Աբալուկունու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբալուկունու
Մուսասիրի նահանգապետ
մ.թ.ա. 8-րդ դարի վերջ
 
Ծննդյան օր մ.թ.ա. 8-րդ դար
Վախճանի օր մ.թ.ա. 8-րդ դար
Քաղաքացիություն Վանի թագավորություն

Աբալուկունու (նաև՝ Աբլիուկնու, մ.թ.ա. 8-րդ դար - մ.թ.ա. 8-րդ դար), Վանի թագավորության ռազմական և քաղաքական գործիչ, Մուսասիրի նահանգապետ, Վանի թագավորության երկրորդ տուրտան (սպարապետ) Ուրծինեի եղբայրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասորեստանի Սարգոն Բ (մ․թ․ա․ 722-705) թագավորին ուղղված նամակում հետախույզ Աշշուրրիսուանը հաղորդում է, որ Վանի թագավորությանը պատկանող Ուրմիա լճի առափնյա նահանգի բիայնական քաղաքներում մանեացիներն ընդվզել են, կատարել կողոպուտներ և բարձրացել սարերը։ Այդ պատճառով, Մուսասիրի նահանգապետ Աբալուկունուն և Կարսիպարի նահանգապետ Թուննաունը գնացել են Մանա երկրի սահմանները՝ հսկողություն կատարելու համար[1][2]։ Ըստ Նիկողայոս Ադոնցի, Ուրմիա լճի առափնյա շրջանը և լճի ափին գտնվող Մեիշտա քաղաքը պատկանում էին Վանի թագավորությանը[3]։

Ըստ մեկ այլ նամակի, այս անգամ ապստամբություն է սկսվում Վանի թագավորության կենտրոնական նահանգներում, սակայն Ռուսա Ա-ն կարողանում է ճնշել այն և խեղդամահ անել է տալիս այն 20 հրամանատարներին, որոնք դուրս էին եկել թագավորի դեմ, իսկ թագավորության երկրորդ տուրտանը` Ուրծինեն, ով Աբբալուկունուի (բնագրում՝ Աբլիկուկնու) եղբայրն է, ձերբակալվում է Տուշպայում[1][4]։

Այս երկու իրադարձությունների թվականը Իգոր Դյակոնովը ենթադրաբար դնում է մ․թ․ա․ 720 թվականին՝ Վանի թագավորության արքա Ռուսա Ա-ի կառավարման շրջանում (մ․թ․ա․ 735-714 թթ․)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 322-323․
  2. «Ассиро-вавилонские источники по истории Урарту», Իգոր Դյակոնով, Вестник древней истории, № 2, 1951, 50 (12)
  3. «Հայաստանի պատմություն․ Ակունքները X-VI դդ․ մ․թ․ա․», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1972, էջ 127․
  4. «Ассиро-вавилонские источники по истории Урарту», Իգոր Դյակոնով, Вестник древней истории, № 2, 1951, 50 (13)