Ադամինիի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Ադամինիի տուն (ռուս.՝ Дом Адамини), շենք Սանկտ Պետերբուրգում՝ Մարսյան դաշտի և Մոյկա գետի առափնյա հատվածի անկյունում, դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսյան դաշտի արևմտյան սահմանին գտնվող թաղամասի շենքերից ամենահարավայինն է։ Հիմնադիրի վաճառական Անտոնովի անունով շենքը երբեմն կոչվում է Անտոնովի տուն, իսկ Ադամինիի տուն ընդհանուր ճանաչված անվանումը ստացվել է նրա ճարտարապետ Դոմենիկո Ադամինի անունից։ Եռահարկ բնակելի տունը կառուցել է Անտոնովը Ստեպան Ապրակսինի ընտանիքից գնված սեղանակերպ հողամասի վրա։ Սեղանակերպ հողամասի ավելի մեծ հիմքը նայում է Մարսյան դաշտին, փոքրը՝ Դեղատնային նրբանցքին։ Շենքի ճակատային մասի դեպի Մարսյան դաշտին (արևելյան) և Մոյկա գետի առափնյա հատվածին (հարավային) նայող շենքի ճակատային մասերը զարդարված են կենտրոնական ելուստներով, որոնց երկրորդ և երրորդ հարկերը զարդարված են ութ սյուներից կազմված սյունասրահներով։ Հարավային ճակատը փակում է Գրիբոյեդովի ջրանցքի հեռավոր երևացող տեսարանը Նևսկի պողոտայից, որը մասամբ փակվել էր «Ամենափրկիչ» եկեղեցու կառուցումից հետո։ Շենքի հարավարևելյան անկյունը կլորացված է, 2 վերին հարկերը զարդարված են որմնասյուներով։ Շենքի պարագծի երկայնքով անցնում է շքեղ սվաղային եզրազարդը, սյուների վրա և հարավ-արևելյան անկյունում գրիֆիններ են։ Անտոնովը մտադիր է եղել առևտրի համար օգտագործել հարավային ճակատի առաջին հարկը, ուստի այն զարդարված է կամարաշարքով։

Տան առաջին բնակիչներից է եղել գիտնական Պավել Շիլինգը։ Այստեղ նա հայտնագործել է էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, որը ցուցադրել է հանրությանը, այդ թվում՝ Նիկոլայ I-ին։ Հեռագրասարքի հաղորդիչ և ընդունող սարքերը գտնվում էին տան տարբեր ծայրերում։ 20-րդ դարի սկզբին շենքը պատկանել է Ուդելային գերատեսչությանը, որի համար էլ ստացել է Ուդելովի տուն անվանումը։ 1913 թվականին հրատարակված գրքում ճարտարապետության պատմաբան Վլադիմիր Կուրբատովը ափսոսանք է հայտնել շենքի մոտալուտ քանդման համար[1]։ Սակայն հետագա տարիներին շենքը ոչ միայն չի ավերվել, այլև դարձել է մայրաքաղաքի մշակութային կյանքի կենտրոնը։ 1914 թվականին երկրորդ հարկը զբաղեցրել է «Դոբիչինայի գեղարվեստի բյուրոն»։ Այստեղ անցկացվել են «Ռուս նկարիչների միության», «Երիտասարդների միության», «Էշի պոչ», «Գոլուբայա ռոզա», «Արվեստի աշխարհ» գեղարվեստական ցուցահանդեսները։

1916 թվականի գարնանից մայրաքաղաքի մշակութային էլիտային կարելի էր գտնել նաև այն տան նկուղում, որտեղ Բորիս Պրոնինը բացել է «Դերասանական հավաքատեղի» կաբարեն, որը փոխարինել է Միխայլովսկայա հրապարակում գտնվող «Թափառող շան»-ը, որը իշխանությունները փակել էին մեկ տարի առաջ։ Նկարիչներ Բորիս Գրիգորևը, Սերգեյ Սուդեյկինը, Վասիլի Շուխաևը և Ալեքսանդր Յակովլևը նկարազադել են հաստատության պատերն ու առաստաղները։ 1919 թվականին «Դերասանական հավաքատեղին» փակվել է, նկարազարդումները ոչնչացվել են 1924 թվականի ջրհեղեղից։ Հետհեղափոխական տարիներին գրող Լեոնիդ Անդրեևը և բանաստեղծուհի Աննա Ախմատովան, ովքեր բնակություն են հաստատել իրենց ընկերուհու՝ Օլգա Սուդեյկինայի բնակարանում, մի քանի ամիս ապրել են Ադամինիի տանը։ Հետագայում այդ տանը ապրել են արվեստաբան Էռնստ Լիպգարտը, ճարտարապետ Նիկոլայ Բարանովը, գրողներ Յուրի Գերմանը, Վերա Պանովան և Լեոնիդ Ռախմանովը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի նոյեմբերի 26-ի կեսօրին, երկու հզոր պայթուցիկ ռումբեր են ընկել շենքի վրա։ Մեկը քանդել է շենքի արևելյան հատվածի ներքին կառուցվածքները, իսկ երկրորդը՝ հարավային ճակատի կենտրոնական հատվածը։ Ադամինիի տունը վերականգնվել է 1946 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Владимир Яковлевич Курбатов Обзор художественного достояния Петербурга // Петербург: Художественно-исторический очерк и обзор художественного богатства столицы. — СПб.: Община св. Евгении (Товарищество Р. Голике и А. Вильборг), 1913.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зуев Г. И. Дом Адамини // Течёт река Мойка… От Фонтанки до Невского проспекта. — М.։ Центрполиграф, 2012.
  • Адамини дом // Санкт-Петербург. Петроград. Ленинград: Энциклопедический справочник. — М.: Большая российская энциклопедия, 1992.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]