Սինեսթեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինեսթեզիա
Number Form--colored.jpg
Stroop interference.jpg
Տեսակ music term
MeSHID C562460
Synesthesia Վիքիպահեստում

Սինեսթեզիա (հուն.՝ συναίσθηση՝ համազգացողություն, համատեղ զգայություն, միաժամանակյա զգացում), հոգեբանախոսական սակավատիպ, անսովոր երևույթ, որն առաջանում է տարբեր զգայարանների (զգայապատկերների) և բառային համապատասխան ձևակերպումների միջոցով։ Սինեսթեզիան կարող է սահմանվել որպես ընկալման պրոցեսը, երբ մի զգայակարանի գրգռումը առաջացնում է մի կողմից համապատասխան զգայարանի գրգռում, մյուս կողմից՝ մի այլ, կողմնակի զգայություն կամ մտապատկեր՝ կախված մի ուրիշ զգայարանի գործունեության հետ:

Չնայած որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին սինեսթեզիան մեծ ուշադրության արժանացավ, բայց 20-րդ դարի սկզբին այն հետազոտողները կորցրին իրենց հետաքրքրությունը այս երևույթի նկատմամբ հետազոտման օբյեկտների սակավության պատճառով: Շատերը գտնում են, որ սինեսթեզիան նպաստում է ստեղծագործական պրոցեսին: Հոգեբանների և նյարդաբանների համար սինեսթեզիան հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն իր գրավչության պատճառով, այլ նաև այն նպաստում է ընկալման և ճանաչողական պրոցեսների ավելի լավ հասկացմանը:

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինեսթեզիան սահմանվում է որպես մի երևույթ, որի առաջացման ժամանակ գրգռիչներն ունենում են երկակի ներգործում, մեկը՝ այդ գրգռիչի համապատասխան զգայություն, և երկրորդը դրա հետ առավել կամ նվազ կապված, մի այլ զգայարանին բնորոշ զգայություն: Շատ հաճախ այս կամ այն երևույթը, կամ տպավորությունը բնորոշելու և ավելի զննական դարձնելու համար, մենք դիմում ենք ոչ միայն մի, այլև երկրորդ զգայարանին:

Առօրյա խոսակցական լեզվում սինեսթեզիայի դրսևորումներից են հաճախ գործածվող «բյուրեղյա ձայն», «սառը գույն», «քաղցր երազ», «քաղցր լեզու», «խոսուն աչքեր», «թթված դեմք» և այլ բնորոշումները։ Ինչպես նկատելի է մի երկրորդ զգայարանի միջոցով ստացած զգայական պատկերը՝ գույնը կամ ձայնը, համը կամ սառնությունը ամրապնդում և ավելի ուժեղ է դարձնում առաջին զգայարանի միջոցով ստացած տպավորությունը և նրա բառային արտահայտությունը: Սինեսթեզիական տարբեր պատկերների առաջացումը պայմանավորված է մարդու խառնվածքային առանձնահատկություններով: Խառնվածքի գեղարվեստական տիպին պատկանող մարդիկ, որոնց մոտ գերիշխում են պատկերային մտածողությունը, հուզական տպավորություններն ու բռնկումները, հակում ունեն երևույթների նկատմամբ սուբյեկտիվ, զգացմունքային ուժեղ վերաբերմունք ցուցաբերելու:

Ստեղծագործական երևակայությամբ և և զգացմունքների ուժով օժտված մարդկանց մոտ առաջանում են զգայական ներգործումների բարդ զուգորդումներ: Հետազոտողները կարծում են, որ սինեսթեզիայի որոշակի մակարդակին տիրապետում են 2000-ից 1-ը: Վիճակագրություն խնդիրներից մեկն այն է, որ շատ մարդիկ չեն գիտակցում իրենց սինեսթետ լինելու և իրենց ընկալման՝ մյուսների ընկալումից տարբեր լինելու փաստը: Կա տեսություն, որ ենթադրում է, որ սինեսթեզիայի առկայությունը ավելի հաճախ հանդիպում է աուտիզմով հիվանդ անձանց մոտ:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս յուրահատուկ զգայափորձը արտահայտվում է ամենատարբեր ձևերով՝ ֆոտիզմի (տեսողական սինեսթեզիա) դեպքում տպավորությունների ակունք են տեսողական, ֆոնիզմի (լսողական սինեսթեզիա) ժամանակ՝ ձայնային (այդ թվում՝ երաժշտական) գրգռիչները։ «Գունեղ երաժշտությունը» (խրոմեստեզիա) առաջանում է գունային տարբերերանգներ ներշնչող մեղեդիների ունկընդրումից։ Սինեսթեզիայի այս տարբերակը սինոպսիայի մասնավոր դեպք է, որի ժամանակ երաժշտական ձայները՝ ըստ խառնվածքային յուրահատկությունների և զգայահուզական կերտվածքի, առաջացնում են երկրաչափական ձևերի, բազմերանգ բնապատկերների գունային արտացոլում։

  • Ֆոտիզմ, գույներ, որոնք առաջանում են ձայների միջոցով կամ ցանկացած այլ սինեսթետիկ վիզուալ զգայություններ: Մարդու ընդունակությունը ասոցացիաներ առաջացնել լսված ձայնի և գույնի միջև: Շատերը սա կոչում են «գունային լսողություն»: Ինչպես հայտնի է ռուս կոմպոզիտորներից Ռիմսկի Կորսակովը օժտված է եղել ցարգացման բարձր աստիճանի հասած «գունային լսողությամբ»: Երաժշտական տարբեր տոնայնություններ նրա մոտ շաղկապվել են գունավոր տարբեր զգայությունների հետ: Այսպես, օրինակ, դո-մաժորը կապված է եղել սպիտակի, ֆա-մաժորը՝ կանաչի, լյա-մաժորը՝ բաց վարդագույնի հետ: Սինեստեզիական պատկերները յուրահատուկ տեղ են զբաղեցրել Ռիմսկի-Կորսակովի երաժշտական-նկարչական մտածողության զարգացման մեջ:
  • Ֆոնիզմ, գույնի, պատկերի վերածումը ձայնի: Ճապոնացի դաշնակահարուհի Հիրոմի Ուեհարան դեռ սովորելու տարիներից օգտագրոծում էր ոչ թե հատուկ երաժշտական տերմիններ, այլ գունային բնութագրիչներ: Օրինակ՝ երբ պետք էր վիշտ ցուցադրել, նա ասում էր « Նվագի՛ր կապույտ»:
  • Թվային գիծ, թվերի գծային հաջորդականությունը որ ավտոմատ կերպով հայտնվում է մարդու ուղեղում, երբ նա մտածում է թվերի մասին: Առաջին անգամ թվային գծերը գրանցվել են Ֆրենսիս Գալտոնի աշխատանքներում:
Թվային գծեր
  • Շոշափման Էմպաթիա, հայելային դիպման սինեսթեզիա ― mirror-touch synesthesia, սա սինեսթեզիայի հազվադեպ տեսկաներից է, որի ժամանակ մարդիկ ուղիղ իմաստով ունենում նույն ապրումները, ինչ զգում է դիմացինը: Օրինակ, երբ սինեսթետը տեսնում է, որ մի մարդ դիպչում է մեկ ուրիշի ուսին, նա իր կամքից անկախ զգում է դիպում սեփական ուսին: Ինչպես վկայում են հետազոտությունները այս մարդիկ օժտված են ավելի բարձր էմպաթիկ ընդունակութուններով: Սա կարող է կապված լինել ուղեղի շարժողական հատվածներում տեղակայված հայելային նեյրոնների հետ[2]:
  • Համի և հոտառության սինեսթեզիա, սինեսթեզիայի առավել հազվադեպ հանդիպող տեսակներից մեկը: Այս տեսակի համար բնորոշ է հոտառական և համի զգայությունների և մտապատկերների առաջացումը՝ երգային կամ առհասարակ, ձայնային տպավորությունների ներգործման ժամանակ:

Հայտնի դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան շատ հայտնի սինեսթետներ, որոնց մեծամասնությունը նկարիչներ, գրողներ և երաժիշտներ են: Դեվիդ Հոկնին երաժշտությունը ընկալում է գույնի, ձևի, տարածության մեջ և օգտագործում է այդ ապրումները, երբ դեկորացիաներ է նկարում օպերաների համար: Ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկին համադրում էր 4 զգայություններ՝ գույն, ձայն, շոշափում և հոտ: Սինեսթետ-կոմպոզիտորներից էին Ռիսկի-Կորսակովը, Դյուք Էլինգթոնը: Հայտնի սինեսթետ-գիտնականներից էր Նիկոլա Տեսլան:

Հայ քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ քնարերգության մեջ սինեսթեզիայի բարձր զարգացվածությամբ փայլում էր Միսաք Մեծարենցը: Ինչպես նաև Պ. Դուրյանի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի ստեղծագործությունները ցույց են տալիս, որ նրանց բանաստեղծական ըմբռնման մեջ սինեսթեզիան որոշակի առանձնահատկություն է կազմում: Տերյանի համար հեքիաթը ոսկի է, լուսեղեն, երազը՝ արծաթի, կապուտաչյա: Մեծարենցի ստեղծագործություններում ֆոտիզմի օրինակ հանդիպում ենք բավականին շատ, օրինակ՝ «... ջութակի սարսուռին գիծը կարմիր...», «...վառ գույներով դրասանգված երգը կյանքին...»: Զգայությունների զարմանահրաշ զուգորդումներով ձայնը վերածվում է տեսանելի, շոշափելի, ինչպես և հոտավետ իրի:

Հայ քնարերգության մեջ Մեծարենցի օգտագործած ինքնուրույն և զգայուն հարուստ բառապաշարը թարմություն և նորություն բերեց այն պատճառով, որ նա ընտրում էր արտահայտման նոր եղանակներ, մինչ դա չօգտագործված պատկերներ և բառեր: Մեծարենցի ստեղծագործություններում ֆոտիզմին բնորոշ պատկերներ են՝ «...ջութակի սարսուռին գիծը կարմիր...»: Այստեղ ջութակի ձայնը Մեծարենցը բնութագրում է կարմիր գույնով:

Ֆոնիզմը Մեծարենցի մոտ արտահայտվում է նրանում, որ լույսը, գույնը և իրը կամ երևույթը օժտված են ձայնական հատկությամբ, այսպես օրինակ.

Aquote1.png Ու ճառագայթներ՝

Որ զիս կկանչեն։

Aquote2.png


Ֆոնիզմը նրա մոտ հասնում է այնպիսի աստիճանի, որ նույնիսկ գաղափարները, մտապատկերները առաջացնում են բազմապիսի ձայներ: Նրա մոտ ֆոնիզմին բնորոշ առանձնահատկություններից են «...Ծափեցին իմ երազները ծնծղա...»:

Մեծարենցի բանաստեղծություններում հանդիպում ենք նաև հոտառության և համի սինեսթեզիա, այսինքն՝ հոտառական և համի զգայությունների առաջացումը՝ ձայնային ներգործման արդյունքում. «Ա՜հավասիկ իմ երգս առվեզերքի անուխին և ռեհանին խունկով է օծուն...»: [3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Simner & Hubbard 2006
  2. Heyes, Cecelia. «Where Do Mirror Neurons Come From?» Neuroscience and Biobehavioral Reviews (2009): 576-77. CognitiveScience. University of Oxford, 7 Nov. 2009. Web. 30 Jan. 2015.
  3. [Թութունջյան Հ. Մ. Սինեսթեզիա]
  • Кравков С․ В․, Взаимодействие органов чувств, М․—Д․, 1948
  • Галеев Б․, Светомузыка։ становление и сущность нового искусства, Казань, 1976
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png