«Բուբա-կիկի» էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Booba and Kiki shapes
Նկար «Բուբա-կիկի» թեստից. փորձի մասնակիցների մեծ մասը ձախ պատկերն անվանել է «կիկի», իսկ աջը՝ «բուբա»

«Բուբա-կիկի» էֆեկտ, համապատասխանություն, որը մարդկային բանականությունը սահմանում է բառի ձայնային պատյանի և առարկայի երկրաչափական ձևի միջև։ Ձայնի և ձևի սինեսթեզիայի օրինակ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էֆեկտը 1929 թվականին հայտնաբերել է գերմանա-ամերիկացի հոգեբան Վոլֆգանգ Կյոլերը[1] Տեներիֆե կղզում անցկացված գիտափորձի արդյունքում։ Կյոլերը մասնակիցներին ցույց է տվել երկու պատկեր՝ կլորավուն և սուր անկյուններով, և առաջարկել է որոշել, թե դրանցից որն է կոչվում «տակետե», իսկ որը՝ «բալուբա»։ Գիտափորձը հաստատել է Կյոլերի ենթադրությունը, որ մարդկանց մեծամասնությունը կլորավուն պատկերն անվանել է «բալուբա», իսկ սուր անկյուններովը՝ «տակետե»[2]։

2001 թվականին նյարդաբաններ Վիլեյանուր Ռամաչանդրանը և Էդվարդ Հաբարդը կրկնել են Կյոլերի փորձը Ամերիկայի Միացյալ Նահանգներում (անգլերեն) և Հնդկաստանում (թամիլերեն)՝ պատկերների անունները փոխարինելով «կիկի» և «բուբա» բառերով։ Հարցը հետևյալն էր. «Ներկայացված պատկերներից ո՞րն է «բուբա», ո՞րը «կիկի»»։ Հարցվածների 95 տոկոսը կլորավուն պատկերն անվանել է «բուբա», իսկ սուր անկյուններովը՝ «կիկի»։ Այսպիսով, հաստատվել է այն վարկածը, որ մարդը վերացական իմաստներ վերագրում է պատկերներին և հնչյուններին նույն կերպ[3]։

Կանադացի գիտնական Դաֆնի Մորերի և նրա գործընկերների աշխատանքը ցույց է տվել, որ նույնիսկ 2 տարեկան երեխաները, որոնք կարդալ չգիտեն, բառի իմաստը նույն կերպ են բխեցնում նրա ձայնային պատյանից և այն վերագրում նրա ձևին համապատասխանող պատկերին[4]։

Ռամաչանդրանը և Հաբարդը ենթադրում են, որ «բուբա-կիկիի» էֆեկտը ցուցադրում է այն, որ առարկաների անվանումները լեզվում ամենևին կամայական չեն[3]։ Մարդկանց մեծամասնությունը կլորավուն պատկերը կանվանի «բուբա», քանի որ այս բառն արտասանելու համար հարկավոր է շուրթերը ձգել փողիկի տեսքով։ «Կիկի» բառն արտասանելու համար հարկավոր է «ծռմռել» շուրթերը։ Բացի այդ, [կ] հնչյունի արտասանումը շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում, քան [բ] հնչյունինը։ Ձայնի և երկրաչափական ձևի դիտվող սինեսթեզիան հաստատում է հնչյունաբանության հիմնական թեզը՝ հնչյունները կարող են ինքնուրույն իմաստ կրել[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Köhler, W. Gestalt Psychology. — New York: Boni & Liveright, 1929.
  2. Köhler, W. Gestalt Psychology, 2nd Ed. — New York: Boni & Liveright, 1947. — С. 224.
  3. 3,0 3,1 Ramachandran, VS & Hubbard, E. M. Synaesthesia: A window into perception, thought and language(անգլ.) // Journal of Consciousness Studies : journal. — 2001b. — Т. 8. — № 12. — С. 3—34. Архивировано из первоисточника 13 Օգոստոսի 2011.
  4. Maurer D., Pathman T., Mondloch C. J. The shape of boubas: Sound-shape correspondences in toddlers and adults(անգլ.) // Developmental Science : journal. — 2006. — Т. 9. — № 3. — С. 316—322. — doi:10.1111/j.1467-7687.2006.00495.x — PMID 16669803. Архивировано из первоисточника 23 Հուլիսի 2011.
  5. McCormick, Kelly; Kim, Jee Young; List, Sara; Nygaard, Lynne C. (2015). «Sound to Meaning Mappings in the Bouba-Kiki Effect» (PDF). Proceedings of the 37th Annual Conference of the Cognitive Science Society: Mind, Technology, and Society: Pasadena, California, 23–25 July 2015. Austin, TX: Cognitive Science Society. էջեր 1565–1570. ISBN 978-0-9911967-2-2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Բուբա-կիկի» էֆեկտ» հոդվածին։