ ակտիվ նյութեր։ Նուկլեոտիդներ են կոչվում նաև նույն սկզբունքով կառուցված, բայց ֆոսֆորական թթվի մեկից ավելի թվով (2,3) մնացորդ կամ ազոտային հիմքեր պարունակող միացությունները, ինչպես օրինակ՝ օրգանիզմում էներգիայի հիմնական աղբյուր հանդիսացող ադենոզինեռֆոսֆորական թթուն (ԱԵՖ), ջրածնի և էլեկտրոնների փոխադրման ռեակցիաներին մասնակցող նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդը (ՆԱԵ), ֆլավինադենիներկնուկլեոտիդը (ՖԱԵ) և այլն։ Օրգանիզմում նուկլեոտիդները սինթեզվում են ամինաթթուներից և այլ ավելի պարզ միացություններից։ Կենսաբանական օբյեկտներից նուկլեոտիդներ անջատում են էլեկտրաֆորեզի, իոնափոխանակային և նրբաշերտ քրոմատոգրաֆիայի մեթոդներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 403